Մատչելիության հղումներ

«Ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից»․ Գրիգորյանը՝ Զասին


Լուսանկարը՝ ՀԱՊԿ պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ ՀԱՊԿ պաշտոնական կայքէջի

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ ԱԽ գրասենյակի՝ զրուցակիցները քննարկել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից և Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը:

Քննարկվել են ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները:

Այսօր ավելի վաղ ՀԱՊԿ պաշտոնական կայքէջից տեղեկացել էինք, որ Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները։

Սեպտեմբերի 13-ից սահմանին ինտենսիվ ռազմական գործողություններ սկսվելուց հետո պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ռուսաստանի Դաշնությանը։ ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, Երևանի աջակցության դիմումին ի պատասխան մոնիթորինգային խումբ ուղակեց Հայաստան։

Խումբը շաբաթ օրը դիտարկում է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում, սահմանին լարվածության թուլացման առաջարկներ է մշակել։

Ավելի վաղ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրը պետք է քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծվի՝ շեշտելով՝ «ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր և, ես կարծում եմ, ոչ էլ մոտ ապագայում՝ խոսք չկա»։

ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից ռազմական օգնության փաստացի մերժումից մի քանի օր անց Հայաստանի իշխանությունները բարձր մակարդակով սկսեցին բարձրաձայնել կառույցից դգժոհությունների մասին և ուղիղ մեղադրել Ռուսաստանի գլխավորած դաշինքին անգործության համար։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունն երեկ ժամանել է Հայաստան։ Նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրման և մոնիթորինգի աշխատանքներ, ինչպես նաև հանդիպումներ Հայաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։

Երեկ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG