Մատչելիության հղումներ

Միջազգային ճգնաժամային խումբը հայ - ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման 4 պատճառ է նշում


Հայաստանի տարածքին հարվածած հրթիռ, սեպտեմբեր, 2022թ.

Որո՞նք էին հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին մարտական գործողությունների հիմնական դրդապատճառները։ Օրերս հրապարակված զեկույցում այս հարցին են փորձում պատասխանել արևմտյան ամենահեղինակավոր և լավ տեղեկացված հետազոտական կառույցներից մեկի՝ Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) փորձագետները՝ իրավիճակի սրման չորս հիմնական պատճառ մատնանշելով։ Առաջինը, ըստ փորձագետների, ուկրաինական պատերազմն է։

«Չի բացառվում, որ Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում վարվող պատերազմից, որը շեղել է ոչ միայն Մոսկվայի, այլև մինչև վերջերս բանակցություններում գլխավոր միջնորդ հանդիսացած ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագհների՝ Վաշինգտոնի և Փարիզի ուշադրությունը։ Սա մի տեսություն է, որի հետ Երևանում շատերն են համաձայն՝ պնդելով, որ քանի դեռ համանախագահների ուշադրությունն այլ տեղում է, Բաքուն, պահը չկորցնելով, փորձում է ռազմավարական քարտեզը փոփոխության ենթարկել հօգուտ իրեն և ավելի շահեկան դիրք զբաղեցնել ղարաբաղյան հակամարտության լուծման համար», - նշում են Միջազգային ճգնաժամային խմբի մասնագետները։

Երկրորդ պատճառը, ըստ զեկույցի հեղինակների, Ադրբեջանի նախագահի և նրա թուրք պաշտոնակցի հարաբերությունների տիրույթում է։

«Ադրբեջանը գուցե շտապում է։ Ադրբեջանցի իշխանամետ վերլուծաբաններից մեկը ենթադրում է, որ Իլհամ Ալիևը ցանկանում է խաղաղության պայմանագիրը կնքել առաջիկա երկու-երեք ամիսներին։ Դրա պատճառներից մեկը կարող են լինել 2023 թվականի հունիսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները։ Ալիևը մտավախություն ունի, որ այդ ընտրությունների հետևանքով Ադրբեջանի հավատարիմ աջակիցը հանդիսացող նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի դիրքերը կարող են թուլանալ, ինչն, իր հերթին, կարող է թուլացնել նաև բանակցությունների ընթացքում Ադրբեջանին ցուցաբերվող Անկարայի աջակցությունը», - նշում են զեկույցի հեղինակները՝ մեջբերելով իրենց իշխանամետ ադրբեջանցի զրուցակցի հետևյալ խոսքերը. - «Ցանկացած կառավարություն Թուրքիայում պաշտպանելու է Ադրբեջանին, սակայն ամեն մի կառավարություն չէ, որ կպաշտպանի Ադրբեջանի շահերն ընդդեմ Ռուսաստանի, ինչպես դա անում է Էրդողանը, միաժամանակ անկախ լինելով Արևմուտքից»։

Երրորդ պատճառի մասին, ըստ փորձագետների, առավել հաճախ խոսում են Հայաստանի մայրաքաղաքում։ «Երևանում ոմանք իրադրության վերջին լարումը կապում են Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք ստանալու ցանկության հետ, միջանցք, որ պետք է հսկեն ռուսաստանցի սահմանապահները», - նշում են Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբանները, հիշեցնելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կոչ էր արվում բացել հաղորդակցության բոլոր ուղիները, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող ճանապարհը։

«Բանակցությունների ընթացքին քաջածանոթ արևմտյան դիվանագետները պնդում են, որ իրենց թվում էր, թե ելնելով փոխադարձ տնտեսական շահագրգռությունից՝ այս հարցն ամենահեշտ լուծելին է։ Դիվանագետներն անգամ պնդում են, որ կողմերը 2022-ի գարնանը մոտ էին համաձայնության կայացմանը։ «Դիվանագիտական ճեղքման փորձերը, սակայն, հօդս ցնդեցին օգոստոսի 31-ին կայացած գագաթնաժողովի ընթացքում», - նշում են Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբանները։

Վերջին խնդիրը, որ կարող էր նպաստել հերթական ճգնաժամի ծագմանը, այսպես կոչված անկլավների հարցն է. - «Ադրբեջանը ցանկանում է հետ ստանալ այն 8 գյուղերը, որոնք հայկական վերահսկողության տակ են, սակայն գտնվում են Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում, որոնք, իրենց հերթին, համընկնում են խորհրդային շրջանի վարչական սահմանների հետ»։

«Ադրբեջանը Հայաստանի տարածքում գրավված նոր շրջանները կփորձի օգտագործել որպես խաղաքարտ՝ անկլավները հետ բերելու նպատակով», - զեկույցի հեղինակների հետ զրույցում նշել է տեղացի փորձագետներից մեկը՝ ընդգծելով, որ այս հարցը Ադրբեջանի համար առաջնային նշանակություն ստացավ 2020 թվականին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG