Մատչելիության հղումներ

Ըստ ԱԽ քարտուղարի, Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ


Արդեն երրորդ օրն է՝ Արցախի շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել լարվածությունը։ Առավոտյան այս մասին Պաշտպանության բանակից հայտնեցին՝ նշելով, որ Արցախի ղեկավարությունը, Պաշտպանության բանակի հրամանատարությունն ու ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում են քայլերը իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ։

Այսօր Բաքվից հաղորդեցին, թե Արցախի պաշտպանության բանակը օգոստոսի 3-ի առավոտյան ինտենսիվ գնդակոծության է ենթարկել ադրբեջանական բանակի՝ Լաչինի՝ Բերձորի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների դիրքերը, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Հայկական կողմն այս հաղորդագրությանը դեռ չի արձագանքել։

Շփման գծի լարվածության այս ֆոնին երեկ Ստեփանակերտը հայտնեց, որ Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Թե ի՞նչ ժամկետներում ու արդյոք հայկական կողմը համաձայն է ադրբեջանական կողմի պահանջին, չէր հստակեցվել։ Այսօր Արցախի նախագահականից էլ չպարզաբանեցին։ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն «Ազատությանը» հայտնեց, որ ավելի ուշ կմեկնաբանեն։

Այսօր ավելի վաղ Բաքվի պահանջին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն էր անդարդարձել։ Արմեն Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ հարցարզույցում հայտարարել է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։

Հայաստանցի պաշտոնյան վկայակոչելել է 2020-ի Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության 6-րդ կետը, որտեղ սահմանված են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ստեղծման և գործունեության հետ կապված հարցերը։ Արմեն Գրիգորյանը նշել է. «Կողմերի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»:

Գրիգորյանը շեշտել է՝ այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի, թեև, ըստ Հայաստանի անվտանգության քարտուղարի, այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է։

«Համենայնդեպս՝ Հայաստանը որևէ պլանի համաձայնություն չի տվել, հետևաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ», - ասել է ԱԽ քարտուղարը՝ նշելով, որ Հայաստանն արդեն իսկ առաջարկել է եռակողմ ձևաչափով համաձայնեցնել և ստորագրել պլանն ու համաձայնեցված ժամանակացույցով ու ճանապարհային քարտեզով գնալ առաջ:

«Դա այն է, ինչ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ», - ասել է ԱԽ քարտուղարը՝ չհստակեցնելով, թե Հայաստանի առաջարկած ժամանակացույցը ինչ ժամկետներ է ենթադրում։

XS
SM
MD
LG