Մատչելիության հղումներ

Ըստ Washington Post-ի հետաքննության՝ ԱՄՆ-ը զգուշացրել էր Զելենսկուն Ռուսաստանի հարձակման մասին, ինչն անտեսվել է


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

Ըստ Washington Post-ի հրապարակած հետաքննության՝ ԱՄՆ-ը զգուշացրել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ռուսաստանի նախապատրաստվող ներխուժման մասին, սակայն նա անտեսել էր և նույնիսկ ռուսական տանկերի Կիևի ուղղությամբ սրընթաց հարձակումից մի քանի օր առաջ ուկրաինացիներին դեռ խորհուրդ էր տալիս չանհանգստանալ։

Washington Post-ի լրագրողները զրուցել են ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ավելի քան երեք տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև հարցազրույց վերցրել Վլադիմիր Զելենսկուց, ով փորձել է պարզաբանել, թե ինչ շարժառիթներով էր առաջնորդվում՝ մինչև վերջին պահը չզգուշացնելով Ուկրաինայի բնակիչներին մոտեցող լայնածավալ պատերազմի մասին։

Ըստ հետաքննությունում հրապարակված փաստերի՝ անցած տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հրատապ հանդիպում է ունեցել հետախուզության, ռազմական հրամանատարության և դիվանագիտության ոլորտի ղեկավարների հետ։ Հրատապ հանդիպման առիթը Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի նախապատրաստական աշխատանքների մասին ամերիկյան հետախուզության տեղեկություններն էին։ Հետախուզական ծառայությունների զեկույցը կազմվել էր արբանյակային լուսանկարների, գաղտնազերծված հաղորդագրությունների և տարբեր աղբյուրների զրույցների հիման վրա։

Անցած տարվա աշնանը Բայդենը այդ թեմայով մի քանի խորհրդակցություններ է անցկացրել։ Washington Post-ի զրուցակիցներն ասել էն, որ խորհրդակցությունների որոշ մասնակիցների համար դժվար էր հավատալ Ռուսաստանի առաջնորդի հավակնությունների մասշտաբներին, նրանք չէին կարծում, թե գիտակից երկիրը կարող է նման քայլի դիմել։

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ ռուսական զորքերը հույս ունեին գրավել Ուկրաինայի մեծ մասը։ Ներխուժելով Բելառուսի տարածքից՝ նրանք պլանավորել էին 3-4 օրվա ընթացքում շրջապատել Կիևը։ Ռուսական հատուկ ստորաբաժանումները պետք է գտնեին նախագահ Զելենսկուն, հեռացնեին նրան իշխանությունից և Ուկրաինայում հաստատեին Կրեմլին հավատարիմ մարիոնետային ռեժիմ։

Կիևի վրա գրոհին զուգահեռ արևելյան ուղղությամբ ռուսական զորքերը պետք է առաջ շարժվեին, հասնեին Ուկրաինայի կենտրոնական շրջաններ, դուրս գային Դնեպրի ափերը։ Իսկ Ղրիմի կողմից գրավեին հարավ-արևելյան առափնյա շրջանները։ Կրեմլի պլանով ռազմական այդ գործողությունները պետք է մի քանի շաբաթ տևեին։ Որոշակի դադարից հետո, որի ընթացքում կատարվելու էին վերախմբավորումներ ու վերազինում, ռուսական ուժերը պետք է առաջ շարժվեին դեպի արևմուտք, մինչև հարավից Մոլդովայի, հյուսիսից Բելառուսի միջև ընկած պայմանական գիծը։

Ռուսաստանի օկուպացիայից դուրս մնալու էր միայն մի փոքր տարածք Ուկրաինայի արևմուտքում, որտեղ, ինչպես գրում է Washington Post-ը, Պուտինի կարծիքով ապրում են անուղղելի նեոնացիստ-ռուսաֆոբեր։

Հետախուզության այս տվյալները ԱՄՆ-ն փոխանցել է Ուկրաինայի ղեկավարությանը, բայց Կիևը դրանց հոռետեսորեն է վերաբերվել։ Ըստ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլբայի պարզաբանումների՝ Կիևը մանրամասներ է խնդրել, որը չեն ստացել։

Այս տարվա սկզբին՝ հունվարի 12-ին ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Զելենսկուն և նրան հայտնել, որ Ռուսաստանը մտադիր է կայծակնային հարված հասցնել Ուկրաինայի մայրաքաղաքին և գլխատել կենտրոնական իշխանությունը։ Նա նաև ասել էր, որ Ռուսաստանը սկզբում կփորձի զորք իջեցնել Կիևի մերձքաղաքային Գոստոմելի օդանավակայանում, որտեղից կսկսվի գրոհը Կիևի վրա։

Լրագրողական հետաքննության հեղինակները գրում են, որ Սպիտակ տանը կայացած գաղտնի հանդիպմանը Ջո Բայդենը որոշել է, որ կա՛մ պետք է զսպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, կա՛մ դիմակայել և որ ԱՄՆ-ն չպետք է միայնակ գործի։ Բայդենը հրահանգել էր դաշնակիցներին տեղյակ պահել ամերիկյան հետախուզության տվյալների մասին և նրանց համոզել, որ պետք է միասին դիմակայել Ռուսաստանին և միասին օգնել Ուկրաինային։

Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Բադենը նաև որոշեց բանագնաց ուղարկել Մոսկվա՝ Պուտինին զգուշացնելու Ուկրաինա ներխուժելու դեպքում սպասվող հետևանքների մասին։

Զելենսկին խոստովանել է՝ ԱՄՆ-ից տեղեկություններ է ստացել Ռուսաստանի սպառնալիքների վերաբերյալ

Washington Post-ի թղթակից Իզաբելլա Խուրշուդյանին նախօրեին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ ԱՄՆ-ից տեղեկություններ է ստացել Ռուսաստանի սպառնալիքների վերաբերյալ։ Տարվա սկզբին Կիևում հանդիպել է ԿՀՎ-ի տնօրենի հետ։

Մեկ ժամից ավելի շարունակված հարցազրույցում Զելենսկին պնդել է, որ Արևմտյան դաշնակիցները Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին մանրամասներ չեն տրամադրել, այդ մասին ասվել է ընդհանուր խոսքերով։

«Ես չեմ կարող ամեն ինչ պատմել, ինչ այն ժամանակ ասել է Բըրնսը, բայց նրա հիմնական ազդանշանը իմ կյանքի սպառնալիքի մասին էր և դա առաջին ազդանշանը չէր, դա ստացվում էր ամեն տեղից, մեր հատուկ ծառայություններից, արտասահմանյան գործակալներից»,- ասել է Զելենսկին։

Վլադիմիր Զելենսկու պարզաբանումներով՝ պատերազմի սպառնալիքի մասին երկրի բնակչությանը չի զգուշացրել քաոս չտարածելու և տնտեսական խնդիրներ չառաջացնելու համար, հակառակ դեպքում, ըստ նրա հաշվարկների՝ անցած տարվա հոկտեմբերից սկսած Ուկրաինան յուրաքանչյուր ամիս շուրջ յոթ միլիարդ դոլար կկորցներ, և ռուսները հարձակման դեպքում երեք օրվա ընթացքում կգրավեին Ուկրաինան։

Սպասվող վտանգի մասին ուկրաինացիներին չզգուշացնելու որոշումը Զելենսկին ճիշտ է համարել և պնդել, որ դա օգնել է պատրաստվել դիմակայելու հարձակմանը։ «Երբ այն տեղի ունեցավ, երբ սկսվեց ներխուժումը, մենք այնքան ուժեղ էինք, որքան կարող էինք․․․․ եթե ներխուժումից առաջ մարդկանց մեջ քաոս ստեղծեինք, ռուսները մեզ կխժռեին», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին օգնության համար և հայտարարել, որ Ուկրաինան ավելի շատ զենքի կարիք ունի։

«Այսօր ես կարող եմ միայն երախտապարտ լինել ԱՄՆ-ին՝ մեր ունեցածի համար, բայց պետք է հասկանաք, որ մենք խորհրդային զենք ենք ունեցել, մենք երբեք ՆԱՏՕ-ի զենք չենք ունեցել։ Նվազագույնը, որ ունեինք 2014 թվականից, բավարար չէր։

Երբ ինչ-որ մեկն ասում է, որ մեզ ինչ-որ ազդանշաններ են ուղարկել, ես նրանց ասում եմ՝ մեզ զենք ուղարկենք։ Ես բացարձակ ճիշտ էի և դրանում համոզված եմ նույնիսկ այսօր», - Washington Post-ին ասել է Վլադիմիր Զելենսկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG