Մատչելիության հղումներ

Երեք համայնքներում էլ ընտրություններն անցել են հանգիստ, առանց լուրջ խախտումների. «Անկախ դիտորդ»


Հայտնի են Հայաստանի 3 քաղաքներում երեկ անցկացված ընտրությունների արդյունքները: 2 համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը», 1-ում` «Շանթ» դաշինքը, 3 համայնքապետերն էլ վերընտրված թեկնածուներ են։

Կապանում հաղթել է գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ» դաշինքը` ձայների կրկնակի առավելությամբ առաջ անցնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Իսկ Իջևանում ու Ստեփանավանում համայնքապետ կմնան Արթուր Ճաղարյանն ու Արմեն Գրիգորյանը` երկուսն էլ առաջադրված ՔՊ-ի կողմից:

Կապանի կենտրոնում Փարսյանը երեկ գիշերը նշում էր հաղթանակը:

«Շնորհակալ եմ բոլոր մեր աջակիցներին, բոլոր այն կապանցիներին, որ այս ծանր օրերին, այս ծանր ընտրարշավի ժամանակահատվածում մեզ հետ էին, չընկրկեցին, չնահանջեցին», - ասում էր նա:

Պատերազմից հետո Փարսյանը պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն երեկ երեկոյան հաղթանակից հետո տված հարցազրույցում նշել է, որ «հունիսի 20-ին կայացել են խորհրդարանական ընտրություններ, և ժողովուրդն իր որոշումը կայացրել է», ինքն էլ կհամագործակցի կառավարության հետ։

«Իհարկե, գործադիր իշխանության հետ միանշանակ համագործակցելու եմ բոլոր պաշտոնական մակարդակներում, դա անխուսափելի է, ինչի մասին է խոսքը, չէ՞ որ Կապանն էլ համայնք է, պետության մի մաս է, և համագործակցություն պետք է լինի, չէ՞ որ մենք նման խնդիրներ ունենք, նման մարտահրավերներ ունենք, պետք է միասնական ուժերով հաղթահարենք այդ ամեն ինչը:

Ի՞նչ կապ ունի Փաշինյանի հրաժարականը… ես ասացի` հունիսի 20-ին արդեն ժողովուրդն իր ընտրությունը կատարեց», - նշել է Փարսյանը:

Իսկ Իջևանում և Ստեփանավանում հաղթած թեկնածուները նշանակված համայնքապետեր էին և առաջին անգամ էին մասնակցում ՏԻՄ ընտրություններին։ Ստեփանավանի համայնքապետի պաշտոնակտար էր նշանակվել Արմեն Գրիգորյանը նախորդ համայնքապետի՝ Միքայել Ղարաքեշիշյանի մահանալուց հետո, իսկ Իջևանի համայնքապետի պաշտոնակատար էր դարձել Արթուր Ճաղարյանը նախորդ քաղաքապետ Հայկ Ղալումյանի մարզպետ նշանակվելուց հետո։

Տավուշի մարզկենտրոնում ՔՊ-ն ստացել է քվեների մոտ 80,8 տոկոսը, Ստեփանավանում՝ մոտ 78,4 տոկոսը։

Երեկվա ընտրություններին 88 դիտորդով հետևած «Անկախ դիտորդը» հայտնում է, որ 3 համայնքներում էլ ընտրություններն անցել են հանգիստ, առանց լուրջ խախտումների։ Ամենամեծ թվով դիտորդներ տեղակայել էին Կապանում։

«Հաշվի առնելով Սյունիքի մարզի մյուս ընտրությունների, մասնավորապես Տեղի, Տաթևի և Գորիսի ընտրությունները, բավականին շատ ռիսկեր էինք կանխատեսել, մի կանխատեսում, որը իմիջիայլոց, չարդարացավ», - ասաց դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

«Անկախ դիտորդն» ավելի վաղ` Գորիս, Տեղ և Տաթև համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացված ընտրություններից հետո չէր բացառում, որ Կապանում ևս ընտրախախտումներ կարող են լինել, քանի որ նշված 3 համայնքներում բազմաթիվ խնդիրներ էին արձանագրվել՝ ընտրակաշառքի դեպքերից մինչև վարչական ռեսուրսի չարաշահում։

«Ընդ որում, ՔՊ-ն էր Տեղ համայնքում խնդիրների հեղինակը, Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքն էր խնդիրների հեղինակը, և Տեղում հաղթել է ՔՊ-ն, Գորիսում` «Առուշ Առուշանյանը», - նկատեց Դանիել Իոաննիսյանը:

Իսկ երեկ Կապանում, «Անկախ դիտորդի» ներկայացուցչի գնահատմամբ, ընտրության երկու մասնակիցները՝ «Շանթ դաշինքը» և «Քաղաքացիական պայմանագիրը», իրենց դրսևորել են կառուցողական. «Երբ, օրինակ, ինչ-որ կուսակցության մեկից ավելի վստահված անձ է լինում, ընդունում էին, որ չի կարելի, դուրս էին գալիս:

Երբ որ տեղամասի մոտակայքում արձանագրում էինք պաստառ քաղաքական ուժերից որևիցե մեկի, շատ արագ, նույնիսկ կարիք չէր լինում վարչարարության ճանապարհով գնալ, հանձնաժողովի նախագահին էինք ասում, հանձնաժողովի նախագահն ասում էր ուժի վստահված անձին, այդ ուժի վստահված անձն ընդունում էր, գնում էր, իր ձեռքով պաստառը հանում էր: Բավականին նորմալ, առողջ մթնոլորտ էր»:

Ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության չափանիշներին նաև Ստեփանավանում և Իջևանում, կարծում են դիտորդները։

Ստեփանավանում ՔՊ-ի հիմնական մրցակիցը ԲՀԿ-ն էր, որ 2-րդ տեղում հայտնվեց` ստանալով ձայների 13.8 տոկոսը, երրորդ տեղը գրավել է Հայ ազգային կոնգրեսը՝ հավաքելով անցողիկ շեմի համար պահանջվով չորս տոկոսից մի փոքր ավելի ձայն: Իջևանում հաղթած կուսակցության մրցակիցը ՀՅԴ-ն էր, որ ստացավ ձայների 15.8 տոկոսը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG