Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Ալիևը այսօր կհանդիպեն Բրյուսելում


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, Բրյուսել, 15-ը դեկտեմբերի, 2021թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բրյուսելում է։ Կառավարությունից տեղեկացնում են՝ նախ սպասվում է առանձնազրույց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը։

Դեռ նախորդ շաբաթ Փաշինյանը հայտարարել էր՝ Ալիևի հետ պատրաստվում է քննարկել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների մեկնարկին վերաբերող հարցեր՝ շեշտելով՝ Հայաստանը պատրաստ է դրանց անհապաղ մեկնարկին:

Վարչապետը հայտարարել էր նաև՝ խաղաղության բանակցություններին Հայաստանը պատրաստ է՝ լրացրած առաջարկների հիմքի վրա՝ վերահաստատելով Հայաստանի համար Բաքվի ներկայացրած 5 կետանոց առաջարկում անընդունելի ոչինչ չկա։ Երևանը Բաքվի հինգ կետերը լրացրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկման օրակարգով:

Առանձնացնելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ Փաշինյանն ընդգծել էր. - «Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը»:

Երևանից հնչող այս հայտարարությունները Ադրբեջանի նախագահը «լավ նորություն» էր որակել, ընդգծելով՝ Բաքուն արդեն կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը։

Բրյուսելում նախատեսված հանդիպումից առաջ Ալիևը պնդել է՝ հիմա Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու ժամանակն է։

Քաղաքագետը չի բացառում, որ այսօր փաստաթուղթ ստորագրվի

Բենիամին Պողոսյան
Բենիամին Պողոսյան

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը չի բացառում, որ այսօրվա եռակողմ հանդիպմանն այնուամենայնիվ կստորագրվի փաստաթուղթ, որը ոչ թե համաձայանագիր կամ պայմանագիր կլինի, այլ հայտարարություն։

«Չեմ բացառում, որ հիմնականում շեշտը դրված կլինի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վրա, մոտավորապես ի զարգացումն նրա, ինչ եղավ 2021-ի դեկտեմբերի 14-ի հայտարարության մեջ և նաև չեմ բացառում, որ հայտարարության մեջ կլինի որոշակի ակնարկ, որ կողմերը, ամեն դեպքում, պատրաստվում են սկսել խաղաղության բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ կամ նույնիսկ կլինեն որոշակի ակնարկներ այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձայն են», - ասաց Պողոսյանը։

Քաղաքագետը հույս հայտնեց, որ հանդիպումից հետո միջազգային հանրության մոտ այնպիսի ընկալում չի առաջանա, թե Հայաստանը պատրաստ է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։

«Ես հուսով եմ, որ ստորագրվելիք հայտարարությունը չի կարող որևէ կերպ մեկնաբանվել այն իմաստով, որ, այո՛, տեսեք Հայաստանը պատրաստ է Արցախը որևէ կարգավիճակով՝ մշակութային ինքնավարության, կամ այլ ինքնավարության, ճանաչել որպես Ադրբեջանի մաս, որովհետև, եթե նման բան լինի, այսինքն՝ եթե նույնիսկ ստորագրվի հայտարարություն, որը կարող է մեկնաբանվել այդպես, նույնիսկ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը զրո ցանկություն ունի դա անելու, բայց տեքստը կարող է մեկնաբանվել նաև այդպես, դա ծայրահեղ բացասական հետևանքներ կունենա արցախահայության համար», - ասաց քաղաքագետը։

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները վերջին անգամ բանակցել էին մոտ երկու ամիս առաջ՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ։ Հանդիպումն անցել էր հեռավար ձևաչափով. ըստ պաշտոնական հաղորդագրությունների` կողմերը շարունակել էին դեկտեմբերին Բրյուսելում սկսված երկխոսությունը հաղորդակցության ուղիների և հումանիտար համագործակցության շուրջ։ Այդ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը վերադարձրել էր ևս 8 հայ գերիների։

Ավելի ուշ Հայաստանի վարչապետը խորհրդարանում հայտարարել էր, թե ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերականգնման մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG