Մատչելիության հղումներ

Փաշինյան-Ալիև բանակցություններից մեկ շաբաթ անց Հայաստանի ՊՆ-ն հաղորդում է զոհի մասին 


Նախորդ օրերին բազմիցս հերքելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունները, թե հայկական կողմը գնդակոծել է Քելբաջարի ու Լաչինի ադրբեջանական դիրքերը, Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրեց, որ հակառակորդի կրակոցից զոհվել է կրտսեր սերժանտ Արման Սարգսյանը։

Նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում՝ հայկական կողմը, սակայն, չի հստակեցրել տեղանքը։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ 20-ամյա զինվորը զոհվել է երեկոյան տասի շրջանում ադրբեջանական կողմից գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից։

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից մոտ մեկ ժամ անց Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքեց, որ հայ զինծառայողը սպանվել է ադրբեջանական կողմի կրակոցից։ Առավոտյան ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն` «հայկական զինված ուժերն են գնդակոծել Քելբաջարի շրջանի Զիվել գյուղի մոտ» տեղակայված իրենց դիրքերը։

Վերին Շորժայի և Կութի ուղղությամբ իրավիճակն, ընդհանուր առմամբ, հանգիստ է. գյուղապետեր

Զիվելը գտնվում է հայաստանյան Վերին Շորժա բնակավայրի մոտ։ Վարդենիսին հարակից Վերին Շորժա և Կութ գյուղերի համայնքապետերն այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենց՝ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայուն է, թեև նախորդ օրերին, ինչպես հաճախ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմից հետո, գյուղերում կրակոցներ են լսել։

Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը հավելեց, թե գյուղաշխատանքներն անգամ չեն դադարեցրել. «Հանգիստ է, նորմալ: Ամսի (սեպտեմբերի) մեկի օրը ինչ-որ կրակոցների ձայն է լսվել: {Հիմա} հանգիստ է, կոմբայնը դաշտում հունձ է անում, ցորեն են քաղում, նոր տղերքի հետ խոսեցի, հանգիստ, կոմբայնն էլ դաշտում քաղ է անում, բայց այդ օրը կրակոցները շատ են լսվել»:

Վերին Շորժային հարևան Կութի գյուղապետ Գրիգորի Ավագյանի խոսքով` իրենց մոտ բնականոն կյանքը շարունակվում է. «Նորմալ է մեզ մոտ վիճակը, մարդիկ բնականոն կյանքով, ոչ մի խոչընդոտ չկա առայժմ: Թե հետո ոնց կլինի, չգիտենք: Կրակոցներ կան, ոնց էլ չլինի, կրակոցներ լինում են: {Վերջին օրերին} նույնն է, տարբերությունն այդքան շատ չեմ նկատում»:

Օգոստոսին Արցախում մարտերի վերսկսումից առաջ Բաքուն մեղադրում էր հայկական կողմին

Ուրբաթ օրվանից, երբեմն օրական երկու անգամ հերքելով հրադադարի խախտման մասին Բաքվի պնդումները՝ Երևանն այսօր ընդգծեց, որ Ադրբեջանի այս գործելաոճը չի նպաստում սահմանային իրավիճակի իրական կայունացմանը։ Ընդ որում, հրադադարի խախտման Բաքվի պարբերական մեղադրանքները հաջորդում են անցած շաբաթ Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների բանակցություններին։

Այս հանդիպումից օրեր անց արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը:

Այս օգոստոսի սկզբին՝ Արցախում մարտական գործողությունների վերսկսումից առաջ, որոնց հետևանքով հայկական կողմը երկու զոհ և շուրջ երկու տասնյակ վիրավորներ տվեց, Ադրբեջանը դարձյալ հաղորդում էր հայկական կողմից հրադադարի խախտումների մասին։ Ստեփանակերտն ու Երևանը հերքում էին այդ հաղորդագրությունները։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վերջին տվյալների համաձայն` այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ու Արցախի զինված ուժերում 30 զինծառայող է մահացել, նրանցից 9-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։

XS
SM
MD
LG