Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Պուտինն առաջարկում է Ռուսաստանում Bayraktar-ների գործարան ստեղծել»


«Ռուսաստանի նախագահը համագործակցության ուղիներ է որոնում Bayraktar-ների արտադրությամբ զբաղվող Baykar Makina ընկերության հետ», - երեքշաբթի երեկոյան Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

CNN Turk հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Էրդողանի այս հայտարարությունը հնչել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար մարմնի նիստի ընթացքում։

«Պուտինն իմ ներկայությամբ խոսեց այդ մասին՝ առաջարկելով [Bayraktar-ների արտադրությամբ զբաղվող] գործարան ստեղծել Ռուսաստանում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակով», - Թայիփ Էրդողանի խոսքերն է մեջբերում CNN Turk-ը։

Lրատվամիջոցները չեն բացառում, որ Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության հարցը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կարող են քննարկել արդեն հաջորդ շաբաթ՝ օգոստոսի 5-ին։ Այդ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կժամանի Սոչի՝ իր ռուս պաշտոնակցի հետ հանդիպման համար։

Կրեմլում, սակայն, առայժմ չեն մեկնաբանում այս ենթադրությունները՝ ոչ հաստատելով և ոչ ել հեքելով պնդումները, թե Bayraktar-ների համատեղ արտադրության հարցը ընդգրկված է լինելու Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունների օրակարգում։

«Երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է։ Այն փաստը, որ համագործակցությունը նման զգայուն ոլորտում ևս զարգանում է, վկայում է, որ մեր հարաբերությունների ողջ կոմպլեքսը Թուրքիայի հետ բավական բարձր մակարդակի վրա է գտնվում», - այսօր լրագրողների հետ զրույցում նշում էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ուշագրավ է, ի դեպ, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ հուլիսի 18-ին, թուրքական անօդաչուների արտադրությամբ զբաղվող ընկերության՝ Baykar Makina-ի գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը CNN-ի լրագրողի ուղիղ հարցին ի պատասխան բացառել էր Մոսկվայի հետ համագործակցության ցանկացած հնարավորություն։

«Մենք նման բան չենք արել, մենք ռուսներին մեր որևէ արտադրանք չեն մատակարարել։ Մենք երբեք նման բան չենք անի, քանի որ աջակցում ենք Ուկրաինային, աջակցում ենք այդ երկրի ինքնիշխանությանն ու հանուն անկախության ցուցաբերվող դիմադրությանը», - հայտարարում էր անօդաչուներ արտադրող թուրքական ընկերության գլխավոր տնօրենը։

Այդ նույն հարցազրույցում Հալուք Բայրաքթարը նաև նշում էր, որ իր ղեկավարած ընկերությունը առանձնահատուկ հարաբերություններ ունի Կիևի հետ, որոնք Անկարայում մտադիր են խորացնել։

Թուրքիան և Ուկրաինան «Բայրաքթար» ԱԹՍ-ների սպասարկման կենտրոնի կառուցման հուշագիր են ստորագրել, 2021 թ., սեպտեմբեր
Թուրքիան և Ուկրաինան «Բայրաքթար» ԱԹՍ-ների սպասարկման կենտրոնի կառուցման հուշագիր են ստորագրել, 2021 թ., սեպտեմբեր

«Թուրքիան և Ուկրաինան օդատիեզերական և պաշտպանական ոլորտներում հարաբերությունների ռազմավարական մակարդակի վրա են գտնվում։ Դրան մենք կարողացել ենք հասնել տարիների ընթացքում գործադրված ջանքերի շնորհիվ։ Թուրքիան աջակցում է Ուկրաինային անօդաչու սարքերի այս տեխնոլոգիաներով։ Մենք Ուկրաինայից նաև անօդաչուների շարժիչներ ենք ստանում։ Այնպես որ մենք Ուկրաինայի հետ փոխադարձ շահավետության վրա հիմնված հարաբերություններ ենք կառուցել», - պնդում էր Baykar Makina-ի գլխավոր տնօրենը։

Ուկրաինական «Մոտոր-Սիչ» և «Իվչենկո Պրոգրես» ընկերությունները Bayraktar-ներ արտադրող թուրքական ընկերության հետ հարաբերությունները հետևողականորեն սերտացնում էին դեռ ռուս-ուկրաինական պատերազմին նախորդող ողջ շրջանում։ Baykar և «Մոտոր-Սիչ» ընկերությունների միջև համագործակցության հուշագիրն, օրինակ, ստորագրվեց նախորդ տարվա սեպտեմբերի վերջին։ Պատերազմի բռնկումից մոտ երեք շաբաթ առաջ էլ, Թուրքիայի նախագահի Կիև կատարած այցի ընթացքում, երկու երկրների պաշտպանության նախարարները հուշագիր ստորագրեցին թուրքական անօդաչուների՝ Ուկրաինայի տարածքում արտադրության, ինչպես նաև ուկրաինական արտադրության շարժիչների՝ Թուրքիա մատակարարման մասին։

«Bayraktar-ների արտադրությամբ զբաղվող թուրքական ընկերության որոշմամբ, անօդաչուների հաջորդ սերունդը ուկրաինական «Մոտոր Սիչ» ընկերությունում արտադրված շարժիչներ կունենա։ Ըստ էության դրանք արդեն ուկրաինա-թուրքական Bayraktar-ներ կլինեն», - փետրվարի 3-ին հայտարարում էր Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Նշենք, սակայն, որ բաց աղբյուրներից առայժմ հնարավոր չէ որևէ տեղեկատվություն հայթայթել` արդյո՞ք պատերազմական պայմաններում այդ պայմանավորվածությունները հնարավոր է եղել կյանքի կոչել, թե՝ ոչ։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո թուրքական կողմը դադարել է նաև Ուկրաինա մատակարարվող Bayraktar-ների մասին հաղորդումներ հրապարակել՝ դասելով դրանք գաղտնի տեղեկությունների թվին։ Մի շարք աղբյուրների պնդմամբ՝ այս տարվա հունվար ամսին Ուկրաինայի Զինված ուժերի և ուկրաինական նավատորմի տրամադրության տակ թուրքական արտադրության մոտ երկու տասնյակ անօդաչու թռչող սարք կար։ Թե որքան Bayraktar է մնացել ուկրաինական բանակի զինանոցում ռազմական գործողությունների հինգ ամիսներից հետո, չի հաղորդվում։

XS
SM
MD
LG