Մատչելիության հղումներ

Երևանը պետք է հստակ ձևակերպի, թե ոնց է պատկերացնում վաղվա Ղարաբաղը․ Զուրաբյան


Քանի որ չկա ղարաբաղյան որևէ կարգավիճակ, որը կբավարարի և՛ ադրբեջանցիներին, և՛ հայերին, Արցախի կարգավիճակի հարցը պետք է առկախել մինչև երկու ժողովուրդների միջև վերականգնվի վստահության մթոնոլորտը, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Հարցին, թե ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայնի առկախել այդ հարցը, որ հիմա նույնիսկ միջազգային հանրությունից է պահանջում անգամ Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը չօգտագործել, Զուրաբյանը պատասխանեց․ - «Իրենք [Հայաստանի իշխանությունները] ստեղծում են այդ անելանելի վիճակն՝ իրենց պասիվ քաղաքականությամբ, պասիվ պաշտպանական միջոցառումներով, հետո ասում են՝ «դե այլընտրանք չկար այս քաղաքականությանը»։ Է, հա, ինչքան դուք վատացնեք իրավիճակը, էնքան այլընտրանքների հնարավորությունները նեղացնում եք»։

Ընդգծելով, որ Ադրբեջանը շատ հստակ է պատկերացումներում՝ ՀԱԿ փոխնախագաը նկատեց՝ եթե Հայաստանը չի ներկայացնում իր պատկերացումը, դա նշանակում է, որ սա միակողմանի խաղ է։

«Այսինքն՝ այս ամբողջ դիվանագիտական բանակցություններն, այսպես կոչված, վերածվում են մի պրոցեսի, որտեղ Ադրբեջանը ներկայացնում է իր պահանջները, իսկ Հայաստանն այդ բոլոր պահանջներն ընդունում է։ Հենց որ մի պահանջ չի ընդունում, մի հատ գլխին տալիս են, էդ էլ է ընդունում։ Այսինքն՝ եթե սա է դիվանագիտական գործընթացը, որով մեզ տանում է Նիկոլ Փաշինյանը, ես կարծում եմ, որ սա մեզ ոչ մի լավ տեղ չի տանի, սա սողացող կապիտուլյացիայի գործընթաց է», - ասաց Զուրաբյանը։

Ուլտիմատումներով խոսելն էլ, ՀԱԿ փոխնախագահը սխալ է համարում՝ շեշտելով՝ նման բան իրենք երբեք չենք առաջարկում՝ դիվանագիտության մեջ դա ուղղակի սխալ համարելով։ Հակառակը, ըստ ՀԱԿ փոխնախագահի, պետք էր գնալ, բանակցել, բայց սեփական տեսլականով․ - «Գնաս ու ասես՝ «Ադրբեջան, ուզո՞ւմ ես էս 5 բանը, մենք էլ ենք ուզում խաղաղություն, դուք էլ եք ուզում խաղաղություն, օկ, մեր ելակետը սա է, ուրեմն եկեք՝ ստեղ կա մի չլուծված խնդիր՝ էս մարդկանց իրավունքների խնդիրը, սա լուծվող հարց չի հիմա»։

Զուրաբյանի համոզմամբ, Երևանը պետք է հստակ ձևակերպի թե ոնց է պատկերացնում վաղվա Ղարաբաղը։

«Թող ձևակերպեն, օրինակ, Հայաստանը ոնց է պատկերացնում։ Օրինակ ասո՞ւմ է, որ մեր վերապահումը հետևյալն է, որ «էդ պրոբլեմը հիմա հնարավոր չէ լուծել, եկեք ոնց որ առաջին փուլի պայմանագիր լինի և լինի նաև մի հատ երկարաժամկետ գործընթաց, որով կլուծվի երկրորդ փուլը», ասո՞ւմ են, չեն ասում։ Ասո՞ւմ են՝ «մենք համարում ենք, որ դա պետք է լինի գոնե շատ բարձրագույն ավտոնոմիա, որ ասենք Ադրբեջանի օրենքները կգործեն, չգիտեմ, Արցախի տարածքում միայն, եթե Արցախի պառլամենտը դրանք հաստատում է, կամ նրանք կունենան իրենց հատուկ զորամիավորումները», ասո՞ւմ են, ոչ մի առաջարկ չի ասվում՝ Հայաստանը ոնց է պատկերացնում վաղվա Ղարաբաղը», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Թե՛ հրապարակային, թե՛ դիվանագիտական ճանապահով Հայաստանն արձագանքել է Ադրբեջանի 5 կետանոց առաջարկին։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ այդ առաջարկներում Երևանի համար անընդունելի ոչինչ չկա, միևնույն ժամանակ շեշտելով՝ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը։ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փոխանցած իր պատասխանով լրացրել է օրակարգը և այդ հենքի վրա պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG