Մատչելիության հղումներ

Մարտերն Ուկրաինայում շարունակվում են, Կիևը հարվածներ է հասցնում ռազմավարական կամրջին


Ուկրաինա - Անտոնովսկի կամուրջը ուկրաինական ուժերի հարվածներից հետո, Խերսոնի շրջան, հուլիս, 2022թ.

Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածներ են հասցրել օկուպացված Խերսոնի շրջանի Անտոնովսկի կամրջին: Այս մասին հայտնում են ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական աղբյուրները:

Ռուսական կողմը պնդում է, որ կամուրջը դեռ կանգուն է: Միևնույն ժամանակ, օկուպացիոն վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը հայտնել է, որ կամուրջն ամբողջությամբ փակ է երթևեկության համար:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Թվիթերում գրել է. - «Զավթիչները պետք է սովորեն լողալ Դնեպր գետում կամ հեռանան Խերսոնից, քանի դեռ դա հնարավոր է: Երրորդ նախազգուշացում կարող է չլինել»:

Վերջին շաբաթներին ուկրաինական կողմը պատրաստվում է հակագրոհի ռուսների գրաված հարավային շրջաններում: Ռուսաստանն էլ, CNN-ի փոխանցմամբ, լրացուցիչ ուժեր է տեղակայում Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում՝ Կիևի հակահարձակմանը նախապատրաստվելու համար:

Մինչ այդ, մարտերը չեն դադարում: Ռուսական զորքերը ռմբակոծել են Խարկովը, Նիկոպոլը և Կրիվոյ Ռոգը: Կատաղի մարտեր են ընթանում Բախմուտի, Սևերսկի, Սլավյանսկի (Սլովյանսկ), Կրամատորսկի շրջաններում: Ռուսական բանակն աստիճանաբար առաջ է շարժվել Բախմուտից դեպի հյուսիս-արևելք, գրում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները:

Արևմտյան վերլուծաբանները պարբերաբար նշում են, թե ռուսական բանակն ունի լուրջ խնդիրներ, հատկապես՝ զինվորների պակաս: Կորուստների մասին ռուսական կողմը վերջին անգամ հայտարարել էր մարտին: ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Ուկրաինայում ռուսական կողմի զոհերի թիվը հասել է 15 հազարի:

Պաշտոնական Մոսկվան, ի տարբերություն Կիևի, վերջին օրերին հաճախ է խոսում բանակցությունները վերսկսելու մասին: Երեկ, մասնավորապես, արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Մոսկվան պատրաստ է պայմանավորվել Կիևի հետ, սակայն ամերիկացիներն ու բրիտանացիները թույլ չեն տալիս ուկրաինական կողմին ընդունել ռուսական առաջարկը:

Ռուսաստանի նախկին վարչապետ, նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Միխայիլ Կասյանովը կարծում է, թե ստեղծված իրավիճակում Պուտինն ուզում է ամբողջովին գրավել Դոնեցկի մարզը և դադար վերցնել:

«Նրանք, իհարկե, չկարողացան վերցնել Նիկոլաևը, Օդեսան և չհասան Մերձդնեստր: Հիմա ուզում են շտկել այս ամենը՝ ամբողջությամբ վերցնել Դոնեցկի մարզը և շտկել այս իրավիճակը, որպեսզի մի քանի տարի հետո ուժ հավաքելով և վերախմբավորվելով՝ սկսեն նոր ագրեսիա: Սա, իհարկե, պարզ է: Հիմա նրանց պետք է դադարեցնել պատերազմը, ուստի նրանք ցանկանում են բանակցություններով շտկել ներկայիս իրավիճակը», - ասել է ՌԴ նախկին վարչապետը:

Կասյանովն ընդգծում է, որ սրա հետ մեկտեղ՝ Պուտինն, իհարկե, չի համաձայնի դուրս գալ օկուպացված տարածքներից. - «Պուտինն ասում է՝ ոչ, սա օկուպացված տարածք չէ, սա իմ՝ Պուտինի տարածքն է»:

Ռազմական վերլուծաբաններից շատերն են գրում, որ եթե Կիևը շարունակի ծանր սպառազինություն ստանալ Արևմուտքից, մինչև նոյեմբեր Ուկրաինայի ռազմական ներուժը կարող է հավասարվել ռուսական ներուժին: Կասյանովը կարծում է, որ հենց սրանից է վախենում Պուտինը, և պաշտոնական Մոսկվան առաջիկա ամսում կփորձի վերսկսել բանակցությունները՝ երկարատև դադար վերցնելու համար:

Բանակցությունները վերսկսելու վերաբերյալ ուկրաինացիների տրամադրություններում փոփոխություն, մինչդեռ, չկա։ Ռուսական ներխուժումից հինգ ամիս անց էլ ուկրաինացիների գերակշիռ մասն անընդունելի է համարում տարածքային զիջումները Ռուսաստանին հանուն խաղաղության։

Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը հրապարակել է հուլիսյան հարցման արդյունքները։ Ըստ այդմ՝ ուկրաինացիների միայն 10 տոկոսն է համաձայն տարածքային զիջումների՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց, ճնշող մեծամասնության՝ 84 տոկոսի համար նման որոշումն անընդունելի է։ Ընդ որում, այս պատկերն արձանագրվել է ամբողջ երկրով մեկ, և մայիսի համեմատ տրամադրություններն առանձնապես չեն փոխվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG