Մատչելիության հղումներ

Մոլդովայի նախագահին կասկածում են կաշառք ստանալու մեջ


Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, արխիվ
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, արխիվ

Արդեն մոտ ապագայում մոլդովական ընդդիմությունը կարող է նախաձեռնել երկրի նախագահ Իգոր Դոդոնի պաշտոնազրկման գործընթացը: Այս մասին մոլդովացի ընդդիմադիրները հայտարարեցին նախօրեին` մի տեսագրության հրապարակումից հետո, որում հստակորեն երևում է, թե ինչպես են երկրի ամենահայտնի օլիգարխներից մեկը` այժմ հետախուզման մեջ գտնվող, 2015-2019 թվականների երկրի ստվերային ղեկավար Վլադիմիր Պլախոտնյուկը և նրա աջ ձեռքը համարվող գործարար Սերգեյ Յարալովը սև գույնի պոլիեթիլենային մի տոպրակ փորձում փոխանցել Մոլդովայի նախագահին:

Ընդդիմադիր պատգամավոր Յուրի Ռենիցեն, որը խորհրդարանի շենքում կայացած ասուլիսի ժամանակ հրապարակեց այս տեսագրությունը, երեկ պնդում էր` այդ տոպրակում առնվազն 600 հազար եվրո էր:

«Ես այդ դրվագի մասին վաղուց էի լսել, սակայն օրերս իմ ընտրողներից մեկը ինձ փոխանցեց փաստական ապացույցը` այս տեսագրությունը: Իմ տեղեկություններով` այդ տոպրակում 600-ից 800 հազար եվրո կանխիկ գումար կար»,- պնդում էր պատգամավորը` չբացառելով, որ այս գործողությունները վկայում են Իգոր Դոդոնի կողմից Սահմանադրության դրույթների խախտման մասին և կարող են նրա իմփիչմենթի հիմք հանդիսանալ:

Հրապարակված կադրերում, ի դեպ, երևում է նաև, որ Իգոր Դոդոնն իրեն առաջարկված գումարը չի վերցնում` խնդրելով օլիգարխներին տոպրակը փոխանցել իր մերձավոր զինակիցներից մեկին` իշխող Սոցիալիստական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարին:

Այս տեսագրությանը հավելյալ սկանդալային բնույթ է հաղորդում այն հանգամանքը, որ այն արվել է 2019-ի ամռանը, երբ Մոլդովայի նախագահը սուր կոնֆլիկտի մեջ էր գտնվում կառավարման լծակների մեծ մասն իր ձեռքում կենտրոնացրած, սակայն, որևէ պետական պաշտոն չզբաղեցնող Վլադիմիր Պլախոտնյուկի և նրա հովանավորությունը վայելող Դեմոկրատական կուսակցության հետ:

Պատասխանելով հարցին, թե արդյոք տարօրինակ չէ, որ քաղաքական հակամարտության թեժ պահին ինքը հանդիպում էր իր թիվ մեկ հակառակորդի հետ, Դոդոնը հայտարարում էր, թե այդ քայլով ցանկանում էր հաշտության պատրանք ստեղծել և ժամանակ շահել:

«Ես ցանկանում էի Պլախոտնյուկի մոտ տպավորություն ստեղծել, թե մենք համագործակցում ենք և ժամանակ ձգել մինչ այն պահը, երբ կկարողանամ բացահայտ կերպով գործել: Ես չգիտեմ, թե ինչ էր այդ տոպրակում: Այդ ամենը տեսագրելու նպատակով արված բեմադրություն էր»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մոլդովայի նախագահը:

Ուշագրավ է, ի դեպ, որ սկանդալային այս տեսագրությունը հրապարակվեց Մոլդովայի գլխավոր դատախազի ճեպազրույցից բառացիորեն հաշված ժամեր անց: Դրա ընթացքում դատախազության ղեկավարը հայտարարեց Վլադիմիր Պլախոտնյուկի դեմ մի շարք ծանր հոդվածներով պաշտոնական մեղադրանք առաջադրելու մասին: Մոլդովայի դատախազությունը պնդում է, որ հենց Պլախոտնյուկն էր, որ 2014 թվականին կազմակերպել էր երկրի խոշորագույն երեք բանկերի սնանկացումը` դրանց հաճախորդների հաշվեհամարներին գտնվող մեկ միլիարդ դոլարը փոխանցելով օֆշորային գոտիներ:

«Մոլդովայի գլխավոր դատախազությունը պատրաստ է ապացուցել, որ մեկ միլարդ դոլարի գողության գլխավոր շահառուն Վլադիմիր Պլախոտնյուկն էր: Նման ապացույցներ առկա են»,- հայտարարում էր Մոլդովայի գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն` ընդգծելով, որ արդարադատությունից թաքնվող օլիգարխին կասկածում են ոչ միայն ֆինանսական մեքենայությունների, այլև կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու մեջ:

Տեղական մամուլի պնդմամբ` Պլախոտնյուկն այժմ գտնվում է Միացյալ Նահանգներում: Նախագահ Դոդոնը, սակայն, վստահ է, որ պաշտոնական Քիշնևին կհաջողվի հասնել Պլախոտնյոկի արտահանձնմանը, իսկ օլիգարխի ապագա ճակատագիրը նա նկարագրում է խորհրդային ֆիլմից հայտնի մեջբերմամբ. «Գողը պետք է բանտում լինի, և նա անպայման նստելու է»:

XS
SM
MD
LG