Մատչելիության հղումներ

Փաշինյան - Ալիև բրյուսելյան հանդիպումն ամբողջությամբ Հայաստանի և Ադրբեջանի  հարաբերությունների մասին էր. Դավիթ Բաբայան


Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը

Փաշինյան - Ալիև բրյուսելյան հանդիպումն ամբողջությամբ Հայաստանի և Ադրբեջանի  հարաբերությունների մասին էր։ Ստեփանակերտում այսպես են հասկացել ու բացատրում չորս ժամից ավելի տևած հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղը որևէ կերպ չհիշատակելու հանգամանքը։

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն վերահաստատում է, որ Ստեփանակերտի կարմիր գծերը շարունակում են մնալ նույնը՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. - «Պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ միշտ էլ ասել է, որ երկխոսությունը ավելի գերադասելի է պատերազմին։ Բնական է, որ մենք ունենք մեր տեսակետը, դա այն է, որ մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Դա մեզ համար անընդունելի է, անընդունելի եղել է, անընդունելի կմնա ընդմիշտ։ Իսկ այս հանդիպումը, ինչպես մենք տեսանք, հիմնականում և միգուցե լիովին վերաբերում էր Հայաստանի Հանրապետություն - Ադրբեջանի Հանրապետություն հարաբերություններին»։

«Բրյուսելում քննարկման ենթակա հարցերը Հայաստան - Ադրբեջան հարաբերություններին են վերաբերել», - այսօր ավելի վաղ Ազգային ժողովում նույն շեշտադրումն էր արել նաև իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Վլադիմիր Վարդանյանը։

Հայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Հայաստանի իշխանությունների առաջ քաշած այս թեզը աղետաբեր է որակում. - «Ցավալի է, որ իրենք մինչև հիմա չեն հասկացել, թե ինչ աղետաբեր կարող է լինել ղարաբաղյան հակամարտության, Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների, և էդ թվում դեմարկացիայի, դելիմիտացիայի այսպես կոչված խաղաղության համաձայնագրի սեպարատ ընկալումը։ Չարաբեր, աղետ տանող ճանապարհ է։ Յուրաքանչյուր հնչեղ միջազգային փաստաթուղթ, որի տակ ստորագրում է Հայաստանը, անհրաժեշտ է, որպեսզի պարունակի Արցախի ինքնորոշման, երեք հիմնարար սկզբունքների վերաբերյալ արձանագրումներ»։

Ինչո՞ւ եռակողմ հանդիպմանը հաջորդած Եվրոպական խորհրդի ղեկավարի հայտարարությունում որևէ կերպ չի հիշատակվում Արցախն ու Արցախի կարգավիճակի հարցը, որով Երևանը լրացրել էր Բաքվի առաջարկները։ Ինչո՞ւ ոչ մի հղում չկա ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը Ղարաբաղի կարգավորման մանդատն ունեցող միակ միջազգային ձևաչափն է, և վերջապես ինչո՞ւ չեն դատապարտվում Արցախում ադրբեջանական վերջին ոտնձգությունները։

Վլադիմիր Վարդանյան
Վլադիմիր Վարդանյան

Այս հարցերին իշխող խմբակցության պատգմավոր Վլադիմիր Վարդանյանն կարճ է արձագանքում. - «Միշտ չէ, որ դիվանագիտության մեջ դուք փորձեք պատասխանները տեքստերում գտնել։ Փորձեք նաև տողերի արանքում գրվածը հաշվի առնել։ Բանակցությունները մեկ կարևոր գրավական ունեն հաջող պսակվելու։ Այդ գրավականներից մեկը ճկունությունն է և այնպիսի իրավիճակի չստեղծումը, որը կարող է խոչընդոտի գործընթացները»։

Խորհրդարանական ընդդիմությունը վստահ է, որ բանակցային գործընթացի այսպիսի մեկնարկը, ինչպես արձանագրել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը, համապատասխանում է Բաքվի շահերին։

Նկատում են՝ եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարությունում Արցախի հարցի փոխարեն համաձայնություններ են ձեռք բերվել խաղաղության պայմանագրի նախապատրաստման և մինչև ապրիլի վերջ երկկողմ սահմանային հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ, ինչը վտանգավոր է համարում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Ասում է՝ ինչպե՞ս կարելի է նման գործընթաց սկսել, երբ Ադրբեջանի զինված ուժերը դեռ Հայաստանի սուվերեն տարածքում են. - «Այս իշխանությունները չե՞ն նկատում, որ մի օր առաջ միայն մենք հերթական անգամ զոհեր ենք ունեցել։ Էդ պայմաններում ո՞ւր ես գնում դեմարկացիա-դելիմիտացիա անում»։

Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան

Վարդևանյանը մեկ բացատրություն ունի, թե ինչու Արցախի հետ կապված ոչ մի հիշատակում չորս ժամից ավելի ձգված հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ չկար. - «Չի խոսվում նրա մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունը էթնիկ զտման քաղաքականություն է Արցախում։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը դա չի պաշտպանել։ Որովհետև եթե դա լիներ սկզբունքային, եթե լիներ այնպիսի մի դրույթ, պահանջը, որը պնդեր Հայաստանի Հանրապետությունը, չէր կարող դա լիներ»։

Իշխանական խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը այս մեղադրանքերի հետ համաձայն չէ. հակադարձում է՝ իրենք միշտ ու տարբեր ամբիոններում խոսել և խոսելու են Արցախի խնդրի մասին. - «Բազում հայտարարություններում ըստ էության ընդգծվել է Արցախի ժողովրդի իրավունքների հետ կապված հարցերը, և ընդգծվել է, որ սա հարց է, որը պետք է կարգավորվի՝ ելնելով նրանից, որ մենք ունենք, էդ ժողովուրդը ունի որոշակի իրավունքներ, և էդ իրավունքները պետք է իրագործվեն»։

Հայկ Մամիջանյանը հակադարձում է. - «Երկու տարբերակ։ Կա'մ իրենք ստում են ու իրենք դրա մասին չեն խոսում։ Կա'մ իրենք խոսում են, բայց բանի տեղ դնող չկա։ Երկուսն էլ Հայաստանի համար հավասարապես աղետաբեր են»։

Փաշինյան - Ալիև հանդիպման նախօրեին Երևանում հանրահավաք անցկացրած խորհրդարանական ընդդիմությունը, որի գլխավոր մտահությունը հենց Բրյուսելում Արցախի հարցով վտանգավոր համաձայնությունների ձեռք բերումն էր, իր հետագա գործողությունները դեռ չի հստակեցնում։

XS
SM
MD
LG