Մատչելիության հղումներ

Միրզոյանի և Բայրամովի հաջորդ հանդիպումը՝ հոկտեմբերի 2-ին Ժնևում


Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպում Նյու Յորքում, 20-ը սեպտեմբերի, 2022թ․

Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ շեշտելով՝ չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։

Հայաստանի արտգործնախարարությունն ուստի անհիմն է համարում Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։

«Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից», - Ֆեյսբուքում գրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ հանդիպել են սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։ Սա Միրզոյանի և Բայրամովի առաջին հանդիպումն էր սեպտեմբերի սկզբին հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից հետո, որոնք ամենաարյունալին էին 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր։

Միրզոյանի ու Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումը Թբիլիսիում էր՝ հուլիսի 16-ին։ Արտգործնախարարները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում:

Միրզոյան- Բայրամով հանդիպում Թբիլիսիում, 16-ը հուլիսի, 2022թ․
Միրզոյան- Բայրամով հանդիպում Թբիլիսիում, 16-ը հուլիսի, 2022թ․

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, առնվազն 20 ռազմագերի, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն:

Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին։ Սեպտեմբերի 21-ին՝ երեկոյան, սակայն, Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնեց, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը 3 զոհ ունի:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն էլ իր հերթին հաղորդել է, թե հայկական կողմն է խախտել հրադադարը: Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ վիրավորի մասին:

Նույն օրը երեկոյան ժամը 22-ից իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայունացել է:

XS
SM
MD
LG