Մատչելիության հղումներ

Թբիլիսին կրկին իր միջնորդությունն է առաջարկում Երևանին և Բաքվին


Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլի, արխիվ
Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլի, արխիվ

Վրաստանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու համար և առաջարկում է Թբիլիսին որպես բանակցությունների հարթակ։ Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։

ԱԳՆ ղեկավարը Նյու Յորքում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում։

«Վրաստանը միշտ պատրաստ է եղել առաջարկել մեր հարավային հարևաններին երկիրը որպես մի տեղ, որտեղ նրանք կարող են երկխոսություն սկսել խաղաղության ամրապնդման ուղղությամբ։ Այս առումով մեր երկրի առաջարկը կրկին ուժի մեջ է։ Եթե անհրաժեշտություն առաջանա, որ մեր երկիրը ներգրավվի գործընթացում որպես միջնորդ, մենք միշտ պատրաստ ենք»,- ասել է Դարչիաշվիլին։

Նա հավելել է, որ Վրաստանն այս առումով նախապայմաններ չունի։ Թբիլիսիի գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։

Նախարարը հիշեցրել է, որ Ղարիբաշվիլիի ջանքերով 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 գերիների, իսկ Երևանը Բաքու է ուղարկել ականապատ դաշտերի քարտեզներ։

Նրա խոսքով՝ Վրաստանի միջնորդության մեկ այլ օրինակ էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի ունեցավ հուլիսի 16-ին Թբիլիսիում։

XS
SM
MD
LG