Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է նախկին նախագահ Արմեն Սարգսյանին վերաբերող «Հետք»-ի նոր հրապարակումը


Միացյալ Թագավորությունում դեսպան աշխատելու տարիներին, ըստ հրապարակման, Արմեն Սարգսյանի և նրա քրոջ՝ Կարինե Սարգսյանի անվամբ շվեյցարական Credit Suisse բանկում եղել է 10 միլիոնից ավելի շվեյցարական ֆրանկ, որը, սակայն, դեսպան Սարգսյանը չի հայտարարագրել։

Գլխավոր դատախազությունը սկսել է ուսումնասիրել, թե արդյոք երեկ Հետաքննող լրագրողների հրապարակած նոր տեղեկատվությունը արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ համապատասխանում է իրականությանը։ Ընդ որում, իրավապահների ուսումնասիրության տիրույթում է նաև նախկին նախագահի երկքաղաքացիության հարցը։

Միջազգային գործընկերների հետ իրականացրած հետաքննության ընթացքում «Հետքը» պարզել է, որ Միացյալ Թագավորությունում դեսպան աշխատելու տարիներին Արմեն Սարգսյանի և նրա քրոջ՝ Կարինե Սարգսյանի անվամբ շվեյցարական Credit Suisse բանկում եղել է 10 միլիոնից ավելի շվեյցարական ֆրանկ, որը, սակայն, դեսպան Սարգսյանը չի հայտարարագրել։

Գոռ Աբրահամյան
Գոռ Աբրահամյան

«Հրապարակումը լույս տեսնելուց հետո անմիջապես մեր տեսադաշտում հայտնվել է և աշխատանքային առաջին իսկ օրվա սկզբում մուտքագրվել է դատախազությունում և դրանով նախաձեռնվել է ուսումնասիրություն՝ նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակում էր կոնկրետություն պարունակող տվյալներ այն մասին, որ նախկին նախագահը բանկային հաշիվներում ունեցել է գումարներ, որոնք չի հայտարարագրել։ Ինչպես գիտեք, չհայտարարագրելը կամ հայտարարագրմամբ սխալ տեղեկություններ, տվյալներ ներառելը քրեական օրենքով արգվելված գործողություն է, հետևաբար այդ իմաստով պարտադիր ուսումնասիրության ենթակա է», - «Ազատությանը» փոխանցեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ըստ հետաքննող լրագրողների, Սարգսյանների հաշիվը գործել է 2006 թվականից՝ բանկի կողմից սպասարկվելով մինչև 2016 թվականը։ Սարգսյանը Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը եղել է 2013-2018 թվականներին։ Անցած ամիս նախագահի պաշտոնից անսպասելի հրաժարական տված Սարգսյանը հետաքննող լրագրողներին 10 միլիոն ֆրանկը չհայտարարագրելը բացատրել էր այսպես. «Այն ժամանակ հայտարարագրերն էլեկտրոնային չէին և չէին պարտավորեցնում հայտարարագրել կոնկրետ բանկային հաշիվներ, միայն իմ կանխիկ գումարները, որոնք ես ամեն տարի հայտարարագրում էի»,
- նշել էր նա՝ հավելելով, որ այդ պատճառով էլ հայտարարագրել է միայն 8 միլիոն եվրո։

Հայկուհի Հարությունյան
Հայկուհի Հարությունյան

Պաշտոնյաների հայտարարագրման ռեեստրը վարող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, որ պաշտոնաթող նախագահ Սարգսյանն իսկապես հայտարարագրել է 8 միլիոն եվրո, բայց ոչ 10 միլիոն ֆրանկ. - «Տասը միլիոն ֆրանկ հայտարարագրված չէ, շվեյցարական ֆրանկ արտարժույթով որևէ դրամական միջոց հայտարարագրված չի»։

Ինչ վերաբերում է Սարգսյանի բացատրությանը, թե այն ժամանակ ոչ կանխիկ միջոցները չէին հայտարագրվում, Հարությունյանը հակադարձում է՝ առհասարակ, դրամական միջոցը, ինչ տեսքով էլ այն պահվեր, հայտարարագրման ենթակա է. - «Բոլոր տեսակի դրամական միջոցներն էր պարտավոր հայտարարագրել։ Ուղղակի առանձնացնելու պարտավորություն չի ունեցել, օրինակ, էդ տասը միլիոնը կանխիկ ա-անկանխիկ ա, ութ միլիոն կանխիկ ա-անկանխիկ ա, որտեղ ա պահվում՝ բանկային հաշվի՞ն ա, թե՞ իրա մոտ»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ուսումնասիրում են 68-ամյա Սարգսյանին առնչվող մեկ այլ լրագրողական հետաքննություն։ Այս մեկն էլ այն մասին էր, որ Սարգսյանը 9 տարի, այդ թվում՝ նախագահ եղած ժամանակ, ֆրանսիական «VH Estate» ընկերությունում տնօրենի պաշտոն է զբաղեցրել և հայտարարագրում չի նշել այդ մասին։ Սահմանադրությունը արգելում է նախագահին զբաղվել նման գործունեությամբ։

Երկքաղաքացիության հարցը

Եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն խախտումներ հայտնաբերի, դրանք կուղարկի գլխավոր դատախազություն, որն էլ, իր հերթին, որոշում կկայացնի՝ նոր քրեական գործ հարուցել, թե այդ փաստերն ուղարկել ԱԱԾ, որն արդեն Արմեն Սարգսյանի երկքաղաքացիությանն առնչվող գործն է քննում։

Եթե 9 ամիս առաջ գործը հարուցվել էր Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինել-չլինելու առիթով, ապա դրան վերջերս միացավ ևս մեկ դրվագ. այս անգամ մինչև նախագահ դառնալը Կարիբյան ծովում գտնվող և օֆշորային պետություն համարվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի լինելու մասին է։ Սա հետաքննող լրագրողների բացահայտումն էր, որը նախկին նախագահը չի հերքել։ Սահմանադրության համաձայն, նախագահը վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է լինի։

«Ծավալը էնպիսին ա գործողությունների, որ էս պահին դեռ թույլ չի տալիս վերջնական եզրահանգում ունենալու։ Դա է պատճառը, որ առայսօր դեռևս քրեական հետապնդման կոնկրետ հարուցման հետ կապված դեռ ասելիք չունենք», - փոխանցեց Գոռ Աբրահամյանը։

Արդյո՞ք 9 ամիսը բավարար չէր պարզելու, թե ի վերջո, Հայաստանը 4 տարի ղեկավարած նախագահը խորհրդարանի կողմից ընտրվելիս արդյո՞ք եղել է նաև այլ երկրի քաղաքացի։ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» հայաստանյան գրասենյակի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը այս ժամկետը լիովին բավարար է համարում. - «Գործնականորեն կարող ենք ենթադրել, որ իրավապահ համակարգը ինչ-որ բանի ա սպասում։ Թե ում ցուցումով՝ չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում սպասում է ինչ-որ հանգամանքների։ Փաշինյանն էն անձն ա, որը տեսել ա էդ փաստաթղթերը, իր պնդմամբ, և հավաստիացել այդ փաստաթղթերի իսկության մեջ։ Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ, այն անձը չի, որ փաստաթուղթ նայելով հավաստիանա։ Ինքը կճշգրտի նաև, կամքի առկայության պարագայում ինքը կփորձեր համադրել այլ տեղեկատվությունների, այլ աղբյուրների հետ։ Ես կարծում եմ, ինքը ամբողջական տեղեկատվություն ամեն դեպքում ունի՝ իրականում համապատասխանո՞ւմ են այդ առաջ քաշված վարկածները իրականությանը, թե չե՞ն համապատասխանում»։

Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության թեման շրջանառվեց 2018-ին Հանրապետական իշխանության կողմից դեռ նրա առաջադրման ժամանակ։ Այս հարցն ըստ էության փակված համարվեց, երբ 2018 թվականի ապրիլի 27 -ին այդ ժամանակ դեռ ժողովրդական ցուցերը առաջնորդող Նիկոլ Փաշինյանը նրա հետ ունեցած հանդիպումից հետո գրառում կատարեց, թե Սարգսյանն իրեն է ներկայացրել փաստաթղթեր այն մասին, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին։

Ի դեպ, հետաքննող լրագրողները կարծում են, որ Սարգսյանը հրաժարական տվեց Սենթ Քիթսի և Նևիսի քաղաքացիության մասին հետաքննության արդյունքում, ինքը՝ Սարգսյանը սակայն, պնդում էր, որ պատճառը նախագահի սահմանափակ լիազորություններն են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG