Մատչելիության հղումներ

Ուժի սպառնալիքի ներքո տեղի է ունենում բնակչության բռնի տեղահանում. Արցախի ՄԻՊ-ը` Բերձորի ու Աղավնոյի մասին


«Ուժի կիրառման սպառնալիքի ներքո ևս մեկ անգամ խաթարվում է քաղաքացիական բնակչության կյանքը», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` անդրադառնալով Բերձոր և Աղավնո համայնքներից բնակչության տարհանմանը:

Այս երկու համայնքների հրատապ տարհանման հարցն առաջացավ Լաչինից հեռանալու Բաքվի պահանջից հետո: Միջանցքը փակվելուց հետո Աղավնոն հայտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ: Մինչև այս Արցախի նախագահը հայտարարում էր, թե բանակցում են Աղավնոյի համար:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

«Արցախի կառավարությունը կազմակերպում է Բերձորի և Աղավնոյի բնակչության տարհանումն իրենց բնակավայրերից»

«Արցախի կառավարությունը կազմակերպում է Բերձորի և Աղավնոյի բնակչության տարհանումն իրենց բնակավայրերից, այս պահին արդեն աշխատանքներ գնում են, թեև մարդիկ դեռևս չեն լքել իրենց համայնքները», - ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Փաստորեն ուժի կիրառման սպառնալիքի ներքո ևս մեկ անգամ խաթարվում է քաղաքացիական բնակչության կյանքը: Խոսքը վերաբերում է մոտ 50 ընտանիքի Աղավնո համայնքից, և մոտ 170 մարդու մասին է խոսքը, և գրեթե նույնքան մարդ Բերձորում է ապրում: Իհարկե, Բերձորի բնակչությունը մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը ավելին էր` հազարներով էր», - նշեց նա:

Կառավարության առաջարկած ծրագրով` մարդիկ իրենք են ընտրելու, թե որտեղ պետք է տեղակայվեն, հավելեց ՄԻ պաշտպանը, հայտնելով նաև, որ նրանք ունենալու են տեղահանվածի կարգավիճակ և օգտվելու են այն ծրագրերից, որոնցից տեղահանված այլ արցախցիները:
Նրա ներկայացմամբ` պետությունը կամ հյուրանոցներում, կամ պետական սեփականություն հանդիսացող օբյեկտներում է տեղավորում տեղահանված քաղաքացիներին, կամ էլ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով պետությունը տրամադրում է 40 հազար դրամի աջակցություն բնակվելու հարցի լուծման համար:

«Սա էթնիկ զտման շատ հստակ ցուցիչ է»

Հարցին, թե ինչ իրավական հիմքով են այս երկու համայնքներից մարդկանց հեռացնում, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց. «Ուժի սպառնալիքի ներքո տեղի է ունենում քաղաքացիական բնակչության բռնի տեղահանում: Պատահական չէ, որ Լաչինի միջանցքի կամ Բերձորով անցնող ճանապարհի փոփոխման պահանջը Ադրբեջանը զուգորդել է Արցախի Հանրապետության տարբեր ուղղություններով ռազմական էսկալացիայիով: Ադրբեջանը եռակողմ հայտարարությունից հետո իր տարբեր անհիմն պահանջներ զուգորդում է ուժի կիրառմամբ, նույնը Խրամորթում էր»:

Ըստ ՄԻՊ-ի` սա էթնիկ զտման շատ հստակ ցուցիչ է: Միակ իրավական նորմը, նրա տեղեկացմամբ, եռակողմ հայտարարությունն է, որում նշվում է, որ «միջանցքով անցնող ճանապարհը պետք է երեք տարվա ընթացքում հաստատվի այլընտրանքային ճանապարհ»:

«Տարածքային կառավարման նախարարը, որը այս կամ այն կերպ ներգրավված է եղել այդ աշխատանքներում, նշում է, որ հաստատվել է, և որոշվել է այդ ճանապարհը, բայց այստեղ կա մի հստակ նյուանս` ադրբեջանական կողմը շատ լավ գիտի, որ հայաստանյան կողմը դեռևս չի կառուցել ճանապարհի իր այդ հատվածը, բայց դա իրեն չի վերաբերում, ինքը շարունակում է իր պահանջն առաջ քաշել և այսպես ասած` թքած ունի, թե ինչ է կարծում հայկական կողմը, միջազգային հանրությունը, այս պարագայում նաև ռուսական խաղաղապահ զորակազմը: Իր պահանջն է ներկայացնում, գնում է իր պահանջները կատարելու ճանապարհով, և այդ ճանապարհը ուժի կիրառումն է Արցախի ժողովրդի նատմամբ, և այդ ուժի կիրառման սպառնալիքի ներքո հայկական կողմն ամեն անգամ գնում է զիջումների` ստիպված լինելով թույլ տալ մարդու իրավունքների խախտումներ», - հայտարարեց Արցախի օմբուդսմենը:

«Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ է գտնվում Արցախի 28 համայնքների խաղաղ բնակչության կյանքը»


Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր շրջանառվող լուրերից, թե վերջին սրման արդյունքում ադրբեջանական կողմը գրավել է մի քանի բարձունքներ, այդ թվում` Եղցահողին մոտ գտնվող բարձունքներից մեկը:

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ այդ համայնքից ինքն էլ է տեղեկություններ ստացել, որ բնակիչները գտնվում են ադրբեջանցիների ուղիղ դիտարկման ներքո:

«Այս տարածքում ադրբեջանցիները դիրք ունեցել են, այսինքն` ևս մեկ անգամ նախկինում եղել է նման իրավիճակ, երբ գյուղացիները հայտնվել են ուղիղ նշանառության տակ, հետո ռուսական խաղաղապահների միջամտությամբ նրանք այդ դիրքերից հեռացվել են, այս վերջին լարվածության պարագայում, թերևս, նորից վերադարձել են այդ նույն իրավիճակին: Սա անընդունելի է և ոչ միայն Եղցահողի պարագայում, այլ այսօր թշնամու` Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ է գտնվում Արցախի Հանրապետության 28 համայնքների խաղաղ բնակչության կյանքը: Սա իրավիճակն է, որը մենք ունենք 2020թ. նոյեմբերի 9-ից հետո», - նշեց նա:

«Արցախի ժողովուրդն այսօր միջազգային կազմակերպությունների պաշտպանության կարիքն ունի»

Արցախի խաղաղ բնակավայրերում Ադրբեջանի կողմից անընդհատ արվող սադրանքները, հոգեբանական հարձակումները, թեկուզ օդ կրակելն արդեն իսկ խոչընդոտում են խաղաղ բնակչության կյանքը, հավելեց Պաշտպանը:

Նրա պնդմամբ` այստեղ հարկավոր են հասցեական արձագանքներ միջազգային հանրության կողմից, որն ինքը չի տեսնում:

«Արցախի ժողովուրդն այսօր միջազգային կազմակերպությունների, համանախագահող երեք երկրների աջակցության և պաշտպանության կարիքն ունի: Արցախում ապրող մարդու կյանքը գտնվում է ադրբեջանական ցանկացած սադրանքի ուղիղ նշանառության տակ, և ըստ այդմ էլ միջազգային բոլոր մեխանիզմները պետք է գործարկվեն», - նշեց Ստեփանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG