Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններին մասնակցելու որոշում դեռ չունի 


Հայաստանի 17 համայնքում սեպտեմբերի 25-ին համայնքապետի ընտրություններ են, այդ թվում՝ Սիսիանում, Քաջարանում, Չարենցավանում, Ալավերդիում։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գրեթե բոլոր տեղերում թեկնածու առաջադրել է։ Խորհրդարանական ընդդիմությունը դեռ որոշում էլ չունի՝ մասնակցի ընտրություններին, թե ոչ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանն ասաց՝ քննարկումների փուլում են։

Աշոտ Սիմոնյան
Աշոտ Սիմոնյան

«Գնահատում ենք տարբեր համայնքներում ստեղծված իրավիճակը և դրան համապատասխան մոտ ապագայում կունենանք մեր մասնակցության կամ չմասնակցության հետ կապված որոշում», - ասաց Սիմոնյանը։

Իրավիճակը վերլուծելու, ծանրութեթև անելու երկարատև գործընթացը նախորդ ընտրություններով է պայմանավորված, շեշտում է դաշնակցական պատգամավորը։

Դեկտեմբերյան համայնքային ընտրություններից ամիսներ անց դեռ մի քանի համայնքում չէր հանգուցալուծվում պայքարը։ Իշխանությունը հետապնդում է հաղթող ուժերին, ասում է Սիմոնյանը՝ հիշեցնելով՝ Վանաձորում ամենաշատ ձայն հավաքած ուժի թեկնածուն՝ Մամիկոն Ասլանյանն ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո ճաղերի հետևում հայտնվեց։

Մամիկոն Ասլանյան
Մամիկոն Ասլանյան

«Մեր ցանկում ընդգրկված մարդիկ շատ լավ գիտակցում են, հասկանում են, որ էդ ճնշումները լինելու են, իրենց անունը շրջանառվելու է առաջին իսկ վայրկյանից, առաջին րոպեից», - ասաց Սիմոնյանը։

Մինչ ընդդիմությունը կհստակեցնի անելիքները, իշխանությունը ընտրություններից դեռ երեք ամիս առաջ է որոշել թեկնածուների ցանկը։

«Քաղաքացիական պայմանագրի» մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանի կարծիքով՝ ընդդիմության համար իրավիճակը բարդացել է Ընտրական օրենսգրքում վերջին փոփոխությունից հետո, որ դաշինքներն այլևս չեն կոչվի անհատների անուններով։

«Մեր ընդդիմությունը փոքր ինչ խնդիր ունի, քանի որ նրանք միշտ փորձում են իրենց դեմքը թաքցնել, այսինքն, օրինակ, դաշնակցության թեկնածուն հանդես չգա որպես դաշնակցություն, այլ օրինակ ինչ-որ «Պողոս Պողոսյան» դաշինքով հանդես գա, հիմա էդ օրենքը, որ փոխվեց ու չի կարող անձնանունով դաշինք լինել, հիմա, ինձ թվում է, իրենց հատկապես դժվարության մեջ է դրել էդ փաստը», - ասաց իշխանական պատգամավորը։

Վահագն Ալեքսանյան
Վահագն Ալեքսանյան

Ըստ Ալեքսանյանի, այդպիսով հեշտ էր համայնքներում կուսակցական պատկանելությունը, թաքցնել։ Օրինակ, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը թեև «Հայաստան» դաշինքի ցուցակում էր խորհրդարանական ընտրություններում, բայց տեղական ընտրություններում առաջադրվեց իր անվամբ ստեղծված դաշինքով ու բանտից հաղթեց իշխանական թեկնածուին։

Առուշ Առուշանյան
Առուշ Առուշանյան

Առաջիկա ընտրություններին ընդառաջ, հրատապ ռեժիմով, իշխանությունը մեկ այլ օրենսդրական փոփոխություն էլ կատարեց․ եթե խոշորացված համայնքում ավագանին առաջին նիստը 20 օրվա ընթացքում չի կարողանում գումարել, վարչապետը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում։



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG