Մատչելիության հղումներ

Ստեփանակերտից հայտնում են՝ Ադրբեջանը շուրջ 30 րոպե կրակել է Կարմիր Շուկայի և Թաղավարդի ուղղությամբ, Բաքուն հերքում է


Լուսանկարը Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այսօր առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ, կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ճշտված տեղեկություններով՝ տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում, փոխանցում է Ստեփանյանը՝ նշելով՝ տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել տան սենյակ։ Տան բոլոր 4 անդամներն, այդ թվում՝ մեկ անչափահաս, գտնվում էին տանը և արթնացել են կրակահերթերից։

Մյուս դեպքում, ինչպես Պաշտպանն է փոխանցում, գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը։

Իսկ Թաղավարդ համայնքում տուժել է մեկ տուն, հարևանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։

Քաղաքացիական բնակչության շրջանում վնասների վերաբերյալ փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են, գրել է Ստեփանյանը՝ Ադրբեջանի գործողությունները համարելով Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական ապացույց։

Պաշտոնական Բաքուն «սուտ» է որակում Կարմիր շուկայի քաղաքացիական ենթակառուցվածքները ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորելու մասին պնդումները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը «իրականությանը չի համապատասխանում»։

Այսօր ավելի վաղ Բաքուն մեղադրել էր հայկական կողմին իր դիրքերը գնդակոծելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու Արցախի պաշտպանության բանակը հերքել էին կրակոցների մասին Բաքվի պնդումները՝ դրանք որակելով ապատեղակատվություն։

XS
SM
MD
LG