Մատչելիության հղումներ

Երկիշխանությունը Մոլդովայում շարունակվում է


Մոլդովա - Դեմոկրատական կուսակցության աջակիցները նստացույց են անցկացնում կառավարության շենքի դիմաց, Քիշնև, 10-ը հունիսի, 2019թ․

«Դասական երկիշխանություն»` այսպես են բնութագրում Մոլդովայում վերջին օրերին ստեղծված կացությունը տեղական և միջազգային լրատվամիջոցները: Այդ երկիշխանության թերևս ամենավառ դրսևորումը դարձան երեկ Քիշնևում հրավիրված երկու զուգահեռաբար գործող կառավարությունների նիստերը:

Արևմուտքի և Ռուսաստանի կողմից ճանաչված կոալիցիոն կառավարության նիստը վարում էր խորհրդարանի կողմից վարչապետ նշանակված՝ արևմտամետ ACUM դաշինքի առաջնորդ Մայա Սանդուն:

«Միջազգային ասպարեզում Մոլդովայի Հանրապետությունն այսօր մեկուսացված է: Պետության կառավարման հիմնական գործիքներն են դարձել ահաբեկումը, կոռուպցիան և աղքատությունը: Առանց Վլադիմիր Պլախոտնյուկի հեռացման և պետական հաստատությունների զտման Մոլդովան չի կարող շարունակել մերձեցումը Եվրամիության կառույցների հետ», - հայտարարում էր Սանդուն՝ դիմելով կոալիցիոն կառավարության անդամներին:

Նշենք, սակայն, որ ամենահարուստ օլիգարխ և 101-տեղանոց խորհրդարանում 30 մանդատ ունեցող Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկը, որի մասին խոսում էր Մայա Սանդուն, նահանջելու որևէ մտադրություն չունի: Թեև միջազգային հանրությունը` Մոսկվայից ու Բրյուսելից մինչև Վաշինգտոն ու ՆԱՏՕ, իր միանշանակ աջակցությունն է հայտնել Սանդուի կառավարությանը, Պլախոտնյուկի աջակցությունը վայելող նախարարները` Պավել Ֆիլիպի գլխավորությամբ, երկուշաբթի երեկոյան իրենց կառավարության նիստը անցկացրեցին:

Պլախոտնյուկն ու իր աջակիցները այսօր փորձում են քաղաքական ընդդիմախոսների հետ խոսել ուժի դիրքերից:

Դեմոկրատները այսօր վերահսկում են պետական գերատեսչությունների մեծ մասը, դրանց շենքերի դիմաց ամրակազմ երիտասարդների` ենթադրաբար մարզիկների խմբեր են կանգնած: Պլախոտնյուկին իրենց հավատարմությունն են հայտնել նաև մոլդովական ոստիկանության ղեկավարությունն ու դատական համակարգի մեծ մասը:

«Պլախոտնյուկը չի ցանկանում ընդունել իր պարտությունը և դիմադրելու է մինչև վերջ: Հուսով եմ՝ բոլորն են հասկանում, որ դա իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարն է: Ամեն դեպքում, Արևմուտքի պետությունները, մյուսները, ճանաչում են նորաստեղծ կառավարության լեգիտիմությունը, ուստի կարծում եմ, որ առաջիկայում Պլախոտնյուկի դեմ ներքին և արտաքին ճնշումը սաստկանալու է», - Քիշնևում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարում էր Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

Պլախոտնյուկի նման համառ դիմադրության պատճառները մի քանիսն են: Բացի քաղաքական ազդեցության կորստի մտավախություններից, Վլադիմիր Պլախոտնյուկը վախենում է, որ իշխանափոխության դեպքում երկրի դատախազությունը կարող է վերսկսել 2014 թվականին մոլդովական բանկերից ավելի քան մեկ միլիարդ դոլարի անհետացման գործի քննությունը: Արևմտյան որոշ անկախ վերլուծաբաների համոզմամբ՝ մոլդովական երեք բանկերից գումարների` օֆշորային գոտիներ դուրսբերմանը անմիջական առնչություն կարող են ունենալ նաև Պլախոտնյուկի վերահսկողության տակ գտնվող ֆինանսական կառույցները:

Բացի այդ, Պլախոտնյուկը նորաստեղծ կառավարության դեմ պայքարելով փորձում է կանխել Ընտրական օրենսգրքի հնարավոր փոփոխությունը և մեծամասնական ընտրակարգի վերացումը: Փետրվարին կայացած ընտրություններում նրա կուսակցությունը մանդատների մեծ մասը հենց մեծամասնական ընտրակարգով էր ստացել:

Փակուղային այս իրավիճակում օլիգարխի կուսակցությունը կոչ է անում երկրում գործող երկու կառավարությունների միջև երկխոսություն սկսել:

«Մենք կոչ ենք անում և հրավիրում ենք խորհրդարանական ուժերին երկխոսություն սկսել` ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու նպատակով: Հարկավոր է առանց զգացմունքայնության նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ տեխնիկական և իրավական խնդիրների վերաբերյալ բանավեճ ծավալելով», - հայտարարում էր Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Անդրիան Կանդուն:

Միջազգային հանրությունը, այդուհանդերձ, Վլադիմիր Պլախոտնյուկին և նրա կողմնակիցներին միայն մեկ պահանջ ունի` ճանաչել նորաստեղծ խորհրդարանական մեծամասնության և Մայա Սանդուի կառավարության օրինականությունը: «Ժողովրդավարական ճանապարհով ընտրված նորաստեղծ մեծամասնությունը կարևոր որոշումներ է ընդունել` այդ թվում նոր կառավարություն է ձևավորել», - նշված է ԵՄ ազդեցիկ մի շարք պետությունների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Լեհաստանի համատեղ հայտարարության մեջ:

Մոսկվան ևս ողջունում է նոր կառավարության ձևավորումը: Հունիսի 10-ին նման հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը: Մոլդովայի հետ առևտրատնտեսական հարաբերություների գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրի Կոզակն էլ «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նշում էր՝ Մայա Սանդուի կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի խորհրդարանական նոր ընտրությունների կազմակերպումը:

«Առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ էր ժամանակավոր կոալիցիայի ստեղծումը, որը փոփոխությունների կենթարկի Ընտրական օրենսգիրքը, ի վիճակի կլինի ապահովել երկրի ընթացիկ կենսագործունեությունը և ազնիվ ու թափանցիկ ընտրությունների կազմակերպումը», - ասում է Կոզակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG