Մատչելիության հղումներ

Կալանավորվել է Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը


Մոլդովայի դատախազությունն այսօր կալանավորել է նախկին նախագահ Իգոր Դոդոնին՝ Քրեական օրենսգրքի մի շարք, այդ թվում՝ պետական դավաճանության հոդվածներով։

Այսօր առավոտյան Մոլդովայի իրավապահները խուզարկել են Դոդոնի բնակարանն ու և ավելի քան մեկ տասնյակ այլ շինություններ։ Մոլդովայի նախկին նախագահը ձերբակալությունից օրեր առաջ հայտարարել էր, թե իր դեմ արշավ է սկսվել, բայց ինքը երկրից հեռանալ չի պատրաստվում։

«Հիմա ինչ-որ սերիալ կսկսվի, ինձ դատախազություն կտանեն, մի քանի շաբաթ բանտում կպահեն։ Ինձ ինչքան շատ են հետապնդում, ես ավելի եմ ուժեղանում։ Որևէ տեղ չեմ թաքնվելու։ Քաղաքական պատերազմ եք ուզում, խնդրեմ։ Չենք հասցնի փախչել Ռումինիա», - ասել էր Դոդոնը։

Կրեմլի հետ սերտ կապերով հայտնի նախկին նախագահի դեմ Մոլդովայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել անցած շաբաթ, իրավապահները նրան կասկածում են մոլդովացի օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկից կաշառք վերցնելու մեջ՝ որպես ապացույց ներկայացնելով 2019 թվականին նկարահանված գաղտնի տեսանյութը։ Տեսանյութում մեծահարուստ քաղաքական գործիչը փորձում էր այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դոդոնին փաթեթ հանձնել։ Դոդոնը չի վերցնում կապոցը, բայց խնդրում է փոխանցել այն ոմն «Կոստյայի»։ Տեսանյութում Դոդոնն ու Պլախոտնյուկը քննարկում են նաև խորհրդարանում կոալիցիայի ստեղծման հարցը, որը կունենար սահմանադրական մեծամասնություն։

Պլախոտնյուկը համարվում է մոլդովական քաղաքականության «գորշ կարդինալը», նա հետախուզման մեջ է՝ որպես մեղադրյալ ներգրավված է ֆինանսական մեքենայությունների քրեական գործում:

Ռուսաստանամետ Դոդոնը Մոլդովայի նախագահ էր ընտրվել 2016-ին, չորս տարի անց, սակայն, նա պարտվեց արևմտամետ Մայա Սանդուին։ Ընդ որում ընդունեց իր պարտությունն ու հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին։

Այսօր նախկին նախագահը կասկածվում է չորս քրեական հոդվածներով՝ դավաճանություն, պասիվ կոռուպցիա, հանցավոր կազմակերպության կողմից կուսակցության ֆինանսավորում և ապօրինի հարստացում։

Թեև աղմկահարույց տեսանյութը հրապարակվել էր երկու տարի առաջ՝ այն ժամանակ, երբ Դոդոնը դեռ նախագահ էր, սակայն, նրա դեմ քրեական գործ չէր հարուցվել․ նախկին գլխավոր դատախազը պնդել էր, թե ապացույցներ չկան։ Այժմ երկրի նոր իշխանությունները խոստանում են նոր թափ հաղորդել քննությանը։

Կրեմլն արձագանքել է արևմտամետ կառավարության այս որոշմանը․ նախագահ Պուտինի խոսնակն այսօր հայտարարել է, թե վերջին զարագացումները Մոլդովայի ներքին գործն են։ Դմիտրի Պեսկովը միաժամանակ ընդգծել է՝ Մոսկվան մտահոգված է, որ հետապնդման են ենթարկվում անձինք, որոնք կողմ են Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամական, փոխշահավետ հարաբերություններին։

XS
SM
MD
LG