Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հաստատում է՝ զրուցել է Օնիկ Գասպարյանի հետ. «Ասել եմ՝ «մի՛ արատավորիր քո գեներալի պագոնները»


«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդներ Սերժ Սարգսյանը և Արամ Վանեցյանը, հունիս, 2021թ.

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի ընթացքում հաստատել է՝ պատերազմից հետո հեռախոսազրույց է ունեցել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ, ու այդ զրույցից մանրամասներ է հայտնել:

«Կարող եմ հաստատել փաստը, որ, այո, պատերազմից հետո, եթե չեմ սխալվում՝ նոյեմբերի վերջին՝ 20-ի կողմերը, Օնիկ Գասպարյանը ինձ զանգահարել է: Ինքը զանգահարել ա, ինձ ասում ա, որ «ես Սյունիքում եմ, և էստեղ դժվար իրավիճակ ա»: Ես հարցնում եմ՝ «ի՞նչ դժվար իրավիճակ ա», դե, ասում ա, կարծեք թե, բառացի չեմ ասում, բայց մոտավորապես եմ ասում՝ «կարծեք թե մենք պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք»: Ես էլ ասել եմ՝ «մի՛ արատավորիր քո գեներալի պագոնները», - պատմել է Սարգսյանը:

Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի դրդմամբ է ստորագրել կառավարության հրաժարականը պահանջող հայտարարությունը, որը վարչապետը ռազմական հեղաշրջման փորձ էր որակել։

Օրերս Փաշինյանը, կրկին խոսելով Օնիկ Գասպարյանի ու իր հարաբերությունների մասին, ասաց՝ պատերազմից հետո՝ նոյեմբերի 20-ին ԳՇ նախկին պետը հեռախոսազրույց է ունեցել երրորդ նախագահի հետ, որի ընթացքում իր հասցեին ամենավեջին բառերն են ասել ու պայմանավորվել հանդիպել։

«Էդ ընթացքում, իհարկե, կոշտ-կոպիտ խոսքեր եղել են, ես նույնիսկ չեմ հիշում՝ հայհոյել ենք, թե չենք հայհոյել, բա ի՞նչ անեինք՝ գովասանեի՞նք, ասեինք՝ «ապրե՞ք, որ մեր հայրենիքի կեսը հանձնել եք ու 5 հազար զոհ եք տվել», - նշեց նախկին նախագահը:

Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետականի ու Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի 7-րդ օրն անցկացրեց մարզերում ու մայրաքաղաքում, դաշինքի 5-րդ համար Հայկ Մամիջանյանն էլ ասուլիս տվեց՝ հայտարարելով՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ծրագրերն ու գործողությունները հաջողության են հասնում, դաշինքի համակիրների թիվն «անշեղորեն աճում է»։ «Պատիվ ունեմ» դաշինքը ամենահավանական հաղթողներից է այս ընտրական գործընթացի, և դա գիտակցելով՝ իշխանությունները իրենց ամբողջ ռեպրեսիվ ապարատը ուղղել են դեպի մեզ, մեր դեմ», - ասաց նա:

Քաղաքացիների հետ հանդիպումներն ուսումնասիրելով՝ Հայկ Մամիջանյանը փաստում է՝ մարդիկ կարևորում են անվտանգությունը. - «Քաղաքացիները կարևորում են անվտանգային համակարգերի, ես կօգտագործեմ վերականգնումը բառը, բայց փաստացի մեր երկիրը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ նորից կառուցման մասին ենք մենք իրականում խոսելու՝ քանդված անվտանգային համակարգի կառուցման մասին, և կարևորելով այդ խնդրի լուծումը՝ մեր քաղաքացիները առաջին հերթին իրենց քվեն պատրաստ են տալ «Պատիվ ունեմ» դաշինքին, որի վարչապետի թեկնածուն և քաղաքական երկու ուժերից մեկի ղեկավարը՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տարիներ ի վեր ասոցիացվում է անվտանգության և անվտանգային համակարգերի և անվտանգ երկրի կայացման և պահպանման հետ»:

Ամփոփելով նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթը՝ Մամիջանյանը նաև ընդգծեց, որ իշխանության ներկայացուցիչների հետ բանավեճերում կարողացել են ցույց տալ նրանց «բոբիկությունը»: «Եվ նաև սա է եղել դրդապատճառը, որ այս պահի դրությամբ շատ բարդ է ստանալ համաձայնություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուներից, որպեսզի գան բանավեճերի նախընտրական», - հավելեց նա:

Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Վրաստանի միջնորդությամբ երեկ Հայաստան վերադարձան 15 գերիներ, ինչպես հայտնի դարձավ պաշտոնական հաղորդագրություններից՝ Հայաստանն էլ ադրբեջանական կողմին փոխանցել է Աղդամի ականապատման քարտեզները: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, այդուհանդերձ, հայտարարեց՝ քարտեզներ տալով Հայաստանը Ադրբեջանի ընդառաջ քայլին պատասխան քայլ է արել, հավելելով՝ ականապատված տարածքների քարտեզներ ադրբեջանական կողմին փոխանցվել են նաև մինչ այս՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջոցով։

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ 15 գերիները վերադարձան ԱՄՆ միջնորդությամբ՝ փոխպետքարտուղարի տարածաշրջան կատարած այցից հետո: Այս հանգամանքը չի՞ ազդի Ռուսաստանի իմիջի վրա. Մամիջանյանը պատասխանեց՝ գերիների խնդրի քննարկման առաջին իսկ օրվանից իրենք բարձրաձայնել են՝ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները:

«Եվրոպառլամենտից մինչև ՄԱԿ, Ֆրանկոֆոն երկրների կազմակերպություն, ինչ ուզում ա, բոլոր, ամբողջ մեր դիվանագիտական կորպուսը պիտի լծված լինի՝ նամակներով, և միջազգային ճնշումը ավելացնելով, գերիների խնդրի լուծմանը: Ոչ, ես չեմ կարծում, որ Ռուսաստանի դերակատարումը տարածաշրջանում, Ռուսաստանը որպես կարևորագույն աշխարհաքաղաքական խաղացող տարածաշրջանում, և ամենակարևորը՝ որպես Հայաստանի ստրատեգիական գործընկեր, որևէ կերպ կասկածի տակ է դնում իր հանձնառությունները», - հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը:

XS
SM
MD
LG