Մատչելիության հղումներ

ԳՇ պետը՝ պաշտպանության առաջին փոխնախարար․ խորհրդարանն արտահերթում նաև այս հարցը կքննարկի


Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ պաշտպանության առաջին փոխնախարար. խորհրդարանի արտահերթի օրակարգում նաև Պաշտպանության մասին օրենքում՝ կառավարության առաջարկած հենց այս փոփոխություններ են։

Փաշինյանի կաբինետն ուզում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, որը Սահմանադրությամբ զինվորական ամենաբարձր պաշտոնյան է, դարձնել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բայց նաև որ նա չլինի նախարարին փոխարինող անձը։

Սովորաբար գերատեսչության ղեկավարի բացակայության պայմաններում առաջին տեղակալն է նրան փոխարինում։ Կառավարությունը հիմնավորում է, թե փոփոխությունն անում են բանակի ղեկավարման արդյունավետության բարձրացման նպատակով։

Բայց ի՞նչն են փոխում, եթե ոչ պատերազմական ժամանակ Սահմանադրությամբ Գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:

Խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից Պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ իշխանությունը այս նախագծով քաղաքականացնում է Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

«Զուտ ներքաղաքական խնդիր են լուծում։ Իրենք կարծում են, թե դրանով խորը վերահսկողություն են ապահովելու զինվորականի նկատմամբ՝ կանխելու որևէ փուլում զինվորականների կողմից որևէ քաղաքական հայտարարություն կամ քաղաքական գործողության հնարավորություն՝ օրինակ ունենալով Օնիկ Գասպարյանի ստեղծված վիճակը, բայց իրականության մեջ էդ խնդիրն էլ չեն լուծում, որովհետև ցանկացած պարագայում, Գխավոր շտաբի պետը ենթարկվում էր պաշտպանության նախարարին, դեռ չեմ խոսում իր ենթակայությունը վարչապետին, թիվ մեկ զինվորականին՝ Գլխավոր շտաբի պետին նշանակում են քաղաքական պաշտոնի՝ առաջին տեղակալի պաշտոնին», - ասաց Աբրահամյանը։

Գլխավոր շտաբի պետերը Փաշինյանի իշխանության տարիներին ամենաշատն են փոփոխվել՝ չորս անգամ։ Պատերազմից հետո նախկին պետերից մեկը՝ Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ արվեց, երբ պահանջեց վարչապետի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ դա ռազմական հեղաշրջման փորձ որակեց։

Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» նույն՝ Պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը չի թաքցնում՝ նաև Օնիկ Գասպարյանի նախադեպն աչքի առաջ ունենալով՝ փորձում են կանխել նմանատիպ իրավիճակները։

Արմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյան

«Բացի այս՝ չկարգավորված վիճակը պետք է կարգավորվի․ ոլորտի պատասխանատուն՝ քաղաքական, նախարարն է, իսկ Գլխավոր շտաբի պետին փոխնախարարի ստատուսով օժտելը դա նրան չի թուլացնում, ընդհակառակը՝ լիազորություններն են ավելանում, որովհետև լինելով փոխնախարար՝ նա արդեն որոշակի իրավասություններ ունի նաև նախարարության որոշակի ստորաբաժանումների և կառույցների նկատմամբ, մենք նրա ստատուսը բարձրացնում ենք, իսկ ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանի հայտարարության հետ կապված համեմատությունները, որ անում է ընդդիմությունը, այո՛, Գլխավոր շտաբի պետն իրավունք չուներ նման հայտարարություններ աներ, խախտել է Սահմանադրական նորմերը՝ լինելով զինվորական, և հենց այս բացի պատճառով էլ այդպիսի իրավիճակներ կարող են առաջանալ։ Մինչև խնդիրը չի առաջանում, օրենսդրական բացերն այդքան տեսանելի չեն լինում», - ասաց Խաչատրյանը։

Չնայած քննադատություններին՝ ընդդիմադիր «Հայաստանից» և «Պատիվ ունեմից» ասացին՝ չեն մասնակցի քննարկումներին։

Գլխավոր շտաբի պետի պաշտոնը հետպատերազմական Հայաստանում թափուր է արդեն հինգ ամիս։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասում էր՝ նոր պետ կնշանակվի միայն օրենքի փոփոխությունից հետո։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG