Մատչելիության հղումներ

Իրավապահները ձգձգում են Արմեն Սարգսյանի հայտարարագրման և երկքաղաքացիության հետ կապված գործերը


ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Հայտնի չէ, թե արդյոք քրգործ հարուցվել է, կամ ուսումնասիրվում է նախկին նախագահի կողմից հնարավոր օրինախախտման փաստը

Նախկին նախագահ Արմեն Սարգսյանի՝ շվեյցարական բանկում ունեցած միլիոնները չհայտարարագրելու մասին հետաքննող լրագրողների բացահայտումից կես տարի անց իրավապահները ո՛չ քրեական գործ են հարուցել, ո՛չ էլ տեղեկացնում են, թե արդյոք ուսումնասիրում են նախկին նախագահի կողմից հնարավոր օրինախախտման փաստը։

Անցած փետրվարին հրապարակված հետաքննությունը հենց գլխավոր դատախազն էր ուսումնասիրության համար ուղարկել ԱԱԾ։ Այս տեղեկատվությունից բացի, գլխավոր դատախազությունն այլ մանրամասներ չի հաղորդում։ Եվ պարզ չէ՝ ի՞նչ փուլում է քննությունը, արդյո՞ք նախկին նախագահը կանչվել է հարցաքննության։

«Կարծում եմ, որ մեր տված տեղեկությունները հերիք են, որպեսզի իրավապահ մարմիններն ինչ-որ գործողություններ իրականացնեն», - ասում է լրագրող Սամսոն Մարտիրոսյանը:

«Եթե քրեական գործ հարուցելու կամ ինչ-որ գործողություններ իրականացնելու կարիք կա, ամբողջ ինֆորմացիան տալիս ենք, էլ անելու բան գրեթե չի լինում». լրագրող

Միջազգային գործընկերների հետ իրականացրած հետաքննության ընթացքում լրագրողները պարզել էին, որ Միացյալ Թագավորությունում դեսպան աշխատելու տարիներին Արմեն Սարգսյանի և նրա քրոջ՝ Կարինե Սարգսյանի անվամբ շվեյցարական Credit Suisse բանկում եղել է 10 միլիոնից ավելի շվեյցարական ֆրանկ, որը, սակայն, դեսպան Սարգսյանը չէր հայտարարագրել, իր հոդվածում հրապարակել է լրագրող Սամսոն Մարտիրոսյանը. «Մեր գրեթե բոլոր հետաքննությունները այնպես ենք ներկայացնում, որ եթե քրեական գործ հարուցելու կամ ինչ-որ գործողություններ իրականացնելու կարիք կա, ամբողջ ինֆորմացիան տալիս ենք, էլ անելու բան գրեթե չի լինում: Շատ պինդ հիմքեր են լինում, եթե պինդ հիմքեր չլինեն, չենք հրապարակի»:

Ըստ հետաքննող լրագրողների` Սարգսյանների հաշիվը գործել է 10 տարի սկսած 2006 թվականից, այս ժամանակահատվածը համընկնում է Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան եղած տարիներին։ Անցած հունվարին նախագահի պաշտոնից անսպասելի հրաժարական տված Սարգսյանը հետաքննող լրագրողներին 10 միլիոն ֆրանկը չհայտարարագրելը բացատրել էր այսպես. «Այն ժամանակ հայտարարագրերն էլեկտրոնային չէին և չէին պարտավորեցնում հայտարարագրել կոնկրետ բանկային հաշիվներ, միայն իմ կանխիկ գումարները, որոնք ես ամեն տարի հայտարարագրում էի»:

Նա հավելել էր, որ այդ պատճառով էլ հայտարարագրել է միայն 8 միլիոն եվրո։ Մինչդեռ, Սարգսյանի այս բացատրությանը հակադարձել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի ղեկավարը բացատրել էր՝ առհասարակ դրամական միջոցը, ինչ տեսքով էլ այն պահվեր, հայտարարագրման ենթակա է։

Ինչո՞ւ են իրավապահները ձգձգում ինչպես այս, այնպես էլ նախկին նախագահի երկքաղաքացիությանն առնչվող գործերը։ Եթե դրամական միջոցները չհայտարարագրելու հարցը մնացել է անորոշ, ապա քիչ թե շատ պարզ է նրա՝ երկքաղաքացիության գործի ընթացքը։ Դեռ անցած տարվանից ԱԱԾ-ն քննում է Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինել-չլինելու հարցը, վերջերս էլ սրան միացել է ևս մեկ դրվագ. այս անգամ մինչև նախագահ դառնալը Կարիբյան ծովում գտնվող և օֆշորային պետություն համարվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի լինելու մասին է։ Սա ևս հետաքննող լրագրողների բացահայտումն էր, որը նախկին նախագահը չի հերքել։ Սահմանադրության համաձայն` նախագահը վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է լինի։

Փորձագետը քաղաքական ենթատեքստ է տեսնում

«Չեմ կարող ասել, թե իրական պատճառը որն է, ինչու է այսքան ձգձգվում այս գործերի քննությունը: Հնարավոր է, սա ուղղակի ենթադրություն անելով, միգուցե ինչ-որ քաղաքական պայմանավորվածություն է եղել, բայց քանի որ տեղեկություն չունենք դրա մասին, չենք կարող պնդել, բայց սա հնարավոր սցենարներից մեկն է», - նշում է լրագրող Սամսոն Մարտիրոսյանը:

Քաղաքական ենթատեքստ է տեսնում նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը. «Ամեն դեպքում մենք գործ ունենք նախագահի ինստիտուտի հետ, և իրավական համակարգում պրակտիկան ցույց է տալիս, որ հատկապես առաջին դեմքերի հետ կապված իրավական գործընթացներն ունենում են որոշակի խզվածքներ իրավական բնականոն ճանապարհից: Բնականաբար, նորմալ չի, իրավական պետությունում դա նորմալ համարվել չի կարող, Հայաստանում իրավական պրակտիկան ցույց է տալիս, որ անձի կարգավիճակով պայմանավորված գործընթացների քաղաքականացվածությունը բերում է նաև օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի խախտման, այդ թվում` իրավական գործընթացների քաղաքականացվածության ենթատեքստով»:

Մարտիրոսյանը կարծում է, որ անցած կես տարում իրավապահները բավարար ժամանակ ունեին ոչ միայն ստուգումներ անելու, այլև դիմելու Շվեյցարիայի գործընկերներին, և որ ամենակարևորն է՝ գալ կոնկրետ եզրահանգման՝ նախկին նախագահը հանցագործություն կատարե՞լ է, թե՞ ոչ։

«Բնականաբար, ժամանակահատվածը, որի մասին մենք խոսում ենք, այսինքն` «Հետքի» ուղարկած հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ, բնականաբար, պետք է ժամանակահատվածը բավարարել, որպեսզի իրավապահ մարմինը համապատասխան եզրահանգման գար` առկա ապացուցողական բազա ունեցող փաստական տվյալների հիման վրա», - նկատում է նա:

Պաշտոնից հեռանալուց հետո Արմեն Սարգսյանը մարտին իր հայտարարագիրը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը դեռ ուսումնասիրում է՝ նախկին նախագահը բոլոր եկամուտներն է հայտարարագրել, թե ոչ։

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ ժամանակին Հայաստանի նախկին նախագահի փողերը պահող շվեցարական բանկը տուգանվել է թմրադեղերի մաքսանենգությամբ զբաղվող բուլղարական խմբավորման փողերի լվացումը չկանխելու համար։

XS
SM
MD
LG