Մատչելիության հղումներ

Մոսկվան հայտարարում է, թե Բրյուսելն ուզում է Ռուսաստանից խլել հայ-ադրբեջանական հաշտեցման միջնորդությունը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բրյուսելյան հանդիպումից առաջ, 6-ը ապրիլի, 2022թ․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բրյուսելյան հանդիպումից առաջ, 6-ը ապրիլի, 2022թ․

Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, թե Փարիզը և Վաշինգտոնը հրաժարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբից, իսկ Բրյուսելը ուզում է Ռուսաստանից խլել միջնորդությունը հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում։

Երեկ երեկոյան Ռուսաստանի արտգործնախարարությունն արդեն ավանդական դարձած անանուն լրատվամիջոցի հարցին պատասխանելու ձևաչափով հայտարարություն է տարածել, որում նշված է՝ «Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խումբը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում օգտագործելու մասին ազդանշաններ Միացյալ Նահագներից և Ֆրանսիայից չի ստացել»։

Ռուսաստանն արդեն որերորդ անգամ հայտարարում է, թե ուկրաինական պատերազմի պատճառով Վաշինգտոնն ու Փարիզը հրաժարվում են համագործակցել Մոսկվայի հետ Մինսկի խմբի շրջանակներում, և որ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցվել է կամ, ինչպես երեկվա հայտարարության մեջ է ասված, կաթվածահար է եղել։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու Վաշինգտոնի և Բրյուսելի դիվանագիտական ակտիվությունը նկատելիորեն աճել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Փարիզը, հրաժարվելով համագործակցել մեզ հետ, փաստացի կաթվածահար արեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների երբեմնի լավ համակարգված աշխատանքը», - ասված է Ռուսաստանի արտաքին գերատեսչության հայտարարությունում։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ապրիլի 6-ի եռակողմ բանակցություններից, դրանց հետևած հայտարարություններից հետո, Մոսկվան Բրյուսելին մեղադրում է «ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանագրերի թեման ամենաբարձր մակարդակով յուրացնելու անամոթ փորձերի մեջ»։

Ընդգծելով, թե Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանն ունի բարեկամական և դաշնակցային հարաբերություններ՝ Մոսկվա շեշտում է՝ «ունի վճռականություն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը նպաստելու համար»։ Թե ինչ վճռականության մասին է խոսքը, Ռուսաստանի արտգործնախարարությունը չի մանրամասնում։

Ռուսական կողմն այս հայտարարությունը տարածել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի հաջորդ օրը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG