Մատչելիության հղումներ

Տեղահանվածների մեծ մասը վերադարձել է իրենց բնակավայրեր, ամենաշատը տուժել է Սոթքը. նախարար


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը վստահեցնում է՝ սեպտեմբերյան մարտական գործողությունների արդյունքում տեղահանված բնակչության մեծ մասը արդեն վերադարձել է իրենց բնակավայրեր:

«Մեր այն բնակավայրերից, որտեղից քաղաքացիները դուրս են եկել, հիմնականում արդեն վերադարձել են, ու բնակավայրերը մեծամասամբ բնականոն կյանքով են ապրում, բայց դա չի նշանակում, որ դեռ տեղահանվածներ չունենք», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց նախարարը:

Ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Ամենաշատը տուժել է Սոթքը

Նախարարն ասաց, որ կառավարությունը հրետակոծությունից տուժած երեք մարզերից յուրաքանչյուրին 50 միլիոն դրամ է հատկացրել: «Նախնական գումար, եթե հետագայում կպարզվի, որ ավելի մեծ չափի գումար տրամադրելու կարիք կա, կառավարությունը պատրաստակամություն է հայտնել», - նշեց նա՝ հավելելով, որ այս միջոցները կծախսվեն հրատապ կարիքների համար, ավելի մեծ խնդիրները, որոնք երկարաժամկետ լուծում են պահանջում, դեռ գույքագրվում են:

Նախարարի ներկայացմամբ՝ ամենաշատը տուժել է Սոթքը, այնտեղ148 տուն է վնասվել, մոտ 50-ը ամբողջովին են վնասվել, հիմնանորոգելու կամ նոր կառուցելու անհրաժեշտություն կա:

«Մեր այն բնակավայրերից, որտեղից քաղաքացիները դուրս են եկել, հիմնականում արդեն վերադարձել են, ու բնակավայրերը մեծամասամբ բնականոն կյանքով են ապրում, բայց դա չի նշանակում, որ դեռ տեղահանվածներ չունենք, ունենք, հատկապես ունենք ավերված ենթակառուցվածքներ, որոնք հիմնովիին նորոգելու կարիք կա, միայն դրանք իրականացնելուց հետո նոր հնարավոր կլինի այնտեղ ապրել: Ամենաշատը քանի որ Սոթքի տներն են ավերվել, այնտեղ ամենաքիչ վերադարձածներն են այդ առումով», - ասաց Գնել Սանոսյանը:

Բնակավայրերի մեծ մասում արդեն հիմնականում վերականգնվել է նաև դասապրոցեսը, տեղեկացրեց նախարարը՝ հավելելով, որ Գեղարքունիքի մարզի 4 բնակավայրում և Սյունիքի Ներքին Հանդում է դեռևս հեռավար ուսուցումը շարունակվում:

Աշտարակ-Թալին ճանապարհի վերանորոգման համար՝ 18 ամիս

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր՝ ե՞րբ են Աշտարակ-Թալին վթարավտանգ հատվածները նորոգվելու:

«Դա Հյուսիս-Հարավ ճանապարհի մի հատվածն է, դրա 8 կիլոմետրանոց հատվածի գրեթե ամբողջ մրցութային գործընթացը ավարտել ենք, հաղթող կազմակերպությունը հայտնի է, տարեվերջին սպասում ենք, որ շինարարական ընկերությունը իր տեխնիկան, սարքավորումները կտեղափոխի այնտեղ, որպեսզի սկսի աշխատանքները:

34 կիլոմետրանոցի դեպքում մրցութային գործընթացքում ենք գտնվում, մյուս գարնանից կսկսվի այնտեղի շինարարությունը: Երկուսի դեպքում էլ 18 ամիս է նախատեսված շինարարության ավարտի համար», - պատասխանեց նախարարը:

«Կոռնիձորին մոտեցող հատվածում մենք աջակողմյան հատվածում գազի խողովակն ենք տեղափոխում»

«Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհն անցնելու է Կոռնիձորով, անցնելու է հենց որոշ տների մոտակայքով, անվտանգային խնդիրներ են առաջանալու, այգիներ են կտրվելու», այս հարցադրման Գնել Սանոսյանն արձագանքեց, որ նախագծող ընկերությանը փորձել են պատվիրել այնպիսի նախագիծ, որ զերծ մնան այդպիսի խնդիրներից, և ճանապարհի մեծ մասն անցնելու է հիմնականում այնպիսի հատվածներով, որտեղ պետական ֆոնդի հողեր են:

«Կոռնիձորին մոտեցող հատվածում մենք աջակողմյան հատվածում գազի խողովակն ենք տեղափոխում, որ այգիները չկտրենք, և մեկ այգի կա, որի պատճառով ճանապարհը թեքել ենք, փորձել ենք այնպես անել, որ համայնքները միայն շահեն այս անցնող ճանապարհից, ոչ թե տուժեն», - նկատեց նախարարը՝ հավելելով, որ Կոռնիձորի դեպքում էլ համայնքի հարակից հատվածով է անցնում:

Դեսպանների այցի մասին

Գնել Սանոսյանն անդրադարձավ նաև խմելու ջրի հնարավոր բարձրացմանը՝ ասելով, որ վերջնական որոշում չկա, բայց աշխատանքներ են տարվում, որ գնի բարձրացում չլինի:

Ինչ վերաբերում է ադրբեջանական հարձակումից տուժած բնակավայրեր դեսպանների այցին, նախարարն ընդգծեց, որ օտարերկրյա դիվանագետներից բավական մեծ արձագանք են ստացել, և կարծում է՝ շատ տեղին էր այդ այցը:

«Այն, ինչ օրեր շարունակ խոսվել է, մեր երկրում հավատարմագրված դեսպաններն իրենց աչքով տեսան, տեսան, որ ակնհայտ հակառակորդը մեր քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորել է, և դա է պատճառը, որ տարբեր ենթակառուցվածքներ շարքից դուրս են եկել», - ասաց նա:

Իշխող ուժի ներկայացուցիչը շեշտեց՝ դեսպանները կարող են իրենց կառավարություններին ներկայացնել այն, ինչ իրենք տեսան:

Նոյեմբերին մարզպետարաններում կանոնադրական ու կառուցվածքային փոփոխություններ են նախատեսված

Հարցին, թե արդյոք դեռ ուժի մեջ է մարզպետարանները փակելու ու դրանց փոխարեն գրասենյակ ստեղծելու ծրագիրը՝ համայնքների համագործակցությունը խթանելու և կառավարության հետ կապը պահելու համար, և ինչո՞ւ ՏԻՄ-երին անկախ չեն թողնում, Սանոսյանն արձագանքեց, որ ուրախ կլինեին, որ ՏԻՄ-երը կարողանային անկախ աշխատել: Հավելեց՝ համայնքների միավորման, խոշորացման գործընթաց կա, իրենք պատրաստ են բազմաթիվ իրավասություններ ՏԻՄ-ն տալու, բայց համակարգը կայացման փուլում է դեռևս:

«Մարզպետարանների դերը շարունակում է բարձր մնալ, միգուցե ժամանակ կգա, որ կորոշենք ոչ թե մարզպետարանները փակել, այլ որոշակի վերանայումներ իրականացնել», - նշեց նա՝ հավելելով, որ նոյեմբերին մարզպետարաններում կանոնադրական ու կառուցվածքային փոփոխություններ են նախատեսել, ավելի մեծ փոփոխություն այս պահին նախատեսված չէ:

XS
SM
MD
LG