Մատչելիության հղումներ

Որդուս հետ ես ինձ եմ կորցրել. պատերազմից մեկ տարի անց որդեկորույս ընտանիքում անպատասխան հարցեր կան


Լիլիթ Չաթինյանը, ում երկու որդիները զոհվել են 44-օրյա պատերազմում

Մեկ տարի առաջ մեծ ողբերգություն ապրած վանաձորցի Հաջիկյանների ընտանիքում դեռ փնտրում են տանջող հարցերի պատասխանը: արդյո՞ք պատերազմի 44 օրերին տրված հրամանները տեղին են եղել, նահանջելու հրամանները՝ ժամանակին։ Արդյո՞ք զինված ուժերի պատասխանատուներին հայտնի չի եղել, որ բանակը, ըստ էության, անպատրաստ է պատերազմին։

Պատերազմի 20-րդ օրը Ջաբրայիլում զոհված Էրիկ Հաջիկյանի մորաքույրը՝ Զառա Չատինյանը մեկ տարի անց դեռևս անպատասխան մնացած հարցեր է բարձրացնում. - «Մենք ինչու ազգովի պետք ա յոդ հավաքեինք կամ շպրիցներ, որ բանակ ուղարկեինք։ Ինչո՞ւ մեր մոտ էդ ամենը չկար։ Կամ ադեալներ հավաքեինք, հասցնեինք բանակին։ Ինչո՞ւ մեր բանակը էդ ամենը չունի։ Եթե դու համարում ես, որ բանակդ պատրաստ չի, կոռումպացված ա, ենթադրենք։ Ենթադրենք, չես վստահում քո սպայական կազմին, լոյալնոստ չես զգում, ու հայտարարում ես, որ բանակը թալանված ա, և այլն, և այլն, էդ դեպքում ինչո՞ւ ենք մենք մտնում պատերազմի մեջ, անկեղծ»։

Արդյո՞ք ռազմաճակատում ու թիկունքում դավաճանություն է եղել։ Սա է թերևս միակ հարցը, որի պատասխանը միանշանակ է 20-ամյա Էրիկ Հաջիկյանի կորստի հետ անհաշտ ընտանիքի համար։

Կռվին անպատրաստ պատերազմի մեջ մտնելը, երկիրն անդառնալի կորուստների հասցնելն արդեն դավաճանություն է, ասում է Զառա Չատինյանը. - «Ես չեմ ուզում խորանամ գեոպոլիտիկայի մեջ՝ հասկանամ նախկինները, ներկաները, կապ չունի։ Դա եղել ա թերկառավարվող, դա եղել ա շատ վատ, անտաղանդ ձևով կառավարվող... մենք տվել ենք շատ զոհեր, անտանելի շատ զոհեր։ Դավաճանությո՞ւն ա դա ազգի հանդեպ՝ այո, դավաճանությո՞ւն ա դա կոնկրետ իմ հանդեպ, իմ ընտանիքի հանդեպ՝ այո։ Ես հուսով եմ մի օր մենք կլսենք պատասխանները»։

Լիլիթ Չատինյանի երկու որդիներն էլ պատերազմի օրերին ռազմաճակատի ամենաթեժ կետերում են եղել։ Ամերիկյան համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Էրիկը մեկուկես տարվա զինծառայող էր, եղբայրը՝ Էդիկը, պատերազմից ընդամենը երկու ամիս առաջ ընդունվել էր Ֆրանսիական համալսարան ու զորակոչվել բանակ։

Նույն օրը՝ հոկտեմբերի 16-ին, մի քանի ժամվա տարբերությամբ ստացել են նախ Էդիկի երկու ոտքից վիրավորվելու, ապա Էրիկի զոհվելու մասին լուրերը. - «Էրիկը զանգեց, ասեցինք, որ Էդոն վիրավորվել ա։ Վայ, մամ, ասավ, էդ ինչ լավ բան ա եղել, էդ ինչ լավ բան ա եղել, որ Էդոն վիրավորվել ա։ Վյսո, մամ, Էդոն փրկվեց»։

Սկզբում չեն հասկացել, թե ինչու է կրտսեր եղբոր վիրավորվելու մասին լուրը ուրախությամբ ընդունել Էրիկը։ Բայց ասում են՝ բավական էր դուրս գալ Գորիսի փողոցներ, ու շատ բան պարզ էր դառնում. ամենուր խուճապ էր, իրենց համար դեռևս անհասկանալի անցուդարձ, տագնապալի տրամադրություն, հուսահատ ու հոգնածությունից ոտքերը հազիվ քարշ տվող զինվորներ։ Այն, ինչ չեն զգացել մայրաքաղաքում՝ «հաղթելու ենք», «զորքն առաջ է շարժվում», «հավատացեք միայն պաշտոնական աղբյուրներին» և այլ հուսադրող կոչերի ֆոնին։

«Մեկ էլ «Ուրալ»-ներ են գալիս, ինչ-որ գրուզավիկներ են գալիս, ահավոր արագ, սկոռիները, թե էդ ոնց են գնում-գալիս, էդ մի ուրիշ պատմություն ա... էդ ավտոբուսներից սալդատները իջնում են, ոնց ասեմ ձեզ, մենք առաջին անգամ հասկացանք ըտեղ, որ ամեն ինչ շատ վատ ա, շատ սարսափելի վատ ա։ Զինվորները իջնում էին լրիվ այլայլված։ Էնքան իրանք գերհոգնած էին, էդ զենքերը սենց քարշ տալով հանում էին՝ թոզոտ, կեղտոտ, ընկճված։ Ու մենք ասում էինք՝ այ մարդ, էս ի՞նչ ա կատարվում։ Մեկ էլ կամաց տանկերն սկսեցին գալ։ Կանգնած ձեռքով ենք անում, մենք հլա չգիտենք՝ մեզ ինչ ա սպասվում, որ արդեն դեպքը եղել ա։ Ես գիտեմ՝ Էրիկս հասնում ա արդեն։ Տանկերն եկան, Էրիկս՝ չեկավ։ Ես ու ամուսինս գնացինք կամբատին գտանք էդ զորքի մեջ... ու ասավ՝ Էրիկի տանկը տրաքել ա», - արցունքներն աչքերին պատմում է Լիլիթը։

Մայրը 44 օր շարունակ պաշտոնական աղբյուրներից ստացված լուրերը մոլորեցնող ապատեղեկատվություն է համարում. - «Ու ինչքան էր էդ Արծրունն ասում՝ ամեն ինչ լավ ա, կրում ենք... Մենք բոլորս գիտեինք, որ ամեն ինչ լավ ա՝ էսօր-էգուց վերջանալու ա, Ադրբեջանը կործանվել ա... Բայց իրականում ի՞նչ էր կատարվում»։

Արդեն մեկ տարի անասելի վշտի մեջ ապրող ընտանիքն այսօր փորձում է վերագտնել կյանքը շարունակելու կարողությունը։ Էդիկը տեղափոխվել է Ամերիկյան համալսարան՝ շարունակելու եղբոր կիսատ թողած գործը։

Մասնագիտությամբ տնտեսագետ Զառա Չատինյանն ասում է՝ 44 օր տևած պատերազմի կորուստներն անհաշվելի են երկրի համար։ Մարդկային այն մեծ ներուժը, որ կորցրեց Հայաստանն այս պատերազմի հետևանքով, մենք դեռ երկար ժամանակ վերականգնել չենք կարող, ասում է մորաքույրը, որ քայլ առ քայլ հետևել է Էրիկի ինժեներ-ճարտարագետի կրթությանն ու նրա ունեցած հաջողություններին թե՛ մասնագիտական և թե՛ այլ բնագավառներում։

«Էս կորստի տնտեսական արժեքը... սա միլիարդներ ա, միլիարդներ։ Ու ո՞վ ա կրելու սրա պատասխանատվությունը, էս ազգին հասցված էս վնասը՝ միլիարդներ։ Երևի դաժե միլիարդներից շատ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG