Մատչելիության հղումներ

Լավրով. Քննարկվում է հայ - ադրբեջանական կարգավորման համար ՀԱՊԿ դիտորդների օգտագործումը


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Այժմ քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների համաձայնությունների իրականացման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը նպաստելու համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդների օգտագործման հնարավորությունը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Ըստ Սերգեյ Լավրովի՝ խոսքը «մասնավորապես հայ - ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և ընդհանուր առմամբ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին է, ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը»:

«Կարծում եմ՝ ԱՊՀ-ի կողմից աջակցությունը նույնպես պահանջված կլիներ», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:

Նախարարի հավաստմամբ՝ պաշտոնական Մոսկվան մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությանը:

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունների մեկնարկից հետո պաշտոնական Երևանը դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի Դաշնությանը: Իրավիճակը գնահատելու համար ՀԱՊԿ-ը առաքելություն ուղարկեց Հայաստան, որը պետք է տարածաշրջանում տիրող իրավիճակի և առաջացած լարվածության թուլացման առաջարկների մշակման վերաբերյալ զեկույց պատրաստի՝ կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին ներկայացնելու համար:

XS
SM
MD
LG