Մատչելիության հղումներ

«Մենք մեզ չխաբենք». Աղանուսի գյուղապետը չի հավատում, որ գյուղը դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից


Աղանուսի գյուղապետը լսել է ու չի հավատում, որ իր գյուղը դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից, ինքն ու բնակիչներն էլ կարող են վերադառնալ:

«Մենք մեզ չխաբենք», - ասում է Արտակ Աբրահամյանը՝ նշելով. «Չեմ հավատում, հավաստի որևէ բան չկա, երկու տարի առաջ ասում էինք՝ Աղավնոն մերն ա, մեզ էլ կմնա»:

Հենց Աղավնոյի հանձնման այս օրերին Արցախի տարածքային կառավարման նախարարը հորդորելով չայրել, չվնասել տները հեռանալուց առաջ՝ հայտարարեց, Քաշաթաղ-Լաչինի Աղանուս գյուղը նոր միջանցքի տարածքում է, Ադրբեջանի հսկողությունից դուրս է գալու , բայց բնակեցում չեն կարող անել, որովհետև այնտեղ հիմա միայն ավերակներ են:

«Էդ բնակավայրերը հայտնվում են Ադրբեջանի վերահսկողությունից դուրս է՝ միջանցքի տարածքում, բայց այդտեղ ամբողջ բնակֆոնդը ոչնչացված է», - նշեց նախարար Հայկ Խանումյանը:​

Լաչինի միջանցքին փոխարինող նոր ճանապարհը, որի ադրբեջանական հատվածն արդեն կառուցված է, անցնում է Աղանուսի վարչական տարածքով:

Արցախի ադրբեջանական դարձած 121 գյուղերից մեկն է Աղանուսը, այս տխուր ցուցակի 6-րդ տողում, այն խոշորացված համայնք էր՝ Աղանուս, Ապարան, Մեղվաձոր գյուղերով. մինչև 90- ականները ադրբեջանաբնակ՝ Յուղունուս, Մեղդարա ու Փաթարի-փարասի:

Աղանուսում 44-օրյա պատերազմի ժամանակ մարտեր չեն եղել, գյուղապետն ասում է՝ «վերջինը ես եմ դուրս եկել»:

«Դեկտեմբերի 1-ի դրությամբ ռուս հրամանատարության հրամանով մենք լքել ենք բնակավայրը», - պատմեց Արտակ Աբրահամյանը:

Աղանուսի այդ մի քանի գյուղերում մինչև պատերազմը ընդամենը 13 ընտանիք է ապրել՝ 102 հոգի: Ինչո՞ւ այդքան քիչ, գյուղապետն ասում է՝ 1995-ից սկսված վերաբնակեցումը սխալ ընթացք է ունեցել, այսինքն ոչ մի ընթացք էլ չի ունեցել, գյուղերում ներդրումներ չեն եղել ու շուրջ 350 ընտանիք եկել է Աղանուս ու արագ հեռացել:

«Տներ չկային ապրելու, Ադրբեջանի կողմից թողած, էսօր մենք ասում ենք՝ ազատագրված, վառած շենքերի մեջ էինք ապրում, էդպես կարելի է ասել: Վառած շենքի մեջ էլ ինչքան կարելի ա ապրի մարդ», - նշեց համայնքի ղեկավարը:​

Ոչ պետությունը, ոչ էլ լավ բարերարները Լաչինից հարավ չեն նայել. 25 տարում այստեղ միայն դպրոցի մի շենք է կառուցվել, որտեղ 9 երեխա էր սովորում, ու տուն՝ բազմազավակ մեկ ընտանիքի համար, ուրիշ ոչինչ: Աղանուսի համայնքապետը պնդում է՝ բնակիչները պատերազմի ժամանակ գյուղից հեռանալիս ամեն ինչ անխախտ են թողել, ոչինչ չեն քանդել, չեն վառել, այդ ամենը այլոց ձեռքի գործն է:

«Ես պարզ ասում եմ՝ հայկական թալան, քան թե վառել, Աղանուսում տուն չի վառվել, ես պատասխանատու եմ ամեն մի բառիս համար: Պատերազմի ժամանակ մենք պոստերից իջնում ենք՝ մեր տները քանդած ա, դռները բացած ա, մեր գույքը քանդած ա», - նշեց նա:

Արդյոք հնարավոր է նոր վերաբնակեցում սկսվի միջանցքի տարածքում հայտնված գյուղերում՝ համայնքապետ Աբրահամյանը շարունակում է չհավատալ. - «Ո՞նց եք պատկերացնում՝ Ադրբեջանն իր բնակավայրը տալո՞ւ ա մեզ, չեմ հավատում ես: Ադրբեջանն էսօր աշխատում ա, որ Բերդաձորը հայաթափի, ո՞նց ա տալու, որ հայերը գնան Աղանուսում կամ Մեղվաձորում ապրեն»​

Այսօր համայնքի 13 ընտանիքներից միայն երկուսն է Արցախում մնացել։ 66-ամյա Սրբուհի Սեմերջյանը Արարատի մարզի Արբաթ գյուղում է ապաստանել՝ երեկ աղանուսցիներով զանգել են իրար, վերադարձի հարցը քննարկել են ու որոշել՝ վտանգավոր է. տներն այնտեղ իրարից կիլոմետրերով են հեռու:

«Չէ, չենք գնա, ոչ մեկը չի գնա, դա բացառվում է, էդ հնարավոր բան չի, շատ հեռու ա բնակչությունն իրարից», - ասաց Սեմերջյանը:

Եթե ստացվի այնպես, որ վերադարձը հնարավոր դառնա, համայնքապետը ժպտում է՝ «Կաշխատենք նոր բնակիչներ գտնելու ուղղությամբ»:

«30 տարի մենք ենք խաբվել, մենք էլ կաշխատենք մեկին խաբենք», - ասաց նա:

Արտակ Աբրահամյանն այժմ Երևանում է ապրում, բայց ադրբեջանական դարձած Աղանուսի գյուղապետն է՝ ամսական 150 հազար դրամ աշխատավարձով:

XS
SM
MD
LG