Մատչելիության հղումներ

Աստանայում այս օրերին մի շարք հանդիպումներ կանցկացվեն, այդ թվում՝ Լավրով - Միրզոյան - Բայրամով


Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Դուշանբեում, 12-ը մայիսի, 2022թ.

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այս օրերին մի շարք հանդիպումներ են անցկացվելու: Հոկտեմբերի 14-ին նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի վերջին ճեպազրույցներում ակնհայտորեն դժգոհություն է արտահայտվում, որ Արևմուտքը ակտիվություն է դրսևորում հայ - ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու գործում:

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումն անցկացվելու է ռուսական կողմի նախաձեռնությամբ: Ղազախստանի մայրաքաղաքում ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստ է լինելու, և օգտվելով առիթից՝ ռուսական կողմը նախաձեռնել է այդ եռակողմ հանդիպումը:

Մինչ այդ, հոկտեմբերի 12-13-ը Աստանայում տեղի է ունենալու Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման 6-րդ համաժողովը: Այս համաժողովին 11 երկիր է մասնակցելու, որոնցից երկուսը՝ Թուրքիան և Ադրբեջանը, մասնակցել են նաև Պրահայում վերջերս անցկացված եվրոպական համաժողովին, որտեղից Ռուսաստանը դուրս էր մնացել: Հիմա Ռուսաստանի նախագահն այցելելու է Աստանա՝ մասնակցելու Ասիական համաժողովին:

Փետրվարի 24-ին Ուկրաինա ներխուժելուց հետո Վլադիմիր Պուտինը ընդամենը մի քանի արտասահմանյան այց է կատարել, բոլորն էլ՝ ասիական երկրներ: Հունիսին նա եղել է Տաջիկստանում և Թուրքմենստանում, հուլիսին՝ Իրանում, սեպտեմբերին՝ Ուզբեկստանում, և հիմա՝ Ղազախստանում:

Աստանայում վաղը նախատեսված է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը: Հանդիպման ճշգրտված օրը հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ավելի վաղ պատասխանելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև բանակցություններ սկսելու Թուրքիայի նախաձեռնությանը վերաբերող հարցին, ասել էր, թե Ռեջեփ Էրդողանը այդ հարցը կարող է բարձրացնել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, եթե պաշտոնական Անկարան իրոք դրանում հետաքրքրված է: Ռուսական Առաջին ալիքի հարցազրույցում Լավրովն ասել է, թե թուրքական նախաձեռնությունների մասին դեռ միայն հրապարակային հայտարարություններ են լսել:

Նախօրեին հեռախոսազրույց է կայացել Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարի և Սերգեյ Շոյգուի միջև, Աքարը վերահաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ աջակցելու ռուս - ուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն:

Աստանայում է նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը: Ստանիսլավ Զասը Ղազախստանի պաշտոնյաների հետ քննարկել է նաև կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա հանդիպումը նախապատրաստելու հարցերը, որն անցկացվելու է նոյեմբերին Հայաստանում:

XS
SM
MD
LG