Մատչելիության հղումներ

Կիևն առաջարկում է արգելել ՌԴ քաղաքացիների մուտքը արևմտյան երկրներ, Մոսկվան քննադատում է այս կոչը


Օրերս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Washington Post-ին տված հարցազրույցում կոչ արեց արգելել Ռուսաստանի բոլոր քաղաքացիների մուտքը արևմտյան երկրներ, իսկ նրանց, ովքեր արդեն Եվրամիությունում են՝ հետ ուղարկել հայրենիք՝ պայքարելու Պուտինի ռեժիմի դեմ։

Գերմանիայի արտգործնախարարությունը նախօրեին հայտնել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին Պրահայում կարող են քննարկել ռուսներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու առաջարկը։ Մինչ այդ հստակ է, որ Էստոնիան, Ֆինլանդիան, Չեխիան, Բելգիան, Լատվիան և Լեհաստանը Ռուսաստանի քաղաքացիներից այլևս չեն ընդունում կարճաժամկետ վիզաների փաստաթղթեր։

«Եթե Ռուսաստանի մեծամասնությունն աջակցում է պատերազմը սկսած Պուտինին, ապա ռուսաստանցիները Եվրոպայում անելիք չունեն»,- հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան` հավելելով. «Ռուսների մեծ մասն աջակցում է Ուկրաինայի դեմ ագրեսիային, ռազմական հանցագործություններին և սպանություններին, ինչպես նաև օտար հողերի գրավմանը: Հետևաբար, նրանց միջազգային սահմանները հատելու իրավունքից զրկելը բավականին տրամաբանական է, քանի դեռ չեն սովորել հարգել այդ սահմանները»:

Ռուսաստանում, մինչդեռ, վրդովված են պաշտոնական Կիևի առաջարկից և պնդում են, որ դա մարդու իրավունքների, մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի խախտում է։ Ուկրաինայի արտգործնախարարը նաև այդ քննադատությանն է հակադարձել։

«Մենք նաև չենք ընդունում այն փաստարկը, թե նման քայլը, իբր, կսահմանափակի Ռուսաստանից հեռանալու հնարավորությունը նրանց համար, ովքեր չեն աջակցում Պուտինի ռեժիմին: Մարդիկ, ովքեր հետապնդվում են, միշտ կունենան քաղաքական ապաստանի տարբերակը: Բայց ԽՍՀՄ և Z տառերով շապիկներով զբոսաշրջիկները չպետք է շրջեն օտար լողափերում, տեսարժան վայրերում, խանութներում և ռեստորաններում, քանի դեռ նրանց երկիրը արյունալի, ագրեսիվ պատերազմ է մղում Եվրոպայում», - շեշտել է Կուլեբան:

Փաստաբանը տրամաբանական է համարում Կիևի առաջարկը

Փաստաբան Օլգա Գնեզդիլովան Կիևի առաջարկը տրամաբանական է համարում և շեշտում՝ սահմանափակելով զբոսաշրջային վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին` Եվրոպան միաժամանակ պետք է պարզեցնի մարդասիրական վիզաների և ապաստան ստանալու ընթացակարգը։

«Բայց մինչ օրս օրենսդրական նախաձեռնություններ չկան։ Եթե պատերազմը զարգանա, իհարկե այս ամենը հնարավոր է։ Հուսով եմ, որ երբեք չի հասնի դրան, բայց դա անհնար սցենար չէ: Եթե Եվրոպայում պատերազմ սկսվեց հսկայական թվով փախստականներով և միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ, ապա, իհարկե, ոչ մի բան պետք չէ բացառել», - նշել է նա։

Ռուսաստանի սկսած պատերազմից տուժում են նաև այն ռուսաստանցիները, որ տարիներ շարունակ ապրում էին Ուկրաինայում կամ բարեկամներ ունեին այդ երկրում, պարբերաբար այցելում էին նրանց: Հուլիսի 1-ին Ուկրաինան վիզային ռեժիմ է մտցրել Ռուսաստանի հետ։

Ուկրաինայում, միգրացիոն ծառայության տվյալներով, այժմ բնակվում է ռուսական անձնագրերով մոտ 175 հազար մարդ։ Նրանք ունեն ժամանակավոր կամ մշտական բնակության թույլտվություն: Շատերի մոտ այդ փաստաթղթերի ժամկետը սպառվում է կամ արդեն սպառվել է, երկարաձգումը կարող է լինել շատ դժվար կամ նույնիսկ անհնար, արդյունքում նրանց վտարում է սպառնում։

Ինչ վերաբերում է ռուսաստանցիների աջակցությանը այսպես կոչված` «հատուկ ռազմական օպերացիային» Ուկրաինայում, անկախ հարցումներ Ռուսաստանում չեն անցկացվում վաղուց, և անկախ վերլուծաբանները հրապարակված հարցումների արդյունքներին չեն վստահում, մյուս կողմից, սակայն, ակտիվ, տեսանելի հակապատերազմական շարժում Ռուսաստանում տարբեր, այդ թվում` օբյեկտիվ պատճառներով չկա։

«Մեդուզան» հուլիսին հրապարակել էր Ռուսաստանի նախագահի վարչակազմի պատվերով անցկացրած փակ հարցման արդյունքները, որոնց համաձայն` ռուսաստանցիների 30%-ը կարծում է, որ «Ուկրաինայում ռազմական գործողությունները» պետք է «որքան հնարավոր է շուտ դադարեցվեն»։ Եվս 13%-ը դժվարացել է պատասխանել, հարցվածների 57%-ը կարծում է, որ պատերազմը պետք է շարունակվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG