Մատչելիության հղումներ

Զելենսկին կոչ է արել Ղրիմի և երկրի հարավի այլ շրջանների բնակչությանը հեռու մնալ ռուսական ռազմական օբյեկտներից


Երեկ Ուկրաինայի նախագահը կոչ է արել Ղրիմի և օկուպացված այլ շրջանների բնակչությանը հեռու մնալ ռուսական ռազմական օբյեկտներից:

«Ամեն օր և ամեն գիշեր մենք լսում ենք օկուպանտների կողմից ժամանակավորապես գրավված տարածքում պայթյունների նոր հաղորդագրությունների։ Ես հիմա խնդրում եմ մեր ողջ ժողովրդին Ղրիմում, երկրի հարավի այլ շրջաններում, Դոնբասի օկուպացված շրջաններում, Խարկովի շրջանում լինել շատ զգույշ։ Խնդրում եմ չմոտենալ ռուսական բանակի ռազմական օբյեկտներին և բոլոր այն վայրերին, որտեղ նրանք զինամթերք ու տեխնիկա են պահում», - ասել է Վլադիմիր Զելենսկին:

Զելենսկին պաշտոնապես չի հաստատում, որ ուկրաինական ուժերն են պատասխանատու Ղրիմում և ռուսների կողմից օկուպացված այլ շրջաններում վերջին օրերին տեղի ունեցած պայթյունների համար, սակայն ակնարկում է, որ նման պայթյունները նորից են լինելու և արդարացնում է դրանք:

«Օկուպացված տարածքում պայթյունների պատճառները կարող են տարբեր լինել, շատ տարբեր։ Բայց դրանք բոլորն էլ նույն նշանակությունն ունեն. օկուպանտների նյութատեխնիկական միջոցների, նրանց զինամթերքի, ռազմական և այլ տեխնիկայի, հրամանատարական կետերի ոչնչացումը փրկում է մեր ժողովրդի կյանքը», - ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը:

Ավելին, պաշտոնականը Կիևը հրապարակավ ասում է, թե հաջորդ թիրախը կարող է լինել Ղրիմի կամուրջը։ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, մասնավորապես, The Guardian-ին ասել է, որ ուկրաինական իշխանությունները թերակղզին Ռուսաստանին միացնող Ղրիմի կամուրջը համարում են օրինական ռազմական թիրախ. - «Սա ապօրինի շինարարություն է և Ղրիմում ռուսական բանակի մատակարարման հիմնական դարպասը։ Նման օբյեկտները պետք է ոչնչացվեն»։

Ուկրաինայի իշխանությունները նախկինում ևս խոսել են Ղրիմի կամրջի վրա գրոհելու ծրագրերի մասին։ Հուլիսին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել էր, որ «հենց հայտնվի առաջին տեխնիկական հնարավորությունը», Ղրիմի կամուրջը հարձակման կենթարկվի։

Ռուսական ուժերը շարունակում են հրթիռակոծել ուկրաինական բնակավայրերը

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները նշում են, որ Ղրիմի օդանավակայանում և ենթակայանում պայթյունները լրջագույն վնաս են հասցրել ռուսական զորքերի մատակարարման համակարգին։

Չնայած նորահայտ դժվարություններին՝ ռուսական ուժերը շարունակում են հրթիռակոծել ուկրաինական բնակավայրերը, մասնավորապես, այս գիշեր հրթիռակոծվել են Օդեսան, Նիկոլաևը և Չերնիգովը։ Կան տուժած խաղաղ բնակիչներ։

Մյուս կողմից ուկրաինական կողմը հայտնում է, որ օկուպացված Լիսիչանսկում 100 ռուս զինվոր է զոհվել՝ շտաբին հասցված հարվածի հետևանքով։ Այսօր Ուկրաինայի Լուգանսկի շրջանի ղեկավար Սերգեյ Գայդայը հրապարակել է երեկվա հարվածի հետևանքների տեսանյութը։

Նախատեսված են եռակողմ բանակցություններ՝ Զելենսկու, Էրդողանի և Գուտերեշի մասնակցությամբ

Չդադարող մարտերի և հրթիռակոծությունների ֆոնին վաղը Լվովում նախատեսված են եռակողմ բանակցություններ Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ ՝ Ստեֆան Դյուժարիկը որոշ մանրամասնել է հայտնել Գուտերեշի այցից և Լվովում կայանալիք բանակցություններից։ Ըստ այդմ, Զելենսկին, Էրրողանը և Գուտերեշը կքննարկեն Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ռազմական հակամարտության քաղաքական կարգավորման հնարավորությունը։

Ռուս-ուկրաինական վերջին բանակցությունները թուրքիայի միջնորդությամբ կայացել էին մարտին, վերջին ամիսներին՝ բանակցություններ չեն եղել, գոնե հրապարակավ: Մոսկվան պարբերաբար հայտարարում է, թե պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ, սակայն իր պայմաններով, պաշտոնական Կիևն էլ հատկապես վերջին ամիսներին, արևմտյան ծանր սպառազինություն ստանալուց հետո, պնդում է, որ ռուսների հետ բանակցություններն ավելի արդյունավետ կլինեն, եթե Մոսկվան պարտվի ռազմի դաշտում:

Օգոստոսի 5-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը Սոչիում չորս ժամ շարունակ փակ դռների ետևում բանակցել էր Ռուսաստանի նախագահ հետ, ըստ պաշտոնական աղբյուրների, քննարկման օրակարգում էր եղել նաև Ուկրաինայի հարցը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG