Մատչելիության հղումներ

Մակրոնը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության կապակցությամբ, Ալիևը՝ պահանջներ ներկայացրել


Ալիև-Մակրոն հանդիպում Փարիզում, 20-ը հուլիսի, 2018թ․

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հաղորդվում է, որ նախորդ օրը նա զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այս մասին Հայաստանի կառավարությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:

Ըստ հաղորդագրության՝ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ՝ նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման կարևորությունը։

Նա հայտնել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու երկու երկրների միջև երկխոսության շարունակմանը։

Ըստ ադրբեջանական կողմի, Ալիևն ասել է, որ «հերթական ռազմական սադրանքն է իրականացվել Հայաստանի կողմից, և այդ սադրանքի արդյունքում, որը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը, ադրբեջանցի զինծառայող է զոհվել»։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը «կանխել են այս սադրանքը, ձեռնարկել են անհրաժեշտ պատասխան միջոցներ», և հայտարարել, որ «Հայաստանն ամբողջությամբ կրում է կատարվածի պատասխանատվությունը»։

Ադրբեջանի նախագահն ասել է, որ «անհրաժեշտ է ապահովել Հայաստանի զինված ուժերի և հայկական անօրինական զորամիավորումների դուրսբերումը երկրի տարածքից, որոնք շարունակում են գտնվել Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում։ Բայց դա դեռ չի ապահովվում Հայաստանի կողմից։ Ինչն իր հերթին պաշտոնական Երևանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթների խախտում է և Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարել»։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ եռակողմ հայտարարության դրույթների համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունից հետո որոշվել է Լաչինի միջանցքին այլընտրանքային նոր ճանապարհի երթուղին, և այդ ճանապարհի կառուցումը Ադրբեջանի կողմից մոտենում է ավարտին: Այդ աշխատանքների ավարտից հետո, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, նախատեսվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերատեղակայում նշված ճանապարհին», - նաև ասել է Ադրբեջանի նախագահը։

Շփման գծում իրավիճակը լարված է օգոստոսի 1-ից։ Հայկական կողմը հաղորդել է երկու զոհի, 19 վիրավորի, ադրբեջանականը՝ մեկ զոհի մասին: Այսօր Պաշտպանության բանակը հաղորդեց, որ գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել, լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է՝ նշելով՝ որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան։

Շփման գծի լարվածության ֆոնին`Ստեփանակերտը օրերս հայտնեց, որ Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Բաքվի պահանջին նախ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձավ՝ հայտարարելով, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։ Բաքվի պահանջը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում համարեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արձագանքելով Հայաստանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս բերելու Ալիևի պահանջին՝ Փաշինյանը երեկ հայտարարեց՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG