Մատչելիության հղումներ

Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել նախագահի ու իր ելույթի ամբողջ ձայնագրությունը. ԱԽ-ի համար սա զարմանալի է


Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյան, արխիվ
Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյան, արխիվ

Օնիկ Գասպարյանն Անվտանգության խորհրդի գրասենյակից պահանջում է հրապարակել խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստի ավարտին նախագահ Արմեն Սարգսյանի ելույթն ու դրան հաջորդած իր ելույթի ամբողջական ձայնագրությունը։

«Ազատության» հարցերին ի պատասխան այսօր Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետը գրավոր վերահաստատեց՝ ինքը պատերազմի 4-րդ օրն առաջարկել է դադարեցնել պատերազմը, կրկին պնդեց, թե Անվտանգության խորհրդի նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իշխանության համար ցանկալի տարբերակով։

Անվտանգության խորհրդի գրասենյակն այսօր հրապարակել է խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստի ձայնագրության այն հատվածը, որի տեքստային տարբերակն արդեն իսկ հրապարակվել էր։ Ինչպես ապրիլի 15-ին հրապարակված տեքստում, այնպես էլ այդ ձայնագրությունում Գասպարյանը չի խոսում պատերազմի դադարեցման մասին, այլ վստահեցնում է վարչապետին, որ ադրբեջանական կողմը որևէ առաջընթաց չի ունեցել, բանակն իր առջև դրված խնդիրները շարունակելու է կատարել մինչև վերջ։ Նախկին պաշտոնյան հրապարակված ձայնագրության հատվածում նաև Ջաբրայիլի ուղղությամբ հայկական կողմի հաջողություններից է խոսում։

«Պարո՛ն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտական առումով անփոփոխ է, այսինքն՝ որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել։ Ամեն դեպքում զորքերն իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք։ Իրավիճակը էս ա, շարունակում ենք խնդիրը կատարել և շարունակելու ենք կատարել», - ձայնագրությունում զեկուցում է Օնիկ Գասպարյանը։

Անվտանգության խորհրդի գրասենյակից այսօր «Ազատությանը» հայտնեցին, թե ձայնագրությունը հրապարակվել է ի հավելումն ապրիլի 15-ի գաղտնազերծված արձանագրության հրապարակման` անտեղի շահարկումներից զերծ մնալու համար: Արձագանքելով Գասպարյանի պահանջին` գրասենյակից հերքում են, թե այդ նիստում նախագահը եզրափակիչ ելույթ է ունեցել։

«Սեպտեմբերի 30-ի նիստում հանրապետության նախագահը եզրափակիչ ելույթ չի ունեցել։ Մեզ համար անհասկանալի է Օնիկ Գասպարյանի կողմից ԱԽ նիստերի շարունակական խեղաթյուրումները։ Մեզ համար անհասկանալի է նաև սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի իր ելույթն ամբողջությամբ հրապարակելու Օնիկ Գասպարյանի պահանջը, որովհետև այդ ելույթում նա խոսում է Արցախի Պաշտպանության բանակի մի շարք գործողությունների մասին, որոնց հրապարակումը կարող է էական վնաս պատճառել Արցախի և Հայաստանի ազգային շահերին։ ԱԽ գրասենյակի կողմից նյութերի հրապարակումից ակնհայտ է դառնում, որ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում պատերազմը դադարեցնելու առաջարկություն չի արել, և լիազորված ենք ևս մեկ անգամ դա արձանագրել», - հաղորդում են գրասենյակից։

Նախագահականից առայժմ չեն հստակեցնում՝ Արմեն Սարգսյանը եզրափակիչ ելույթ ունեցել է, թե՝ ոչ։ Իսկ Անվտանգության խորհրդից չեն բացառում, որ անհրաժեշտության դեպքում հավելյալ պարզաբանումներ կներկայացնեն այդ ամենի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ Անվտանգության խորհրդի գրասենյակից կրկին պնդում են՝ սեպտեմբերի 30-ի նիստում Օնիկ Գասպարյանի կողմից պատերազմը դադարեցնելու որևէ առաջարկ չի եղել, անգամ միտք, որ կարող էր երկիմաստության պատճառ դառնար. «Նույնիսկ որևէ միտք, որը կարող է երկիմաստության տեղիք տալ պատերազմը դադարեցնելու մասով, չի հնչել: Օնիկ Գասպարյանի զեկույցն ամբողջովին համապատասխանում է հրապարակված նախադասությունների ոգուն»։

Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր Ազգային ժողովի ամբիոնից հերքել, թե սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Գասպարյանն ասել է, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ, պնդել, թե Գասպարյանը հակառակ հայտարարությունն է արել։ Ավելի վաղ դրա մասին նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր խոսել։

Մինչդեռ Գասպարյանի հայտնի հայտարարությունից գրեթե մեկ ամիս անց «Ազատության» հետ հարցազրույցում Փաշինյանը որևէ կերպ չէր հերքել Գասպարյանի ասածը, այլ ասել էր, թե ինչ հետևություններ են արել Գլխավոր շտաբի պետի այդ զեկույցից։

Իշխանություն-Օնիկ Գասպարյան հրապարակային հակասություններն առաջացան այն բանից հետո, երբ այն ժամանակ Գլխավոր շտաբի պետի պաշտոնն զբաղեցրած Գասպարյանն ու շուրջ չորս տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ պահանջեցին վարչապետի հրաժարականը: Դրանից հետո էլ վարչապետ Փաշինյանը նրան ազատելու հրամանագիրը ստորագրեց, որն Օնիկ Գասպարյանը վիճարկում է դատարանում: Գասպարյանը որպես Գլխավոր շտաբի պետ պաշտոնավարել է շուրջ 9 ամիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG