Մատչելիության հղումներ

Երևանը փորձում է ստեղծել մի իրավիճակ, որ Բաքուն ստիպված լինի հաղորդակցվել արցախյան կողմի հետ․ Բադալյան


Արցախի նախագահի նստավայրը Ստեփանակերտում
Արցախի նախագահի նստավայրը Ստեփանակերտում

Երևանը որոշակիորեն հետքաշված է պահում իրեն մի կողմից ռուսական կողմի պատասխանատվությունը բարձրացնելու, մյուս կողմից Արցախի սուբյեկտության որոշակի տարածություն բացելու համար, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Երևանը Բերձորի, Աղավնոյի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հարցով տևական լռություն պահպանում։

Ըստ Բադալյանի, Հայաստանը փորձում է ստեղծել մի իրավիճակ, երբ Ադրբեջանը թեկուզ ոչ ֆորմալ, թեկուզ չբարձրաձայնված, բայց ստիպված լինի շփվել և ինչ-որ հարցեր լուծելու համար հաղորդակցվել արցախյան կողմի հետ՝ թեկուզ ռուսների միջոցով։

«Այս տեսանկյունից, ի դեպ, հատկանշական է, որ տեղեկություն եղավ, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը ռուսների և ադրբեջանական կողմի հետ ինչ-որ հարցեր քննարկելու համար եղել է Բերձորում՝ Աղավնոյում», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Աղավնո
Աղավնո
Փաշինյանն իր վերջին առցանց ասուլիսին հայտարարել էր, որ Բերձոր-Լաչինը շրջանցող նոր ճանապարհը շահագործելուց հետո ԼՂԻՄ-ի սահմանից դուրս գտնվող գյուղերը՝ Բերձորը, Աղավնոն ու Սուսը անցնելու են Ադրբեջանին։ Ավելի ուշ Ստեփանակերտը հայտնեց, որ Աղավնոյի բնակիչները մինչև օգոստոսի 25-ը պետք է հեռանան գյուղից։ Ադրբեջանական կողմը սահմանային սրացմանը զուգահեռ՝ պահանջում է Հայաստան-Արցախ երթևեկությունը նոր ճանապարհով կազմակերպել, հեռանալ Լաչինից, իսկ միջանցքը փակվելու դեպքում հայկական Աղավնոն ադրբեջանական շրջափակման մեջ է հայտնվում:

Մյուս կողմից, Բադալյանի համոզմամբ, Երևանը որոշակիորեն էս պասիվությունը պայմանավորում է նրանով, որ Ադրբեջանը չփորձի Հայաստանի ուղղությամբ ինչ-որ գործողություններով ընդլայնել շանտաժի դաշտը և փորձի այլ օրակարգեր և քաղաքական պահանջներ բերել մեջտեղ։

Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյան

«Հատկապես Ադրբեջանն, ըստ ամենայնի, Հայաստանից չի ստանում այն, ինչն ակնկալում էր միջանցքային տրամաբանության մեջ, և դրա համար փորձում է ինչ-որ պահանջներ դնել Լաչինի մասով՝ էդ ուղղությամբ զարգացումներն արագացնելու առումով», - ասաց Բադալյանը՝ նկատելով՝ Հայաստանի պահվածքը նաև թելադրված է պատերազմի հետևանքով՝ պարտության՝ մանևրել գլխավոր, առանցքային, կենսական հարցերի շուրջ և տակտիկական որոշակի զիջումների շնորհիվ՝ պահել դիրքերն առավել կարևոր և կենսական հարցերում։

«Ես կարծում եմ, որ սա իհարկե ամենևին լավագույն վիճակը չէ, լավագույն ռեժիմը չէ քաղաքականություն վարելու, բայց այսօր կա այն, ինչ կա, և Երևանը փորձում է մանևրել այդ եղածի շրջանակում», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG