Մատչելիության հղումներ

«Եթե Հայաստանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ չենք ճանաչի Հայաստանինը». Ալիև


«Եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր չստորագրի և չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ պաշտոնապես կհրաժարվենք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևը այսօր Շուշիում աշխարհասփյուռ ադրբեջանցիների համաժողովի ժամանակ ասել է, որ սա Հայաստանի վերջին հնարավորությունն է:

«Հայաստանում երբեմն գլուխ բարձրացնող ռևանշիստական ուժերը պետք է իմանան, որ սա Հայաստանի համար միակ ելքն է և գուցե վերջին հնարավորությունը: Հաշվի առնելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները, հայկական կողմը պետք է լավ գիտակցի, թե ինչի կհանգեցնի այդ քայլը», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևը պնդել է՝ չնայած պատերազմը վերջացել է, Հայաստանի տարածքային պահանջները դեռ չեն ավարտվել. «Վստահ եմ, որ այդ պահանջներն էլ կավարտվեն և հետպատերազմյան շրջանի ու հետագայի մեր ջանքերի շնորհիվ մենք կչեզոքացնենք Հայաստանի և աշխարհի հայության տարածքային պահանջները Ադրբեջանին: Բայց այսօր այդ պահանջները դեռ կան, և մենք պետք է դրան պատրաստ լինենք»:

Խոսելով Երևանին փոխանցված խաղաղության պայմանագրի մասին՝ Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանը ընդունել է իրենց 5 կետանոց առաջարկը՝ այսպիսով պաշտոնապես հայտնելով, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանին որևէ տարածքային պահանջ չունի և հետագայում էլ չի ունենա:

«Մենք մտադիր ենք բանակցել այս 5 սկզբունքների հիման վրա: Ներկայումս արտաքին գործերի նախարարները, երկու երկրների նախարարությունները աշխատանքային խմբեր են ձևավորում և կարծում եմ, որ մոտ ապագայում պետք է կոնկրետ բանակցություններ սկսել և կարիք չկա դրանք երկարաձգելու: Քանի որ հենց այդ 5 կետի հիման վրա է ստորագրվելու խաղաղության պայմանագիրը: Այդ պատճառով պայմանագրի տեքստը շուտով կարող է նախապատրաստվել, ստորագրվել և այսպիսով Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող են կապեր հաստատվել, այդ թվում՝ դիվանագիտական», - ընդգծել է Ալիևը:

Պաշտոնական Երևանը իսկապես ընդունելի է համարել Բաքվի հինգ սկզբունքները, բայց նաև հայտարարել, որ Ադրբեջանի հինգ առաջարկները լրացրել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցով։ Ալիևը այս մասին ոչինչ չի ասել, փոխարենը ընդգծել է, թե խաղաղության պայմանագիր առաջարկելով Ադրբեջանը կրկին ի ցույց դրեց իր բարյացակամությունն ու հեռատեսությունը:

Ադրբեջանի նախագահը նաև վերստին ղարաբաղյան կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբից է խոսել՝ պնդելով, որ այդ կառույցը 2019-ից փաստացի կաթվածահար վիճակում է:

«Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները դեռ Մինսկի խմբի մասին են խոսում: Կարծում եմ, որ սա անիմաստ է: 1992-ին հակամարտության կարգավորման համար մանդատ ստացած այս խումբը փաստացիորեն ոչ մի արդյունքի չհասավ», - նշել է Իլհամ Ալիևը:

Ավելին՝ Ադրբեջանի ղեկավարը մեղադրել է եռանախագահությանը՝ ասելով, թե Մինսկի խմբի պատմությունը, գործունեությունը ու ներկայացրած առաջարկները վկայում են, որ այն ստեղծվել էր ոչ թե հակամարտության լուծման, այլ օկուպացիան հարատև դարձնելու համար։ Հիշեցրել է, որ Մինսկի խմբին ինքը թոշակի էր ուղարկել և խորհուրդ տվել զբաղվել հիմնադրման 30-ամյակի հոբելյանական միջոցառմամբ. «Բայց ռուս-ուկրաինական պատերազմի սկսելուց հետո նույնիսկ հոբելյան էլ չանցկացրին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG