Մատչելիության հղումներ

Ջերմուկը աստիճանաբար անցնում է բնականոն կյանքին, սակայն ոմանք վերադառնալու համար սպասում են աշխատատեղերի բացմանը


Ջերմուկցի Արթուր Հակոբյանը իր քաղաքից ընտանիքի հետ հեռացել է ադրբեջանական հարձակման հաջորդ օրը, ինքը գնում-գալիս է, ընտանիքը Ջերմուկ մշտական դեռ չի վերադարձել։

«Վախենալու բան չունենք, գնալու, զուտ աշխատատեղի խնդիրներն է, աշխատատեղը բացվի, գնանք, աշխատենք, ապրենք: Վախենալու համար չենք մենք այստեղ մնում, աշխատելու համար ենք այստեղ մնում», - ասում է նա:

Արթուրն աշխատում է զբոսաշրջության ոլորտում, վերջին մեկ ամսում գործ գրեթե չի եղել. «Գործ շատ չկա, գործն առաջին անգամ երեկ է եղել: Լրիվ կանգնած է եղել գործը»:

«Ոչնչից չենք վախենում, բայց նաև մտքներովս չէր անցնի, որ Ջերմուկը մի օր կարող է հրետակոծվել»,- ասում է Արթուրը։

Սեպտեմբերյան բախումներից հետո ադրբեջանցի զինվորականները դեռ քաղաքի մոտակա բարձունքի վրա են. «Որ ասենք՝ լրիվ անվտանգ է, չէ, չեմ կարծում, որովհետև երևում են իրենք Ջերմուկ քաղաքից, սարի վրա երևում են», - ընդգծում է նա:

Անվտանգության հետ կապված մտավախություններ ունե՞ք, «Ազատությունը» հետաքրքրվեցի ջերմուկցուց, արձագանքեց. «Կասեի, որ այնքան չի մտահոգում, ինչքան որ ապրելու միջոցներն են մտահոգում, որ աշխատանք լինի, գնանք, աշխատենք, որովհետև դա մեր հողն ու ջուրն է, թողնենք, գնանք: Ուղղակի եթե ապրում ենք այնտեղ, պետք է այնպես լինի, որ կարողանանք աշխատել, որ ապրենք»:

Ջերմուկում դռները փակած հանգստյան տներն ու առողջարանները նոր են սկսել բացվել, վերջին մեկ ամսում այդ ոլորտում աշխատող մարդիկ անգործ են եղել, այդ թվում՝ Արթուր Հակոբյանը։ Նրա երկու երեխաները Երևանում ուսանողներ են: Սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո ինքն ու կինը հանձնել են Ջերմուկի վարձով բնակարանն ու դպրոցական փոքրիկի հետ տեղափոխվել Երևան՝ ուսանողների տուն։ Առայժմ այստեղ են ապրում, բայց հենց հնարավոր լինի վերադառնալ աշխատանքի հին ռիթմին, Ջերմուկում նորից տուն կվարձեն ու Վայոց Ձոր կգնան։

«Փոքր երեխա թեկուզ ունենք, իմ կինը պատրաստ է այսօր էլ գնալ», - ընդգծում է նա:

Մինչ այդ Ջերմուկն աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին։ Երեկ վերաբացվել են քաղաքի դպրոցները, որոնք մինչ այդ հեռավար էին աշխատում, բացվել են նաև հանգստյան տներն ու առողջարանները։ Ջերմուկում ապրող Քրիստինե Իվանյանը օրերս է վերադարձել քաղաք, նա նույնպես աշխատում է զբոսաշրջության ոլորտում։

«Ըստ էության, զանգերը և նամակները երբևէ չդադարեցին այս ընթացքում: Իռոնիկ, իհարկե, կարող է թվալ, բայց ռմբակոծությունից ընդամենը 2-3 օր անց արդեն սկսել էին զանգահարել, հարցնել՝ արդյոք աշխատում ենք, ինչպիսին են գները, կարելի է գալ, թե ոչ», - պատմում է նա:

Ջերմուկի քաղաքապետարանում թվեր չունեն, թե բնակիչների որ մասն է արդեն վերադարձել։ Երեկ վերաբացվել են դպրոցները, աշակերտների 50 տոկոսից ավելին արդեն հաճախում է, ասաց փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը. «Ամեն օր ավելանում է երեխաների թիվը, դրական դինամիկա կա, իր ընթացքով ակտիվանում է ամեն ինչ»:

Բնակիչների խոսքով՝ հարձակումից հետո մի պահ լուռ ու մութ ավանի վերածված Ջերմուկում երեկոյան գրեթե բոլոր բնակարանների լույսերն արդեն վառ են, քաղաքը քիչ-քիչ ակտիվանում է։

«Ջերմուկ քաղաքը կյանքի արագ ռիթմով, ակտիվ ռիթմով երբեք աչքի ընկնող վայր չի եղել, բացառությամբ բարձր սեզոնի մի քանի ամիսների, դա կլինի հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսները, Ջերմուկի կյանքի ռիթմը բավականին պասիվ է եղել միշտ, բայց հիմա նրա հաշվին, որ բնակիչների մոտ 60-70 տոկոսը վերադարձել է, մնացածը՝ դեռ ոչ, նույն հանդարտ ռիթմով է գնում առաջ կյանքը», - ասում է տեղացիներից մեկը:

Ջրեմուկում վնասված շենքեր ու ենթակառուցվածքներ արդեն չկան։ Նույննը չէ Սյունիքի ու Գեղարքունիքի ռմբակոծված սահմանամերձ բնակավայրերում։ Չորս գյուղերում դասերը դեռ հեռավար են անցկացվում, ամբողջովին չեն վերականգնվել ենթակառուցվածքները, հայտնեց տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը. «Ունենք դեռ տեղահանվածներ, հատկապես ունենք ավերված ենթակառուցվածքներ, որոնք հիմնովիին նորոգելու կարիք կա, միայն դրանք իրականացնելուց հետո նոր հնարավոր կլինի այնտեղ ապրել»:

Ադրբեջանական հարձակման հետևանքով ամենշատ տուժած համայնքը Սոթքն է, որտեղ 50 տուն քանդվել է ամբողջությամբ, իշխանությունները առայժմ ժամկետներ չեն նշում, թե երբ կվերականգնվեն ավերված տներն ու ենթակառուցվածքները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG