Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը հերթական անգամ քննադատել է Արևմուտքին


Ռուսաստանի նախագահն այսօր հերթական անգամ քննադատել է Արևմուտքին Ուկրաինայի դեմ պատերազմը երկարաձգելու մեջ: Ելույթ ունենալով Մոսկվայի անվտանգության միջազգային համաժողովում` Վլադիմիր Պուտինը շրջանցել է փաստը, որ կես տարի առաջ հենց իր բանակն է հարձակվել հարևան երկրի վրա: Փոխարենը պնդել է, թե Միացյալ Նահանգներն է ձգձգում այս հակամարտությունը:

«Նրանց հակամարտություններ են պետք՝ իրենց գերիշխանությունը պահպանելու համար։ Ուկրաինայի ժողովուրդը նրանց համար թնդանոթի միս է՝ իրենց «հակառուսական» նախագիծն իրականացնելու համար։ Դրա համար նրանք աչքերը փակեցին նեոնացիստական գաղափարախոսության տարածման, Դոնբասի բնակիչների ջարդերի վրա, մատակարարեցին և շարունակում են մատակարարել Կիևի ռեժիմի սպառազինություն, այդ թվում` ծանր», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Իր կողմից սկսված ագրեսիան դադարեցնելու որևէ ակնարկ Պուտինն այսօր չի արել: Պատերազմի դադարեցման որևէ նշան չկա նաև մարտի դաշտում. այս գիշեր ևս ռուսական կողմը ռմբակոծել է ուկրաինական բնակավայրերը, այդ թվում` Խարկով քաղաքը։

Պայթյուններ են որոտացել Ղրիմում, իրավիճակը բարդ է նաև Զապորոժիեի ատոմակայանում

Մյուս կողմից, պայթյուններ են որոտացել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում: Արդեն երկրորդ անգամ թիրախում են եղել ռուսական ռազմապահեստները: Եվ եթե օրեր առաջ Մոսկվան հայտարարել էր, թե կատարվածը զուտ անզգուշության հետևանք է, ապա այսօր արդեն պաշտոնապես Կիևին է մեղադրել` սաբոտաժի մեջ: Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդմամբ, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծեր, էլեկտրակայաններ, երկաթուղային գծեր, բնակելի շենքեր։

Պաշտոնապես չի նշվում` ինչպես են ուկրաինացիները թափանցել Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք. ռուսական պետական լրատվամիջոցները, սակայն, ենթադրում են, թե հարվածը հասցվել է անօդաչուների օգնությամբ:

Բարդ է մնում իրավիճակը նաև եվրոպայի ամենամեծ Զապորոժիեի ատոմակայանում: Ուկրաինան և ևս 42 պետություն Ռուսաստանից պահանջում են դուրս հանել զորքերը ատոմակայանի տարածքից, ՄԱԿ-ն առաջարկել է ապառազմականացված գոտի ստեղծել կայանի շուրջ: Ռուսական կողմը, սակայն, պնդում է, թե ռուս զինվորականները այնտեղ են ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար: Մոսկվան նաև առաջարկում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի մասնագետներին այցելել, միաժամանակ ընդգծում, որ տեսուչները իրենց իսկ անվտանգության համար պետք է Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքով գնան ատոմակայան։

Մինչ այդ միջուկային կայանը երեկ կրկին հրթիռակոծվել է, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրում: Ռուսականի պաշտպանության նախարարությունը, մասնավորապես, հայտնում է, որ երկուշաբթի ուկրաինացի զինվորականները մոտ 25 ծանր հրետանային հարված են հասցրել Էներգոդարի և ԱԷԿ-ի ուղղությամբ։

«Մարգանեց բնակավայրից ռմբակոծվել է Զապորոժիեի ատոմակայանը, ինչի արդյունքում վնասվել է ատոմակայանը սնուցող էլեկտրական ցանցը», - հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

Մոսկվան պնդում է՝ ռուսական կողմը չի պատրաստվում միջուկային կամ քիմիական զենք կիրառել Ուկրաինայում

Պաշտոնական Մոսկվան նաև հայտարարում է, թե հակառակ տարածվող պնդումներին` ռուսական կողմը չի պատրաստվում միջուկային կամ քիմիական զենք կիրառել Ուկրաինայում։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր կատարյալ սուտ է որակել այս մասին հաղորդումներն ու պնդել, թե ռազմական տեսանկյունից Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չկա։

«Ռուսական միջուկային զենքի հիմնական նպատակը միջուկային հարձակումը զսպելն է։ նման զենքի օգտագործումը սահմանափակվում է արտասովոր հանգամանքներով», - ասել է Շոյգուն։

Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման մեկնարկից հետո Մոսկվայի, Կիևի և երրորդ երկրների ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են միջուկային հակամարտության վտանգի մասին։

Մինչ այդ ՄԱԿ-ը այսօր նոր տվյալներ է հրապարակել փետրվարից սկսված պատերազմի կորուստների մասին. Ըստ այդմ, մինչ օրս արդեն Ուկրաինայում զոհվել է առնվազն 5500 խաղաղ բնակիչ։ Ընդ որում, Միջազգային փորձագետներն ընդգծում են, որ դրանք միայն փաստագրված մահերն են։ Իրական թվերը կարող են շատ ավելի մեծ լինել։

XS
SM
MD
LG