Մատչելիության հղումներ

Կիևը հայտարարում է կարևոր շաբաթի մեկնարկի ու ռազմի դաշտում շրջադարձի մասին


Սկսվել է կարևոր շաբաթ, երեկ երեկոյան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Կարևոր շաբաթ է սկսվում վաղվանից, խորհրդանշական հուլիսի 28-ին առաջին անգամ կնշենք Ուկրաինայի պետականության օրը։ Տոնելու ենք նման դաժան պատերազմի վեցերորդ ամսին` Դոնբասում ութ տարվա պատերազմից հետո, բայց մենք տոնելու ենք, չնայած ամեն ինչին, որովհետև ուկրաինացիներին հնարավոր չէ կոտրել», - ասել է նա։

Ռուսական լայնածավալ ներխուժումից հինգ ամիս անց ուկրաինական կողմը հայտարարում է Խերսոնի մարզում հակահարձակման և արդեն առաջիկա ամիսներին մարզն ազատագրելու մասին։ Այս մասին Կիևը սկսեց խոսել արևմտյան նոր հեռահար սպառազինություն ստանալուց հետո։ Անցած շաբաթավերջին հակահարձակման մասին հայտարարել էր նախագահ Զելենսկին, ինչից հետո հարավային օպերատիվ հրամանատարությունը հայտնել էր, որ ուկրաինական զորքերը գնդակոծում են Խերսոնի շրջանում ռուսական տրանսպորտային օբյեկտները, մասնավորապես կամուրջները՝ ռուսական տեխնիկայի տեղափոխումը քաղաք թույլ չտալու համար: Բրիտանական հետախուզությունը, ամերիկյան ռազմական փորձագետներն ու ռուսական Moscow calling telegram ալիքը հայտնում են, թե ամերիկյան HIMARS հրթիռային համակարգերի ժամանումը Ուկրաինա փոխել են իրավիճակը ռազմի դաշտում։ Հիմա արդեն, ըստ այդ հաղորդումների, սկսվել է շուրջ հինգ ամիս շարունակվող պատերազմի երրորդ փուլը։

Խերսոնի մարզի ռազմական ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Խլանը ևս պնդում է, թե ռազմաճակատում շրջադարձ է եղել։ Ավելին` ուկրաինական կողմն արդեն հնչեցնում է Խերսոնը ազատագրելու ժամկետը. «Կարելի է ասել, որ մինչև սեպտեմբեր Խերսոնի շրջանն անպայման կազատագրվի, և օկուպանտների բոլոր ծրագրերը կձախողվեն։ Կարելի է ասել, որ ռազմի դաշտում շրջադարձ է եղել` մենք պաշտպանությունից անցնում ենք հակահարձակման»:

Ռուսական կողմը, սակայն, շարունակում է պնդել՝ ռուս- ուկրաինական պատերազմում Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է։ Կողմերի միջև բանակցություններ մարտից չկան, Ռուսաստանի արտգործնախարարը դրանք վերսկսելու մասին հանգստյան օրերին իրարամերժ հայատարություններ է արել։

Շաբաթ օրը Կահիրեում կայացած ասուլիսի ժամանակ, մասնավորապես, Սերգեյ Լավրովը նախ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցել հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ, իսկ ավելի ուշ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ըստ էության, հերքել է իր ասածը՝ հայտարարելով, թե Ռուսաստանը կօգնի ուկրաինացի ժողովրդին ազատվել «հակաժողովրդական և հակապատմական ռեժիմից»։

Լավրովը հավելել է, թե գնդակը Ուկրաինայի դաշտում է. «Ընտրությունը նրանցն է, սակայն նրանք պահանջում են, որ ուկրաինացիները պատերազմեն մինչև վերջնական հաղթանակ, ընդ որում մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ ու ում վերջն է գալու, ինչքան երկար տևի պատերազմը, այնքան շատ մարդ է զոհվելու, այնքան երկար է տևելու ներկայիս իրավիճակը, որն առաջին հերթին վնասում է ուկրաինացիներին և ուկրաինական պետությանը»:

Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, թե ռուսական կողմը ընդլայնում է «հատուկ ռազմական գործողության» աշխարհագրությունը և մտադիր է ամբողջությամբ «ազատագրել ոչ միայն Դոնբասը, այլև Ուկրաինայի այլ տարածքներ ևս»։

XS
SM
MD
LG