Մատչելիության հղումներ

Վարչապետն ու իշխող խմբակցությունը դեռ չեն արձագանքել սահմանային իրավիճակին և Բաքվից հնչող մեղադրանքներին


Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանը, արխիվ
Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանը, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իշխող խմբակցության պատգմավորները այս ողջ օրվա ընթացքում որևէ կերպ չեն արձագանքել սահմանային լարված իրավիճակին և Ադրբեջանից հնչող մեղադրանքներին ու սպառնալիքներին։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները կա՛մ չեն պատասխանում հեռախոսազանգերին, կա՛մ հրաժարվում են մեկնաբանություններից։ Արցախում իրավիճակը երկուշաբթիից է լարվել։ Նույն օրը, սակայն, արձակուրդում գտնվող Փաշինյանը Լոռու մարզում անպատասխան էր թողել «Ազատության» հարցերը սահմանային իրավիճակի մասին։

Վարչապետի լռությունը քննադատում են ընդդիմադիր պատգամավորները։ «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանն ընդգծում է, որ հենց Փաշինյանի ստորագրությունն է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ, որի կետերը խախտելով է ադրբեջանական կողմը պահանջում Հայաստան -Արցախ երթևեկությունը կազմակերպել այլ ճանապարհով:

«Նոյեմբերի 9-ի հայտարարության տակ Արայիկ Հարությունյանի ստորագրություն չկա դրած, կա Նիկոլ Փաշինյան ստորագրություն, Նիկոլ Փաշինյանը այստեղ բերանը ջուր առած լռում է, Հայաստանի իշխանությունը բերանը ջուր առած լռում է: Արցախի իշխանությունը չի որոշում դա, ի վերջո, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրել են Ալիևը, Փաշինյանը, Պուտինը, իսկ Նիկոլ Փաշինյանը դրա մասին չի խոսում: Արայիկ Հարությունյանի հայտարարությունները իբրև Արցախի նախագահ, այո, բայց կոնկրետ այս հարցի հասցեատերը Հայաստանի իշխանությունն է. նա է ստորագրել, նա է պատասխանատու, և նա է երաշխավորն այս ամենի, բայց դրա փոխարեն որևէ բանով այստեղ զբաղված չեն, զբաղված են արձակուրդներում ինչ-որ գազի բալոնի հարց լուծելով», - հայտարարեց Մանուկյանը:

Նոյեմբերի 9 փաստաթղթի 6-րդ կետով Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Նույն կետում ասվում է նաև՝ կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:

Փաստաթղթի ստորագրումից 2 տարի էլ չի անցել, բայց Ադրբեջանը Լաչինը ազատելու և այլընտրանքային ճանապարհով երթևեկելու պահանջ է դնում։ Փաշինյանը վերջին անգամ այս հարցին անդրադարձել է հունիսի 27 -ի իր առցանց ասուլիսի ժամանակ՝ ասելով, որ այս փուլում Հայաստանը այլընտրանքային ճանապարհի նախագծային աշխատանքների փուլում է և դեռ մեկ տարուց ավելին ունի այդ ճանապարհը գործարկելու համար։

«Այդ փոփոխության նպատակը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի համար ավելի հուսալի և ամուր կապ ու ավելի որակյալ ճանապարհային կապ ապահովելն է, այդտեղ, ճիշտն ասած, մեր հիմնական աշխատանքային քննարկումները ռուսաստանցի մեր գործընկերների հետ են, որովհետև, ինչպես գիտեք, կրկին եռակողմ հայտարարության հիման վրա միջանցքը պետք է լիարժեք գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Մեր աշխատանքային քննարկումներում կարծես թե այդ ըմբռնումը կա, որ նոր երթուղին, որը պետք է լինի ավելի լավ որակի, ավելի անցանելի, և ավելի արագընթաց, և երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողության կսահմանեն այդ նոր երթուղու նկատմամբ: Իհարկե, նաև պիտի ուշադրություն հրավիրեմ, որ կան լուրեր, որ դա այս շաբաթ է տեղի ունենալու, հաջորդ շաբաթ է տեղի ունենալու: Նախ՝ եռակողմ հայտարարությամբ այդ հարցը կողմերի համաձայնությամբ պիտի երեք տարվա ընթացքում լուծվի, իսկ դրա համար կա առնվազն մի տարի մի քանի ամսի ժամանակ: Երկրորդ՝ Հայաստանի տարածքում նույնպես ճանապարհաշինական աշխատանքներ պիտի իրականցվեն՝ նման լուծման գնալու համար: Այս փուլում մենք դեռևս նախագծման աշխատանքներ ենք սկսել և երբ որ վերջնական ըմբռնում լինի, որ մենք մեր նպատակին հասնում ենք, այսինքն, ավելի արագ և ավելի որակյալ ճանապարհ պիտի ունենանք լիարժեք ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, այո, կգնանք նման լուծումների», - նշել է վարչապետը:

Այս նույն ասուլիսին Փաշինյանը հայտարարեց , որ Բերձոր-Լաչինը շրջանցող նոր ճանապարհը շահագործելուց հետո ԼՂԻՄ-ի սահմանից դուրս գտնվող գյուղերը՝ Բերձորը, Աղավնոն ու Սուսը անցնելու են Ադրբեջանին։ Մեծ աղմուկ հանած այս հայտարարությունից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե Աղավնոյի համար շարունակելու են պայքարել. - «Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»:

Բերձորը կամ Լաչինի միջանցքը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհն է։ Հայաստանն Արցախին կապող ու Լաչինի միջանցքին փոխարինող նոր ճանապարհը Սյունիքի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է մտնում Արցախ՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով: Հայկական այս գյուղերում տարուց ավելի է՝ թուրք ու ադրբեջանցի շինարարներ են աշխատում՝ արագացված տեմպերով։ Հայկական կողմումը շինանարարությունը նոր-նոր է մեկնարկել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG