Մատչելիության հղումներ

Մամիկոն Ասլանյանի գործը հասավ դատարան


Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյան, արխիվ
Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյան, արխիվ

Կոռուպցիոն մեղադրանքներով արդեն կես տարի բանտում գտնվող Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործը հասել է դատարան։ Նրա երկու նախկին ենթականերին ևս մեղադրանք է առաջադրվել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրությունն է չհեռանալու մասին։

Քրեական գործով Ասլանյանի հանցակից համարվող ճարտարապետ Սուրեն Աբովյանը, որ մինչ օրս պաշտոնավարում է, այսօր չպատասխանեց «Ազատության» զանգերին։ Ավելի վաղ նա «Ազատությանն» ասել էր, որ նախաքննության շրջանակում իրեն հարցաքննել են, բայց հրաժարվել էր մանրամասներ հայտնել։

«Քննչական մարմնի վարույթում է, գնում է քննություն, հետագայում նաև այլ իրավական պրոցեսներ կլինեն՝ հավանաբար դատարան և այլն, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել։ Ինչ փաստաթուղթ էլ որ կազմվում է՝ ստուգվում ու կազմվում է օրենքին համապատասխան: Հիմա եթե ինչ-որ ստուգող մարմիններ գտնում են, որ խնդիր կա, դա արդեն իրավական գործընթաց է սկսվում՝ ստուգելու համար՝ ես կամ այլ պաշտոնյա սխալվե՞լ է, թե՞՝ ոչ», - հայտարարել էր Աբովյանը:

Դատարան գնացած մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ համայնքի գլխավոր ճարտարապետն ու իրավաբանն են կեղծ փաստաթղթեր կազմել ու տվել Ասլանյանին՝ ստորագրելու։ Արդյունքում՝ համայնքի ղեկավարը միանձնյա փոխել է չմասնավորեցվող հողատարածքների ցանկում ներառված մոտ մեկ հեկտար հողատարածքի նշանակությունը, ընդգրկել համայնքի կողմից օտարվող հողերի ցանկում, և այն վաճառքի է հանվել։

Հողակտորները, որ վաճառքի ենթակա չէին, ըստ իրավապահների, դարձել են Մամիկոն Ասլանյանի մտերիմների սեփականությունը։

Քննչական կոմիտեի քննած քրեական գործում նշում կա, որ այդ սեփականաշնորհման ոչ ենթակա հողակտորներից մեկն օտարվել է նախկին համայնքապետի մտերիմի կնոջ մորը, որը, «Ազատության» տվյալներով Ոստիկանության Վանաձորի բաժնի նախկին պետ Արա Կարապետյանի զոքանչն է։ Այս հողատարածքը հարակից է Վանաձորով անցնող Մ6 միջպետական մայրուղուն և մասնավոր գերեզմանատուն է դարձել։

Վանաձորցի իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, թե այս ապօրինի գերեզմանատների հարցով իրենց կազմակերպությունը 2019-ին դիմել է դատախազություն։ Անցած երկու տարիներին մեկ անգամ իրեն կանչել են հարցաքննության։ Բայց այդ բողոքներին ընթացք տվեցին միայն անցած տարեվերջին՝ Վանաձորում համայնքային ընտրություններին զուգահեռ, երբ նախկին համայնքապետը, ով հավակնում էր նորից քաղաքապետ դառնալ, կալանավորվեց։

«Փաստացի անօրինականություն է, ու դրա դեմը չի առնվել: Այստեղ պետք է նաև, իմ կարծիքով, ուսումնասիրվի դատախազության անգործությունը, եթե դատախազությունը պնդում է, որ դա քրեական հետապնդում չէ, որովհետև փաստացի ունենալով երկու տարի այդ գործը` անգործության մատնվել և համայնքապետի ընտրությունից երկու օր առաջ ուղղակի գործը հասցնել դատարան ու կալանավորման այլ բան չի կարող հուշել, քան քաղաքական հետապնդում», - ընդգծել էր իրավապաշտպանը:

Մինչդեռ իրավապահներն Ասլանյանին են մեղադրում, որ նա անգործություն է ցուցաբերել, կողմնակալ վերաբերմունք դրսևորել և համապատասխան միջոցներ չի ձեռնարկել այս տարածքում գերեզմանների կառուցումը կանխարգելելու, հողատարածքը նպատակային նշանակությամբ օգտագործելու և ապօրինի շինարարության հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Ուշագրավ է այն փաստը, որ Մամիկոն Ասլանյանի մեղադրական եզրակացության մեջ նշված է, թե 2020 թվականի հունվարի դրությամբ նախկին ոստիկանապետի զոքանչին պատկանող տարածքում արդեն իսկ 14 գերեզման կա և առանց համապատասխան թույլտվության պարիսպ է կառուցված։ Դրանից հետո ևս մեկ տարվա ընթացքում 15 նոր հուղարկավորություն է կատարվել։ Սրանք Քննչական կոմիտեի տվյալներն են։ Այսինքն՝ իրավապաշտպանի կողմից 2019-ին խնդիրը դատախազություն հասցնելուց հետո իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյայի հովանու տակ գործող գերեզմանատանն ապօրինի հուղարկավորությունները շարունակվել են։

Դատարանից տեղեկություններ չկան կալանավորված Մամիկոն Ասլանյանի ու նրա երկու ենթակաների գործը վարույթ ընդունել-չընդունելու մասին։ Դատական նիստեր դեռ նշանակված չեն։ Նրանք մեղադրվում են կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս։

XS
SM
MD
LG