Մատչելիության հղումներ

Պատերազմին առնչվող քրգործերով երկու մեղադրյալների պնդմամբ` իրենք հրաման կատարող են, իսկ վերադասները հիմա պատասխանատվություն չեն կրում


Փաստաբան Գոռ Գևորգյանը

44-օրյա պատերազմից հետո Գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործերից մեկի մեղադրյալի փաստաբանն ահազանգում է խախտումների մասին։ Դատախազության վերջին տվյալներով՝ պատերազմին առնչվող ավելի քան 1600 քրեական գործ է քննվում։

Այդ գործերից մեկով մեղադրյալը զորամասերից մեկի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանն է։ Նրա փաստաբան Գոռ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ կալանքի տակ գտնվող ու պատերազմի ժամանակ դրսևորած անգործության համար մեղադրվող պաշտպանյալը մեղքը չի ընդունում։

«Միանշանակ պատասխանատու որպես, ոչ մեղավոր, պատասխանատու անձինք են Ջալալ Հարությունյանը, պատասխանատու անձ է հրետանու պետը, որ այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում գլխավոր վարչության պետն է հրետանու», - ասաց Գևորգյանը:

Քննչական կոմիտեն եզրահանգել է, որ Գևորգյանի անգործության հետևանքով անցած հոկտեմբերին Ֆիզուլիի հատվածում ընթացող մարտերի ժամանակ անհետ կորել է 14 զինվոր, 7-ն էլ զոհվել են։

«Ասում է` եթե դու մնայիր ու կատարեիր քո պարտականությունները, չէին զոհվելու, ասում եմ` ո՞րն է այն պարտականությունները, որ պիտի կատարեր ֆորսմաժորային իրավիճակում, երբ որ կոնկրետ հրաման չի ստացել, ու չգիտեր` ինչ պիտի աներ: Սենց թե նենց էդ մարտկոցներն ամեն մեկն ունի սպայական կազմը, ու ցանկացած հրաման ստանալուց հետո սպայական կազմն է պատասխանատու այդ մարտկոցի կատարվելիք գործողությունների մասով: Եթե անգամ նահանջ հրամանն է, Գևորգ Գևորգյանն անձամբ չէ, որ պիտի գնար, ամեն զինվորի գրկեր, փաթաթվեր կամ տենց ինչ-որ համոզելով բերեր: Հրամանը բոլորի համար է, բոլորը գիտեին հրամանի կատարման եղանակները, իսկ մարտկոցի հրամանատարը, ավագ սպան պիտի էդ հրամանը կատարելուն օժանդակողները լինեին», - նշում է փաստաբանը:

Զինվորականի պաշտպանը պնդում է՝ իր տվյալներով` այս գործով միայն դիվիզիոնի շտաբի պետն է մեղադրվում, այնինչ ինչպե՞ս է ստացվել, որ հրամանները կատարած Գևորգյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, իսկ իրենից բարձր պաշտոն զբաղեցրածները, այդ թվում և մինչև հոկտեմբերի 27-ը Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանն ու մյուսները չեն կրում պատասխանատվություն։

Սա փաստաբանին թույլ է տվել եզրահանգել, որ իրավապահները պարզապես քավության նոխազ են ընտրել իր պաշտպանյալին, որ զոհվածների և անհետ կորածների հարազատները տեղի ունեցածի համար հենց նրան էլ մեղադրեն: Ըստ փաստաբանի` կարճ ժամանակահատվածում զորքը մի քանի հակասական հրամաններ է ստացել, մեկ՝ նահանջելու, մեկ չկրակելու, վերջում էլ լսել են, որ հորդորում են փախչել. «Վերջին հրամանը երբ ստացել է, բառացի նկարագրում է, ասում է` դիվիզիոնի հրամանատարը վազելով, հևալով ասաց` ով ոնց կարա, հելեք էդտեղից»:

Օգոստոսի վերջից կալանքի տակ գտնվող հրետանային դիվիզիոնի շտաբի պետը փաստաբանին պատմել է նաև, որ հրետանու պետը զեկուցել է Պաշտպանության բանակի հրամանատարին, որ տեղեկություն տան՝ արդյո՞ք ադրբեջանական, թե՞ հայկական զինուժի տեղաշարժ են նկատել։ Պատասխանը այն է եղել, թե մերոնք են. «Խնդրում ենք ասեք` ով է, որ մեր հրետանավորներն իմանան իրենց գործողությունները: Քարտեզի վրա կարճ ժամանակ աշխատելուց հետո սենց է որոշման մեջ` Ջալալ Հարությունյանը կապ է տալիս հրետանու պետին ու հայտնում է, որ մերոնք են, ասա` հանկարծ չկրակեն: Այ դրա համար հերթով հրամանը ներքև է իջնում, ու ասում են` մերոնք են, չկրակեք: Էս տղերքն էլ հետ են գալիս, ըստ տեղեկությունների` 250 հոգանոց թշմնամական ջոկատ է եղել, որոնց կեսը` հայկական ֆորմաներով»:

Փաստաբանը նաև վկայակոչեց Հարությունյանի ցուցմունքը. «Ես էդտեղ չունեի ԱԹՍ-ներ, չունեի նաև կամերաներ, ես չէի կարա պատասխան տամ՝ մերոնք են, թե չէ, ես դրա համար ասել եմ՝ կարող ա մերոնք են, կարող ա չէ, զգույշ եղեք՝ մերոնց չկրակեք»։

Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն այժմ զբաղեցնում է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը։ Նա այսօր մեր զանգերին չպատասխանեց։

Մյուս քրեական գործը վերաբերում է հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո այդ ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդ և Հին թաղեր հատվածներից գերեվարված 62 պահեստազորայինների գերեվարմանը։ Մեղադրյալը գումարտակի շտաբի պետ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանն է։ Մեղադրվում է մարտական դիրքը լքելու, հրաման չկատարելու, զենք գործադրելուց հրաժարվելու, զորամասը լքելու համար։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը փոխանցեց՝ այդ շրջանում Ղազարյանը 38 հոգով տեղակայվել է գյուղերի հատվածում, իսկ 62 պահեստազորայինները բարձրադիր հատվածներում, և նրանց միջև հաղորդակցման միջոցներ չեն եղել։ Եվ դեկտեմբերի 13-ին, երբ ադրբեջանական զինուժը հարձակվել է նրանց վրա, Ղազարյանը հնարավորություն չի ունեցել այդ մասին հայտնելու ո՛չ վերադասին, ո՛չ էլ 62 պահեստազորայիններին։ Բանակցել են ադրբեջանցիների հետ, մասնակցել է ոչ միայն իր պաշտպանյալը, այլև բարձրաստիճան զինվորականներ։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը մասնակիցների անունները չի հնչեցնում։ Տապալված բանակցություններից հետո 38 հոգանոց խումբը նահանջել է, իսկ 62 հոգին գերի է ընկել. «Տվել են 20 րոպե ժամանակ, որպեսզի հայկական մեր զորամիավորումը դուրս գա Հին թաղերից և Խծաբերդից, այսինքն` ուլտիմատումային պահանջ է ներկայացվել: Այս բանակցություններին ներկա գտնվող վերադաս հրամանատարը Արսեն Ղազարյանին ասել է, որ հարձակում տեղի չի ունենալու, քանի որ հիմա հրադադար է, հանգիստ մնալ մարտական դիրքերում և շարունակել իրենց հերթապահությունը, որևէ վտանգ չկա, և ինքը հեռացել է այդտեղից: Հեռանալուց հետո` ընդամենը 20 րոպե հետո ադրբեջանական զորամիավորումը սկսել է հարձակումը»։

Քննչական կոմիտեից և գործի վերահսկողությունն իրականացնող Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս քրեական գործերով նախաքննություն է ընթանում, և մանրամասներ այս փուլում չեն կարող փոխանցել։

XS
SM
MD
LG