Մատչելիության հղումներ

Աղավնոյի  համար շարունակելու ենք պայքարել. Արցախի նախագահ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում վստահեցրեց, թե Լաչինի շրջանի Աղավնո գյուղի համար շարունակելու են պայքարել։ Վարչապետ Փաշինյանը երեք օր առաջ հայտարարեց՝ Բերձոր-Լաչինը շրջանցող նոր ճանապարհը շահագործելուց հետո ԼՂԻՄ-ի սահմանից դուրս գտնվող գյուղերը՝ Բերձորը, Աղավնոն ու Սուսը անցնելու են Ադրբեջանին«Աղավնոյի առումով մեր պայքարը շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»։

«Հայաստանի վարչապետի հետ քննարկման ժամանակ ես ասացի՝ Աղավնոյի հարցը այսօր չենք քննարկում, մենք տանում ենք բանակցություններ, և էդ հարցը թողեք բանակցային այս փուլում մեր հնարավորությունների շրջանակներում տեսնենք ինչպիսի հնարավոր լուծումներ կան», - ասաց Հարությունյանը։

Արցախի նախագահը բանակցություններից մանրամասներ չներկայացրեց՝ ուղի՞ղ են բանակցում, թե՞ միջնորդների միջոցով։ Հստակ խոսեց Բերձորի ճակատագրի մասին. - «Բերձորը մենք պարտավոր ենք, հենց կետում գրված է, որ պետք է Բերձոր քաղաքից դուրս գանք։ Իսկ Աղավնո բնակավայրի հետ կապված մենք անելիքներ ունենք, այդ ուղղությամբ մենք բանակցությունները շարունակում ենք տանել։ Ինչ վերաբերում է Սուս գյուղում, այնտեղ մենք այս փուլում համարյա բնակիչ չունենք։ Իսկ նաև ես ինչքան գիտեմ, մեր սոցիալական այդ ծրագրերի շրջանակներում Բերձոր քաղաքի և Սուս բնակավայրի քաղաքացիները ստացել են իրենց փոխհատուցումները»։

Արայիկ Հարությունյանն Արցախի խորհրդարանում ներկայացնում էր 2021-ի կատարած աշխատանքներն ու պատասխանում պատգամավորների հարցերին։ Պատգամավոր Մետքասե Հակոբյանը հետաքրքրվեց, թե արդյոք նոր ճանապարհի կառուցման հարցը քննարկելիս հաշվի էին առել այդ գյուղերի հայաթափման վտանգը. - «Ինչ վերաբերում է հայաթափմանը այդ բնակավայրերի, այդ հարցը այսօր չի քննարկվել։ Հիմնականում խոսքը գնում է Աղավնո բնակավայրի մասին, այդ հարցը դեռ չի քննարկվում, մենք բանակցում ենք։ Խոսքը Բերձորի մասին չէ»։

Ըստ Արայիկ Հարությունյանի, Ռուսաստանից ու Ադրբեջանից նոր մայրուղու նախագծի մի քանի առաջարկներ են ստացել։ Անվտանգության խորհրդում, որտեղ քաղաքական ուժերից էլ ներկայացուցիչներ են եղել, քննարկել ու իր ձևակերպմամբ՝ ամենաանվտանգ տարբերակն են ընտրել. - «Մենք ունեցել ենք մի քանի առաջարկություն և' Ադրբեջանի կողմից, և' Ռուսաստանի Դաշնության կողմից։ Բոլոր առաջարկությունները մերժվել են։ Առաջարկվող այդ մայրուղին քննարկվել է մի քանի անգամ Անվտանգության խորհրդում, որին մասնակցել են բոլոր քաղաքական ուժերը Ազգային ժողովում ներկա։ Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը։ Կան գաղտնիքներ, որը ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել, թե ինչու ենք ընտրել այդ տարբերակը»։

44-օրյա պատերազմից հետո Լաչինի միջանցքը Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհն է։

Լաչինի շրջանի մեծ մասը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցանվ վերջին պատերազմից հետո։ Կառուցվող մայրուղին, որ շրջանցելու է Բերձորը, ավելի անվտանգ է ու մի քանի անգամ որակյալ է քան գործողը, Ադրբեջանի կառուցած ճանապարհը այդպես նկարագրեց Արցախի ղեկավարը։ Անվտանգության երաշխիքներն ավելի մեծ են, ասաց Հարությունյանը, թե ինչ երաշխիքներ նկատի ունի, չմանրամասնեց. - «Իմ կարծիքով, նոր ճանապարհը շատ ավելի անվտանգ է լինելու, անվտանգության առումով մեր հնարավորությունները Արցախի պաշտպանության բանակի, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, ռուս խաղաղապաների... ավելի հեշտ է լինելու, շատ ավելի մեծ անվտանգային երաշխիքներ են լինելու, քան գործողը։ Արդյո՞ք հրաժարվելով այդ ճանապարհից ինչ հետևանքներ ենք ունենալու մենք։ Միասին որոշենք։ Այս դահլիճից հետո հավաքվենք, որոշենք։ Այսինքն՝ մենք դեմ ենք, ոչ մի բան չենք անում, Բերձորից էլ դուրս չենք գալիս... Խնդրեմ, որոշենք։ Հետևանքների մասին էլ միասին պատասխան տանք այս երկրում ապրող մեր ավելի քան կամ մոտ հարյուր քսան հազար բնակչի ճակատագրի մասին էլ մտածենք»։

Աղավնո գյուղի համար պայքարում են նաև բնակիչները

«Ազատության» հետ զրույցում նրանք պնդել էին, որ չեն պատրաստվում լքել գյուղը։ Այս համայնքում մոտ 200 բնակիչ է ապրում, մանկապարտեզ ու դպրոց կա։

Աղավնոյի, Բերձորի ու Սուսի բնակիչների ճակաատագրին այսօր անդրադարձել է նաեւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Բնակիչների հարցերով զբաղվելու համար դեռ մեկ ու կես տարի ժամանակ կա», - կառավարությունում լրագրողներին վստահեցրել է Գրիգորյանը։ - «Ե'վ ճանապարհի մասով, և' բնակիչների համար լուծումներ գտնելու համար մոտավոր մեկ ու կես տարի դեռ ունենք։ Արցախի կառավարության հետ կաշխատենք և լուծումներ կգտնենք»։

Փաշինյանն էլ իր վերջին ասուլիսում հայտնել էր, թե Բերձոր քաղաքի բնակիչների խնդիրները Հայաստանի կառավարության որոշումներով լուծվում են, նրանք բնակարաններով կապահովվեն, իսկ Աղավնոյի հարցերով Արցախի կառավարությունն է զբաղվում։

XS
SM
MD
LG