Մատչելիության հղումներ

Մոլդովայի ռուսամետ նախագահի լիազորությունները հերթական անգամ ժամանակավոր դադարեցված են


Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոն, արխիվ

Մոլդովան նորից հայտնվել է ներքաղաքական ճգնաժամի մեջ, որի պատճառը կրկին նախագահ Իգոր Դոդոնն է:

Արևմտամետ խորհրդարան և կառավարություն ունեցող երկրի ռուսամետ նախագահը հերթական անգամ հրաժարվել է վարչապետ Պավել Ֆիլիպի առաջարկած թեկնածուներին նշանակել առողջապահության, գյուղատնտեսության նախարարների պաշտոններում:

Դոդոնի նախագահական լիազորությունների դադարեցման մասին Սահմանադրական դատարանի որոշումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել խորհրդարանի խոսնակին` որպես նախագահի պարտականությունները կատարողի, հավանություն տալ վարչապետի առաջարկած թեկնածուներին։ Նախագահի խոսնակ Մաքսիմ Լեբեդինսկին երկրի բարձրագույն դատարանին մեղադրել է «քաղաքական պայքարում գործիք դառնալու մեջ»։

Մոլդովայի օրենսդրության համաձայն, նախագահը կարող է մերժել վարչապետի առաջարկած նախարարների թեկնածուներին միայն մեկ անգամ: 2016 թվականին նախագահ ընտրված Դոդոնը, ով մի շարք սկզբունքային հարցերում խորը տարաձայնություններ ունի կառավարության ղեկավարի հետ, մշտապես օգտվել է վետոյի իր այդ իրավունքից, ինչին, սակայն, հաջորդել է Սահմանադրական դատարանի որոշումը նրան ժամանակավորապես պաշտոնանկ անելու մասին:

Դոդոնը նախագահական լիազորություններից ժամանակավորապես զրկվեց արդեն չորրորդ անգամ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վաղեմի երկրպագու Իգոր Դոդոնը բազմիցս է դեմ արտահայտվել Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի անդամ Մոլդովայի արևմտյան հեռանկարին, չնայած այն հանգամանքին, որ Բրյուսելը տարիներ շարունակ հարյուր միլիոնավոր դոլարների ֆինանսական օգնություն է հատկացրել այդ երկրին:

Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից զատ, որը հարուցել էր Մոսկվայի զայրույթը, Դոդոնի ջանքերով այս տարի Քիշնևը դարձել է նաև Ռուսաստանի գլխավորած տնտեսական դաշինքի դիտորդ երկիր:

Նախկին Խորհրդային Միության անդամ Մոլդովան, որն ունի շուրջ 3.5 միլիոն բնակչություն, համարվում է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը: Համաշխարհային բանկի տվյալներով՝ այդ երկրի բնակչության 41 տոկոսն ապրում է օրական 5 դոլարով։ Մոլդովայի տնտեսական ճգնաժամն է՛լ ավելի խորացավ, երբ 2015 թվականին պարզվեց, որ երկրից դուրս է բերվել շուրջ 1 միլիարդ դոլար, որը մինչ օրս չի վերադարձվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG