Մատչելիության հղումներ

Շվեյցարական խոշորագույն բանկը սպասարկել է կոռուպցիոներ քաղաքական գործիչների, հանցագործների. հետաքննություն


Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը տարբեր երկրներից շուրջ չորս տասնյակ լրագրողների հետ հրապարակել է Swiss Secret հետաքննությունը, որի հիմքում շվեյցարական Credit Suisse բանկի հաճախորդների տվյալներն են։

Լրագրողները պնդում են, որ շվեյցարական խոշորագույն բանկը տարիներ շարունակ սպասարկել է կոռուպցիայում թաթախված քաղաքական գործիչների, նույնիսկ հանցագործների։ Բանկային գաղտնիքի մասին Շվեյցարիայի խիստ օրենսդրության պատճառով այլ երկրների կառավարություններն ու լրագրողները հնարավորություն չեն ունեցել բանկային ոլորտը պատասխանատվության ենթարկել։

«Բայց ամեն ինչ այլևս փոխվել է»,- հավաստիացնում են հետաքննության հեղինակները։

Swiss Secrets-ի տվյալները հայթայթել է գերմանական Süddeutsche Zeitung- ը։

Խոսքն ավելի քան 18 հազար հաշիվների մասին է․ սա շվեյցարական բանկի ամենախոշոր արտահոսքն է։ Թեև դա Credit Suisse-ի ընդհանուր ակտիվների չնչին տոկոսն է, այդուհանդերձ լրագրողները տասնյակ հայտնի, միևնույն ժամանակ կասկածելի եկամուտներ ունեցող անձանց անուններ են գտել, որոնց թվում են Հայաստանի նախագահի պաշտոնից վերջերս հրաժարական տված Արմեն Սարգսյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, իշխանությունը նրան փոխանցած Նուրսուլթան Նազարբաևը, Ալժիրի նախկին առաջնորդ Աբդելազիզ Բուտեֆիլիկը, նախկին կաթոլիկ կարդինալ Ջովաննի Անջելո Բեչչիոն, որը մեղադրվում էր ֆինանսական հանցագործությունների մեջ, մարդկանց թրաֆիկինգի համար դատապարտված ֆիլիպինցի հանցագործ, կոռուպցիայի համար ազատազրկված Siemens կոնցերնի նախկին ղեկավարը և նույնիսկ «Միշա Բանան» մականունով հայտնի սերբ նարկոբարոնը։

Լրագրողների տվյալներով` բանկի հաճախորդների թվում են նաև ընդհանուր առմամբ տարբեր երկրների հատուկ ծառայությունների ավելի քան մեկ տասնյակ բարձր պաշտոնյաներ ու նրանց ընտանիքի անդամներ։

Իլհամ Ալիևի զարմիկների միլիոնավոր դոլարները

Հետաքննող լրագրողներն առանձին հոդվածով պատմում են շվեյցարական բանկի ադրբեջանցի երկու հաճախորդի մասին․ նրանք Ադրբեջանի կազմում Նախիջևանի ինքնավար հանրապետության անփոփոխ ղեկավար Վասիֆ Թալըբովի երիտասարդ որդիներն են։ Շուրջ երեք տասնամյակ Նախիջևանը ղեկավարող պաշտոնյան Հեյդար Ալիևի զարմուհու ամուսինն է:

Լրագրողները նշում են, որ 2007 թվականից 19-ամյա Սեյմուրն ու 25-ամյա Ռզան նախ տասնյակ հազարավոր, ապա մի որոշ ժամանակ անց հարյուր հազարավոր դոլարներ են ստացել։ Թեև երիտասարդ Թալըբովները որևէ առնչություն չունեին առևտրի հետ, այդուհանդերձ նրանց հաշվին գումարները փոխանցվում էին օրինակ` «կտորների», «երկաթի», «երկաթյա դետալների», «էլեկտրական սարքավորումների» համար նշագրմամբ։

2012 թվականին արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ազգակիցները ստացել են 20 միլիոն դոլար։

Լրագրողները, վկայակոչելով բանկային արտահոսքի վերլուծությունը, պնդում են, որ Թալըբով եղբայրներն իրենց միլիոնները ստացել են օֆշորային ընկերություններից։ Հոդվածի հեղինակները պարզել են, որ 2008 թվականին եղբայրներից ավագը՝ Ռզան, իր մոր, զարմիկի և մի քանի գործարարների հետ բանկ է հիմնադրել։ Բացի այդ, նախագահական ընտանիքի հետ սերտ կապեր ունեցող եղբայրները իրենց քրոջ՝ Բախարխանի հետ Դուբայում տասնյակ անշարժ գույք են ձեռք բերել, այդ թվում` առանձնատուն, հյուրանոց և բազմաթիվ բնակարաններ։ Դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է 63 միլիոն դոլար։

«Ընդ որում, Վասիֆ Թալըբովի պաշտոնական աշխատավարձը տարեկան չի գերազանցում 26 հազար դոլարը։ Նրա որդիները չէին կարող ավելի շատ վաստակել, քանի որ Ռզան միգրացիոն ծառայության պաշտոնյա է, իսկ Սեյմուրը՝ պատգամավոր»,- նշում են հետաքննող լրագրողները։

Հայաստանին, Իրանին և Թուրքիային սահմանակից Նախիջևանը Ադրբեջանի թերևս ամենաինքնատիպ շրջաններից է։ Մամուլը հաճախ է անդրադառնում Թալըբովի աղմկահարույց և արտառոց որոշումներին․ օրինակ` նա բոլոր քաղաքացիներին կարգադրել է Հեմինգուեյի ստեղծագործությունները կարդալ, արգելել է պատշգամբներում չորացնելու նպատակով ներքնազգեստ կախել, նրա հրամանով կին պաշտոնյաները իրավունք չունեն նկարազարդված զուգագուլպաներ հագնել։

Երկաթյա բռունցքով կառավարվող այս ինքնավար շրջանը ընդդիմադիրներն անվանում են ադրբեջանական Հյուսիսային Կորեա, իսկ նորվեգական Հելսինկյան կոմիտեն Նախիջևանը համարում է «Ադրբեջանի մութ կղզի»։

Ղազախստանի նախագահի ընտանիքը` բանկի երկարամյա հաճախորդների շարքում

Հետաքննող լրագրողները պարզել են, որ շվեյցարական բանկի երկարամյա հաճախորդներից է Ղազախստանի նախագահի ընտանիքը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախկին կինն ու որդին Credit Suisse-ում հաշիվներ ունեն 90-ականներից։ Առավելագույն գումարն այդ հաշիվներում հասնում էր մոտ մեկ միլիոն դոլարի։ 2012 թվականին շվեյցարական հաշիվները փակելուց հետո Տոկաևները Վիրջինյան կղզիներում երկու օֆշորային ընկերություն են բացել։ Չնայած դրանցից որևէ մեկն իրական գործողություն չէր ծավալում, այդուհանդերձ երկու տարվա ընթացքում ընկերությունների ակտիվը հասել էր 4 միլիոն դոլարի, ևս մեկ միլիոն դոլար էլ՝ որպես ներդրում։

«Այդ տարիներին Տոկաևը մի շարք բարձր պետական պաշտոններ էր զբաղեցնում, այդ թվում` արտգործնախարարի, վարչապետի և Սենատի նախագահի։ Ո՛չ ինքը, ո՛չ էլ նախկին կինը բիզնեսներ չունեին»,- հիշեցնում են հետաքննության հեղինակները։

Շվեյցարիայում գործում է բանկային գաղտնիքի մասին աշխարհի թերևս ամենախիստ օրենսդրությունը։ Բանկային հաշվի մասին տեղեկատվության հրապարակումը քրեորեն պատժելի արարք է, նույնիսկ եթե բացահայտման հեղինակները լրագրողներ են: Հավանաբար դա է պատճառը, որ նախօրեին հրապարակված հետաքննությանը որևէ շվեյցարական լրատվամիջոց չի մասնակցել։

Credit Suisse-ը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ հետաքննությունը թերի է, դրանում տեղ գտած տվյալները կա՛մ ճշգրիտ չեն, կա՛մ էլ հիմնված են ընտրովի տեղեկատվության վրա։ Շվեյցարական դրամատունը պնդում է, որ նշված հաշիվների 90 տոկոսն արդեն փակվել է կամ գտնվում է ընթացքի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG