Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կրակել է Կարմիր շուկայի և Թաղավարդի ուղղությամբ, տուժել են բնակելի տներ. Արցախի ՄԻՊ


Վաղ առավոտյան ադրբեջանական կողմն առավոտյան կրակել է Արցախի երկու բնակավայրերի՝ Կարմիր Շուկայի ու Թաղավարդի ուղղությամբ, վնասվել են բնակելի տներ, հայտնեց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։ Պաշտպանության բանակն այս մասին չի խոսել:

Կարմիր Շուկայի բնակիչներն արթնացել են կրակոցների ձայներից, իսկ Նարինե Սարգսյանն ու իր ընտանիքի մյուս անդամները սեփական տան պաշտգամբի դուռն են խոցված հայտնաբերել։

«Փամփուշտը դռան մոտ էր, մտել ա տուն, պատին ա կպել ու ընկել սեղանի մոտ», - ներկայացրեց Սարգսյանը:

Գյուղացիներն Արցախի հանրայինի հետ զրույցում կարծիք են հայտնում, որ ադրբեջանական դիրքերից իրենց տները հատուկ թիրախավորել են։

Հարևան Թաղավարդում ադրբեջանական կրակոցներից տուժած տնից ոչ հեռու հայտնաբերվել է խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ, ասում է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը, գնդակը լուսանկարել են։

Գեղամ Ստեփանյան
Գեղամ Ստեփանյան

«Փառք Աստծո, մարդկային տուժածներ չունենք: Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը մի քանի գործիքներ ունի և այդ գործիքներից մեկը նաև հենց սա է: Պարբերաբար խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերից ուղղորդված կամ օդ կրակոցները, որոնք հենց նպատակ են հետապնդում ահաբեկելու և խաթարելու քաղաքացիական բնակչության կյանքը», - ասաց Գեղամ Ստեփանյանը:

Բաքուն շտապել է «սուտ» որակել Կարմիր Շուկան թիրախավորելու մասին պնդումները, փոխարեն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արդեն 11-րդ օրն է՝ պնդում է, որ Հայաստանի զինված ուժերն է կրակում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչը ՀՀ ՊՆ-ը ամեն օր հերքում է։ Այսօր Արցախի պաշտպանության բանակն իր հերթին հերքեց, թե կրակել են Արցախի հյուսիս-արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքեր ուղղությամբ։

Արցախի օմբուդսմենը հիշեցնում է օգոստոսի սկզբին էլ սահմաններին լարվածությունից առաջ ադրբեջանական կողմը հայերին մեղադրում էր հրադադարը խախտելու համար, նույն ձեռագիրն է, ասում է. - «Ցանկացած էսկալացիայից առաջ գրեթե մշտապես նույն գործողությունները ձեռնարկվում են, նկատի ունեմ նման դեպքեր՝ քաղաքացիական բնակավայրերի մերձակայքերում կրակոցներ, տեղեկատվական դաշտում հայկական կողմի հասցեին հնչող մեղադրանքներ, թե իբր հայկական կողմն է դիմում խախտումների»:

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան

Մինչ պաշտպանը խուսափում է կանխատեսումներից, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը վստահ է՝ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանք։ Ըստ Մարուքյանի, հենց այդ նպատակով արդեն ավելի քան 10 օր այդ երկրի պաշտպանության նախարարությունը կեղծ հայտարարություններ է անում, թե հայկական ուժերը կրակել են շփման գծի տարբեր ուղղություններով։

«Ադրբեջանը կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը: Միջազգային հանրության բոլոր դերակատարները, ովքեր հետաքրքրված են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, պետք է շատ ուշադիր հետևեն և հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել», - նշել է հատուկ հանձնարարություններով դեսպանը։

Ըստ Մարուքյանի, որ միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել նախապատրաստվող նոր սադրանքը: Թե մասնավորապես ի՞նչ քայլերով, Մարուքյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ։

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ևս սահմաններին սադրանքները չի բացառում, ըստ նրա՝ սահմանային լարվածությունը միշտ հաջորդում կամ նախորդում է բանակցություններին, որոնք ըստ նրա, այնուամենայնիվ, շարունակվում են և փակուղում չեն։

«Բոլոր հնարավոր տեղերով փորձելու են ճնշումներ գործադրել, մենք էլ բոլոր հնարավոր տեղերում այդ ճնշումները կանխել ենք, կանխելու ենք և հայկական շահը, Հայաստանի պետության և Արցախի շահերն առաջ ենք տանելու: Մեր ընկալումը և վերաբերմունքը՝ մշտապես ուշի-ուշով հետևել ու ամեն րոպե պատրաստ լինել որևիցե զարգացման, թող որևիցե մեկի մոտ տպավորություն չլինի, որ մենք մտածում ենք, որ բոլոր հարցերը լուծված են», - ասաց ԱԺ նախագահը:

Մինչ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ամեն պահի սպասում են սադրանքի, Ադրբեջանը իր հերթին մասնակցում է «Անսահման եղբայրություն-1» Թուրքիայում անցկացվող զորավարժություններին։ Բացի այդ 2 օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ենթականերին հրամայել էր «մշտապես պատրաստ լինել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»։

Թվիթերյան հայկական օգտատերերն էլ ակտիվություն են նկատել Ադրբեջանի օդում՝ երեկ օդանավերի տեղաշարժը արձանագրող Flight radar կայքի միջոցով գտել են թուրքական և բելառուսական ռազմական ինքնաթիռներ, որոնք վայրէջք են կատարել Ադրբեջանում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG