Մատչելիության հղումներ

Դատախազությունն այս պահին Գորիսի համայնքապետ Առուշանյանի պաշտոնավարման հետ որևէ խնդիր չի տեսնում


Դատախազությունն այս պահին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտոնավարման հետ որևէ խնդիր չի տեսնում, «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 9-ամսյա կալանքից հետո ընդդիմադիր Առուշանյանն օրերս դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

Միևնույն ժամանակ դատավոր Գնել Գասպարյանը որոշեց՝ վերջին ընտրություններում 60 տոկոսից ավելի ձայն ստացած Առուշանյանին 5 տարով զրկել տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Քանի դեռ որոշումը ուժի մեջ չի մտել, Առուշանյանը կարող է պաշտոնավարել, մանրամասնեցին դատախազությունից։

«Այս պահին, այո, խոչընդոտող հանգամանք չկա` նկատի ունենալով, որ այդ դատական ակտը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, դատական ակտը դեռևս չենք ստացել ամբողջության մեջ: Մեզ հետաքրքիր է պատճառաբանական մասը, կծանոթանանք դրան, դատարանի կողմից բերված հիմնավորումներին, պատճառաբանություններին: Դրանից ելնելով կկայացվի համապատասխան որոշում` վերաքննիչ բողոք տանելու կամ չտանելու կապակցությամբ», - նշեց Գոռ Աբրահամյանը:

Առուշանյանին դատարանը մեղավոր ճանաչեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու համար, նրան դատապարտեց 6.5 ամիս ազատազրկման, բայց վճիռը պայմանական չկիրառեց: Դատարանի որոշումը վերքննիչում բողոքարկելու են, «Ազատությանը» տեղեկացրեց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը` մանրամասնելով` այդ ընթացքում քաղաքապետի լիազորությունները ամբողջությամբ ուժի մեջ են:

«Դատավճիռը մեզ ամբողջովին չէ, որ ձեռք է տալիս, այն մնացած մասով, որով մեղադրող թեքում կա, բոլորը բողոքարկվելու են, և հույս ունենք, որ ի վերջո հասնելու ենք արդարության», - ասաց նա:

Ինչպես Գորիսի համայնքապետարանի կայքն է տեղեկացնում, ապրիլ 5-ին գումարվելու է ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստը, որը վարելու է Առուշ Առուշանյանը։ Վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց, բայց փաստաբանը փոխանցեց` Առուշանյանն այսօր էլ գնացել է աշխատանքի ու զբաղվել իր ամենօրյա գործերով։

Եթե անգամ վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողնի Առուշանյանի պաշտոնավարման արգելքի մասին դրույթը, նրա գլխավորած դաշինքը կշարունակի մեծամասնություն ունենալ Գորիսի ավագանիում: Նրանք ստացել են 13 մանդատ, մինչդեռ մյուս երկու` «Քաղաքացիական պայմանագիր» և Հայ ազգային կոնգրես խմբակցությունները միասին ունեն 8 մանդատ։

«Առուշանյան» խմբակցությունից չեն մանրամասնում` նման սցենարի դեպքում որոնք են լինելու իրենց հետագա գործողությունները։ Հայտնի է, որ խմբակցության ավագանու անդամներ Մենուա Հովսեփյանը, Իրինա Յոլյանը ևս անցնում են տարբեր քրեական գործերով։ Մելքոնյանը, ով նաև Մենուա Հովսեփյանի փաստաբանն է, ասում է` դատարանի որոշումը պաշտոնավարման արգելքի մասով ի ցույց է դնում այս քրեական գործի իրական նպատակները:

Գորիսի ընտրություններում Առուշանյանի հիմնական մրցակից, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցը չհստակեցրեց առաջիկա ավագանու նիստին, որն առաջին անգամ վարելու է Առուշանյանը, մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ կամ որևէ կերպ փորձելո՞ւ են պայքարել համայնքի ղեկավարի պաշտոնի համար, եթե վերաքննիչը ուժի մեջ թողնի առաջին ատյանի դատարանի որոշումը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր հրաժարվեց մեկնաբանել դատարանի՝ ընտրված համայնքապետի պաշտոնավարումը արգելող որոշումը` շեշետելով` դա իր իրավասություններից դուրս է. «Ես չեմ ինձ իրավունք վերապահի գնահատականներ ներկայացնել դատական ակտի հիմնավորումներին, առավել ևս որ դրանք ԿԸՀ գործառույցի առարկա չեն հանդիսանում»:

Առուշանյանը, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցել էր նաև Ազգային ժողովի վերջին ընտրություններին, 9-ամսյա կալանքից հետո հայտարարել էր՝ իրեն քաղաքական բանտարկյալ չի համարում, պայքարում է հանուն հայրենիքի՝ առաջին հերթին «ներքին թշնամիների» դեմ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG