Մատչելիության հղումներ

Բաքուն «պատրաստվում է ադրբեջանցիներով վերաբնակեցնել» Լաչինն ու հարակից գյուղերը. Ալիև


Բաքուն պատրաստվում է ադրբեջանցիներով վերաբնակեցնել Ադրբեջանին հանձնվող Լաչինը, Աղավնոն և Սուսը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա հավելել է, որ արդեն կարգադրել է տեղահանվածների հարցերով զբաղվող պետական կոմիտեին կապվել այդ շրջանների երբեմնի բնակիչների հետ:

«Մենք վերադառնալու ենք այդ բնակավայրեր»,- հայտարարել է նա:

Սահմանային վերջին սրացման ընթացքում՝ անցած շաբաթ, Ստեփանակերտը տեղեկացրեց, որ Ադրբեջանը պահանջել է Արցախ-Հայաստան կապը նոր երթուղիով կազմակերպել, ինչը նշանակում էր, որ այժմ գործող Լաչինի միջանցքն իր բնակավայրերով հանդերձ անցնում է Ադրբեջանի վերահսկողությանը։ Արցախի իշխանությունները հաջորդիվ տեղի բնակիչներին հայտնեցին, որ մինչև օգոստոսի 25-ը ժամանակ ունեն իրենց տներից հեռանալու համար։

Ալիևը պնդել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Ղարաբաղի հարց չկա

Ադրբեջանի առաջնորդը նաև ասել է, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում Ղարաբաղի հարց չկա:

«Այդ հարցը օրակարգ բերելու փորձեր եղել են, բայց ես երբեք համաձայն չեմ եղել: Հայաստանը ի՞նչ կապ ունի, դա մեր ներքին գործն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևը նշել է, որ այսօր բանակցություններում Ղարաբաղի կարգավիճակի հարց չկա, քննարկման առարկա են միայն այնտեղ ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը, որոնք, նրա պնդմամբ, Ադրբեջանն ապահովելու է։

«Ղարաբաղի հայերը պետք է ճիշտ քայլ անեն և գիտակցեն, որ իրենց ապագան միայն ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրումն է: Ղարաբաղի հայերը ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ էլ որևէ առավելություններ են ունենալու: Նրանք Ադրբեջանի իրավահավասար քաղաքացիներ են»,- հայտարարել է Ալիևը:

Նա նաև ասել է, որ պատերազմի ավարտից հետո խաղաղության բանակցություններ սկսելու առաջարկով են հանդես եկել, բայց Երևանից դրական պատասխան դեռ չեն ստացել հուսով են, որ կստանան: Ալիևի խոսքով` հայկական կողմը նաև դեմ էր սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը, սակայն արդյունքում համաձայնեց: Նույն կերպ դեմ էին նաև «Զանգեզուրի միջանցքին», նշել է նա:

«Առաջիկա շաբաթներին մենք սպասում ենք, որ նրանք կներկայացնեն Զանգեզուրի միջանցքի երթուղին: Ղարաբաղում ապրող հայերը նույնպես կտեսնեն, որ Ադրբեջանից կարող են միայն օգուտ քաղել»,- պնդել է Ալիևը:

Այս հայտարարություններն Ադրբեջանի ղեկավարն արել է Իսմայիլի շրջանի Բաշգալ ավան այցի ժամանակ։ Զրուցելով ադրբեջանական հեռուստաընկերության հետ` նա նաև խոսել է անցած շաբաթվա սահմանային լարվածության մասին։ Ալիևը վերսին հայկական կողմին է մեղադրել սադրանքի դիմելու համար և զգուշացրել՝ «կրակի հետ չխաղալ»: Ալիևը ռազմաշունչ հայտարարություններ է արել` պնդելով, թե վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանին ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել:

Միևնույն ժամանակ ասել է, թե նոր պատերազմ սկսելու մտադրություն չունեն, քանի որ հասել են իրենց նպատակին: Սակայն նա կրկնել է Բաքվի պահանջը՝ հայկական զինված ուժերը պետք է մեկընդմիշտ հեռանան Ղարաբաղից: Նրա խոսքով` Հայաստանն այդ պարտավորությունը ստանձնել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

XS
SM
MD
LG