Մատչելիության հղումներ

«Տարի ութ ամսվա մեջ մեղավոր մարդ չկա՞ էս երկրում». 44-օրյա պատերազմում զոհվածի հարազատ


44-օրյա պատերազմի զոհերի մի խումբ հարազատներ այսօր կրկին Գլխավոր դատախազության շենքի առջև էին հավաքվել՝ պահանջելով պատերազմին առնչվող պետական դավաճանության գործը Քննչական կոմիտեից տեղափոխել Ազգային անվտանգության ծառայություն։

«ԱԱԾ-ի անձերի խնդիրը չի։ Էդ շենքում գրված ա՝ Ազգային անվտանգության ծառայություն։ Բա պիտի մտածեն, որ սա ազգային անվտանգության խնդիրն ա... հինգ հազար տղա են սպանել... դավաճանություն ա։ Տարի ութ ամսվա մեջ մեղավոր մարդ չկա՞ էս երկրում», - ասում էր հարազատներից մեկը։

Գլխավոր դատախազի հետ ավելի քան կես ժամ տևած հանդիպումից հետո ծնողները հայտարարեցին՝ ևս երկու օր կսպասեն, մինչև Արթուր Դավթյանը իրենց հստակ պատասխան տա քրեական գործը ԱԱԾ տեղափոխելու վերաբերյալ. - «Ասինք՝ էրկու ամիս ա մնացել ձեզ, պարոն դատախազ։ Եթե էս չորս տարվա անգործության մեջ ուզում եք մի հատ լուսավոր բան անեք, գոնե էդ էրկու ամսվա մեջ էս ծնողների պահանջը իրականացրեք։ Ասեց՝ դուք կտենաք հետո, ես կանեմ թե չեմ անի»։

Դեռ մեկուկես ամիս առաջ հայտարարվել էր, որ այս գործի շրջանակում որպես վկա կհարցաքննվի նաև վարչապետ Փաշինյանը։ Սակայն մինչև օրս վարչապետը չի հարցաքննվել։ Քննչական կոմիտեն չի մանրամասնում, թե որն է գլխավոր դատախազի ցուցումը այս ընթացքում չկատարելու պատճառը։

Որդեկորույս ծնողների հիմնական պահանջերից է վարչապետ Փաշինյանին պետական դավաճանության մեղադրանք առաջադրելը, ինչը, նրանց կարծիքով, Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն չի կարող անել, բայց ԱԱԾ-ն կարող է։

Ցույցի դուրս եկած ծնողները վարչապետին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջ բարձրացրեցին, երբ այս տարվա ապրիլին վարչապետը Ազգային ժողովում հայտարարել էր, որ պատերազմը հնարավոր կլիներ կանխել Ադրբեջանի պահանջները կատարելու դեպքում, և արդյունքում կլիներ նույն իրավիճակը, սակայն՝ առանց զոհերի։ Այս հայտարարությունից հետո սկսված բողոքի ակցիաների ֆոնին գլխավոր դատախազը ցուցում տվեց որպես վկա հարցաքննել վարչապետին։

«Հույս ունենք, որ էդ կառույցում վերջապես ինչ-որ շարժ կլինի։ Եթե մենք ապրիլ ամսից, էդ հայտարարությունից հետո հելել ենք, ասում ենք ինչ ենք ուզում, մինչև էսօր ոչ մի դրական շարժ չկա, մենք չենք նկատում ոչ մի բան։ Թող կանչեն պատասխան տա, ինչի՞ ա էդ հայտարարությունն արել», - «Ազատությանն» ասաց Սևակ Զաքարյանը։

Մեկ այլ զոհվածի հարազատ՝ Բորիկ Կոտյիկովը հավելեց. - «Որ իրանք իրանց կարծիքով ջուր են ծեծում երկարացնելով էս ամեն ինչը, ես չգիտեմ, կարող ա քաղաքական բնույթ ունի, կարող ա չգիտեմ ինչ ունի, կարող ա մեզ են ուզում հոգնացնեն, կարող ա մեզ են ուզում վերջապես բացատրեն, որ դուք սենց երկրում եք ապրում, որ օրենք, կարգ ու կանոն չկա։ Մի՞թե կարգ ու կանոն չկա... Էդ մարդը հենց ինքը խոստովանում ա՝ եթե հրադադար լիներ, կունենային նույն վիճակը՝ առանց զոհերի»։

Գլխավոր դատախազը ցուցում էր տվել նաև ծնողներին տուժողի իրավահաջորդի կարգավիճակ տալ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ծանոթանալ քննության մանրամասներին։ Այսօր մի մասն ասաց, որ արդեն ստացել են այդ կարգավիճակը։

Որդեկորույս ծնողներից հասարակական գործիչ Կարին Տոնոյանը, սակայն, դեռ չի ճանաչվել ու հարցաքննության էլ չի կանչվել. - «Փաստորեն շարունակվում է նույն ձեռագիրը։ Այսինքն՝ երկրի դատական համակարգը ենթարկվում է, կառավարվում է մի կետից, հասկանալի է, թե ով է կառավարում։ Թեև մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ քանի դեռ իշխանության Նիկոլ Փաշինյանն է, համենայն դեպս մեծ հաջողությունների չենք հասնելու, բայց մենք առաջնորդվում ենք «կաթիլը քար կծակի» սկզբունքով։ Մեր պայքարը պիտի շարունակվի, և նրանք, ովքեր չեն ընկալում մեր պայքարի տրամաբանությունը, ես ասեմ, որ երբ որ դու պարտականություն ունես քո զոհված զավակի հանդեպ և ամբողջ հոգով դու պարտավորված ես գտնելու մեղավորներին, դու այլ բան չես կարող անել, բացի պայքարելուց, թեկուզև այդ պայքարը արդյունք չունենա, կամ շատ քիչ ունենա, կամ անհույս լինի»։

Այսօրվա ակցիան ավարտվեց միջադեպով։ Գլխավոր դատախազության շենքի մոտով անցնող տղամարդկանցից մեկի ու ծնողների միջև քաքշքուկ եղավ, ինչին միջամտեցին ոստիկանները։

XS
SM
MD
LG