Մատչելիության հղումներ

Աղավնոյի բնակիչները մինչև օգոստոսի 25-ը պիտի հեռանան գյուղից


Աղավնոյի բնակիչները 19 օր ունեն գյուղից հեռանալու համար:

«Իրենց ասելով` մինչև ամսի 25-ն ա, որ արդեն ռուսական բանակը դուրս է գալու», - ասում է բնակիչներից Ասյա Առուստամյանը:

Խաղաղապահները գնալու են, ադրբեջանական զինուժը մտնելու է Աղավնո: Արցախի տարածքային կառավարման նախարարն է Ասյա Առուստամյանին ու նրա համագյուղացիներին այսօր հանդիպման կանչել ու հայտնել լուրը: Հանդիպումից առաջ էլ պարզ էր, թե ինչ են լսելու:

«Նրանք, ովքեր կընտրեն Արցախի Հանրապետության տարածքը, այնտեղ կստանան բնակարաններ, մինչև բնակարան ստանալը ժամանակավոր կացարաններում կտեղավորվեն, ովքեր Հայաստանում, նմանապես` Հայաստանում, եթե վերաբնակիչներ են, կստանան սերտիֆիկատ տուն գնելու համար, իսկ ժամանակավոր` մինչև սերտիֆիկատի ստանալը, վարձի փոխհատուցում կստանան», - ասաց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Գյուղի բնակիչները հուսահատ մտան հանդիպման, էլ ավելի հուսահատ դուրս եկան՝ ամենուր վարձով տները թանկացել են, իսկ պետության տրամադրած սերտիֆիկատով ոչ ոք չի հաջողացրել տուն գնել, լսել են Լաչինից ավելի վաղ հեռացածների չարչարանքների մասին. «Թող իրենք ման գան, առնեն տունը, տան ինձ, առաջինը զոհվածին, նոր մնացածին», - ասում էին նրանք:

«Ոչ մի բանկ այդ սերտիֆիկատը չի վերցնում ու գործարք չի անում», - հավելեց տեղացիներից մյուսը:

Գյուղի հրատապ տարհանման հարցն առաջացավ Լաչինից հեռանալու Բաքվի պահանջից հետո: Միջանցքը փակվելուց հետո Աղավնոն հայտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ: Մինչև այս Արցախի նախագահը հայտարարում էր, թե բանակցում են Աղավնոյի համար:

Մարիամ Հակոբյանն ապշած է՝ եթե պիտի հեռանայինք, պատերազմից հետո այս ի՞նչ շինարարություն սկսեցիք գյուղում` դպրոցը հիմնովին նորոգեցին, մանկապարտեզ են կառուցում. «Երկու տարի պահեցին ստեղ, որ էլի փողեր լվանային, մեր աչքի առաջ փողեր լվանային»:

Հիմա ամեն ինչ պիտի թողնեն, բնակիչները նաև հրահանգավորվել են` տները թողնել անվնաս, անխախտ. «Ոչ մի բան, բացարձակ ոչնչի ձեռք չտաք, ձեզ տրամադրվելու են մեքենաներ, որ դուք ձեր վեշերը հանեք», - հավելեց Մարիամ Հակոբյանը:

Նախարար Խանումյանը չի հասկանում՝ ինչո՞ւ են մարդիկ ցանկանում կրակի տալ տները հեռանալուց առաջ: Չի կասկածում, որ այդ տները պետք են գալու. «Ես վստահ եմ, որ մի օր վերադառնալու ենք այստեղ, դրա համար պետք է պետական կառույցները ուժեղացնել, պետք է համապատասխան նպատակ դնել ու գնալ այդ նպատակի ուղղությամբ, ոչ թե մտածել թալանելու, քանդելու, վառելու մասին»:

Ասյա Առուստամյանը 92-ին Մարաղայից է հեռացել, հիմա ստիպված է դուրս գալ Աղավնոյից: Ասում է` եթե հեռանում է, ապա միայն մեկ ուղղությամբ՝ դեպի Երևան, որտեղ Եռաբլուրն է, այստեղ այս պատերազմում զոհված իր կրտսեր որդու` Սասունի շիրիմն է: Ասյա Առուստամյանն ասում է՝ ծանր է հեռանալ Աղավնոյից ու այն տնից, որտեղ մեծացել է որդին, որտեղ միշտ սպասում է որդուն. «Երեխուս եմ հիշում, որտեղով գնաց, որտեղ քնեց, միշտ աչքս դեպի ճամփան է, որ էսա դուռը կբացվի, երեխաս կմտնի, ես դեռ այդ հույսով եմ ապրում, սա ինձ համար շատ, կարելի է ասել, երկրորդ հարվածն է, որ ես իմ տունը, իմ երեխու ապրած տեղը թողնում, գնում եմ»:

Աղավնոն Աղավնո գետի ափին է, միանման կարմիր տանիքներով տներում ապրում են շուրջ 200 հոգով:

«Մենք պարում էինք և կրկին կպարենք», - Աղավնոյի երեխաներն են գրել դպրոցի գունավոր պատին՝ հենց այս շենքում էլ տեղեկացան՝ հեռանալու են։

XS
SM
MD
LG