Մատչելիության հղումներ

Ռուսական բանակը պատերազմի 2-րդ փուլում նախատեսում է լիակատար վերահսկողություն հաստատել Դոնբասի և հարավի վրա. ռուս զինվորական


Ռուսական բանակն Ուկրաինայում «հատուկ գործողության» երկրորդ փուլում նախատեսում է լիակատար վերահսկողություն հաստատել Դոնբասի և Ուկրաինայի հարավի վրա և ցամաքային միջանցք բացել դեպի Ղրիմ, ասել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի պաշտոնակատար Ռուստամ Միննեկաևը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հատուկ գործողության երկրորդ փուլի մեկնարկից ի վեր, որը սկսվել է ընդամենը երկու օր առաջ, ռուսական բանակի խնդիրներից մեկը Դոնբասի և հարավային Ուկրաինայի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելն է։ Դա ցամաքային միջանցք կապահովի Ղրիմի հետ», - նշել է նա:

Բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ ռուսական բանակի վերահսկողությունն Ուկրաինայի հարավի վրա հնարավորություն կտա մուտք գործել Մերձդնեստր. «Ուկրաինայի հարավի նկատմամբ վերահսկողությունը ևս մեկ ելք է դեպի Մերձդնեստր»:

Պատերազմը սկսելիս Ռուսաստանի իշխանությունները հայտարարում էին, որ «հատուկ օպերացիայի» նպատակը Ուկրաինայի դեմիլիտարիզացիան է, այսինք՝ չեզոքացնել Ուկրաինայի ռազմական ուժերն ու բանակի ողջ ենթակառուցվածքը։ Երկրորդ նպատակն էլ խորհրդավոր ապանացիստականացումն էր, որը դե ֆակտո Մոսկվայի պատկերացմամբ` նշանակում էր իշխանափոխություն Ուկրաինայում։ Վերջին շրջանում Ռուսաստանի իշխանությունները, սակայն, գլոբալ նպատակներից գրեթե չեն խոսում, դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա բառերն էլ քիչ են օգտագործում։ Նրանք ավելի համեստ նպատակների մասին են հայտարարում։ Մեծամասամբ խոսում են Դոնբասի, այսինքն` Լուգանսկի և Դոնեցկի մարզերի տարածքների վրա վերահսկողություն հաստատելու մասին:

Միննեկաևը, սակայն, այսօր շեշտել է, թե արդեն սկսված երկրորդ փուլի նպատակներից է նաև Ուկրաինայի հարավում վերահսկողություն հաստատելը, ինչը թույլ կտա ցամաքային կապ հաստատել Ղրիմի և Մերձդնեստրի հետ: Արդյոք սա նշանակում է, թե Մերձդնեստրը գրավելը նույնպես ռուսական բանակի առջև դրված խնդիրներից է:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Ուկրաինայի հարավում ռուսական բանակի նպատակների մասին հրաժարվել է խոսել, նշել է միայն, թե Կրեմլը չի մեկնաբանում «հատուկ գործողության» վերաբերյալ հարցերը, այդ թվում՝ Ուկրաինայի հարավում գտնվող թիրախների հետ կապված թեման։

Ամեն ինչ կախված կլինի, թե ինչ հաջողություն կունենա ռուսական բանակը Դոնբասում, ասում են ռազմական վերլուծաբանները

Ռազմական հարցերով փորձագետ Իգոր Գրեցկին, օրինակ, համարում է, որ Ռուսաստանը հույսը դնում է Դոնբասում ուկրաինական զինված ուժերի խոշոր խմբավորումը մոտ ապագայում շրջապատելու հաջող փորձի վրա։

Պուտինի կոշտ ընդդիմախոս, Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ մարդ Միխայիլ Խոդորկովսկին համարում է, թե ռազմավարական առումով Պուտինը արդեն պարտվել է, քանի որ հարձակումը սկսելիս նա հայտարարել է, թե ցանկանում է Կիևում իշխանություն փոխել։ Այս տեսանկյունից, բնականաբար, պնդում է նախկին օլիգարխը, այսօր Պուտինը պարտված է։ Սակայն պարզ չէ, թե որքան լրացուցիչ ուժ Ռուսաստանի նախագահը պատրաստ է օգտագործել Խոդորկովսկու խոսքով` «իր ապուշ նպատակին» հասնելու համար։

Ի դեպ, պատերազմի մեկնարկից գրեթե երկու ամիս անց իշխանությունները Ռուսաստանում մոբոլիզացիա չեն հայտարարել։ Ընդդիմախոսների կարծիքով` սա լավագույնս խոսում է այն մասին, որ ռուսաստանյան հասարակության աջակցությունը Ուկրաինայի դեմ պատերազմին այնքան մեծ չէ, ինչպես ուզում է ներկայացնել Կրեմլը:

Խոդորկովսկին BBC-ի HARDtalk ծրագրին տված հարցազրույցում ընդգծում է, որ ռուսական կողմը իր ռեսուրսները չի սպառել, և իշխանությունները չնայած բոլոր անհաջողություններին չեն ընդունում, որ կարող են պարտվել այս պատերազմում։

«Այսօր Պուտինը հավատում է, թե ինքը հաղթում է, և որ ի վիճակի է հաղթահարել ակնհայտ խնդիրները, որ ի հայտ են եկել ռուսական բանակում և ընդհանրապես Ուկրաինային տիրանալու իր սկզբնական հայեցակարգում: Արդյո՞ք նա իսկապես պատրաստ է գնալ մինչև վերջ, ես վստահ չեմ: Ես հավատում եմ, որ եթե նա հիմա պարտություն կրի Դոնբասի համար մղվող ճակատամարտում, ապա ստիպված կլինի նահանջել»։

Ռազմական հարցերով փորձագետն էլ հավելում է, թե հաղթանակի դեպքում Մոսկվան Դոնբասով չի բավարարվի. «Կարծում եմ` փորձ կլինի հռչակել «Խերսոնի ժողովրդական հանրապետությունը»։ Սա այն գաղափարն է, որով ռուսական զինված ուժերը Ղրիմից մտան Ուկրաինայի տարածք՝ նրանք փորձեցին կյանքի կոչել այդ պլանը պատերազմի առաջին օրերից՝ փետրվարի վերջին։ Բայց չկարողացան գտնել բավականաչափ մարդկանց Խերսոնը վերահսկելու համար, և այս ծրագիրը հանվեց: Եվ հիմա, ըստ ամենայնի, նրանք վերադառնում են այս պլանին և կփորձեն այն իրականացնել մինչև մայիսի 9-ը»:

Մինչդեռ արևտյան լրագրողների հիմնական հարցը մնում է առանց պատասխանի: Փորձագետներից և ոչ մեկը չի կարողանում ասել, թե արդյոք Պուտինը իր թիմը պատրաստ են դիմել նաև ծայրահեղ քայլերի, օրինակ` միջուկային հարված հասցնել Ուկրաինային, եթե ձախողվի «հատուկ օպերացիայի» նաև այս` երկրորդ փուլը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG